Ուղղություններ Տեսնելիք և անելիք

Ուղտասար․Դեպի քաղաքակրթության սկիզբ

on
21.02.2019

Ուղտասարը յուրահատուկ բացօթյա թանգարան է։ Վայր, որի միջոցով բացահայտվում է հին հայերի սովորույթները, կենցաղն ու կյանքը։ Միշտ հետաքրքրել է, թե այնտեղ գտնվող ժայռապատկերները իրականում ինչ տեսք ունեն։

Երազանք, որը մի քանի ժամից իրականություն պետք է դառնար։ Հյուրանոցը որտեղ պատրաստվում էի գիշերել, կոչվում էր Բասեն, Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի) Էրզրումի նահանգի մի մարզի անունով։ Հյուրանոցի սեփականատերերի նախնիները 1915 թվականին այդ նահանգից տեղափոխվել են Սիսիան քաղաք և հյուրանոցի անվան միջոցով պահպանել իրենց հայրենիքի անունը։

Այդ հյուրանոցում սովորեցի հայկական երգեր, պարեր և առաջին անգամ ճաշակեցի  Քելեկյոշ։ Վանեցիների ավանդական խոհանոցից այս կերակրատեսակը հայտնի է դեռևս Ուրարտական ժամանակներից։ Մատուցման ձևով մի քիչ խաշին նման է։ Պատրաստվում է մեծ կաթսաի մեջ և մատուցվում խաշի նման բազմամարդ սեղաններին։ Ափսեի մեջ մանրացրեցի  չոր լավաշ, ավելացրեցի սխտոր։ Տաք չորաթան,  խաշած ոսպ, լեռնային կանաչիներով սոխառած և ղավուրմա։

Փորձեք, կհավանեք։ Երեկոն գաստրոբացահայտումներով լի էր, որպես աղանդեր մատուցեցին փախլավա և հալվա։ Հալվան հին հայկական խմորեղեն է, յուղի մեջ բոված  ցորենալյուրի վրա լցրաց շաքարաջուր, մեղրաջուրը, երբեք չէի մտածի, որ այդքան պարզ բաղադրատոմսով կարելի է հետաքրքիր քաղցրավենիք պատրաստել։


Ուղտասար բարձրանալու համար առավոտյան պետք էր  շուտ արթնանալ։ Տեղեկացրել էին, որ տարվա բոլոր եղանակներին լճակի վրա սառցեբեկորներ կան, իսկ ձյունն այս տեղանքում երբեք ամբողջապես չի հալվում։ Այդ գիշեր էլ  մեզ առատ ձյան տեղումներ էին սպասվում։ Ինչևէ, որոշեցինք բախտը փորձել և ամեն կերպ հասնել Ուղտասար։

Ճանապարհին էինք, մինչ ես կմտածեի, որ շուտով կտեսնեմ բազմաթիվ նախապատմական ժայռապատկերներ, որոնք  4000-7000 տարեկան են։ Վարորդը ճանապարհի կեսին ասաց, որ Ուղտասար տանող ճանապարհը փակ է։ Մեր կյանքը չէին կարող վտանգել և պետք էր ետ իջնել։

Իհարկե շատ տխրեցինք, սակայն ուղեկցողների համար մեր անվտանգությունը ավելի կարևոր էր և  հայկական-ավանդական բանակցությունների մեջ չէինք կարող մտնել 😀 Ուղտասարի բացահայտումները տեղափոխվեցին հունիս ամիս, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի տեսնել  սև ու մոխրագույն հրաբխային ծագում ունեցող քարերի վրա քարե գործիքներով արված փորագրությունները, որոնցից մեծ մասը համարվում են հուշագրեր` նվիրված ննջեցյալների կյանքին ու հերոսական պատմություններին։  Քարերի վրա պատկերված են մարդիկ` որսի, հողի մշակման, մրցույթների, մարտական և պարային տեսարաններում։ Առկա են կենդանիների բազմաթիվ պատկերներ` վայրի և ընտանի բիզոններ, այծեր, մուֆլոններ, ջեյրաններ, եղնիկներ։

Այդ պահին հուսահատված էի, իսկ ավելի ուշ լցված ավելի մեծ սպասումներով։ Հունիս ամսին, բացի ժայռապատկերներից  կկարողանամ վայելել բնությունն իր ողջ գեղեցկությամբ։ Եվս մեկ անգամ հասկացա, որ եղանակի հետ հնարավոր չէ կռիվ տալ։ Դրականն այս ամենի մեջ այն էր, որ հիմա լավ պատճառ ունեմ վերադառնալու։ Այդ ժամանակ էլ կպատմեմ Բասեն հյուրանոցի սեփականատեր Հասմիկի մասին, ով ողջ ճանապարհորդության  ամենատպավորիչ բացահայտումն էր 🙂

Ճանաչողական այցը կազմակերպվել էր «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվումէ ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից։

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: