Ղարաբաղի ձին, որը հեծկան ձիերի ցեղին պատկանող ազնվացեղ նժույգ է, դեռևս հնագույն ժամանակներից տարածված է եղել Արցախի տարածքում։ Ըստ մեզ հայտնի աղբյուրների՝ ղարաբաղյան ձին առաջացել է ժողովրդական ընտրասերման արդյունքում՝ պարսկական, թուրքմենական, իսկ հետագայում նաև արաբական ձիերի խաչասերումից և բնակություն է հաստատել Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում։ Ներկայումս այն համարվում է արևելյան տիպի լավագույն ձիատեսակներից մեկը։ 19-րդ դարում այն ներազդել է հարավռուսական ձիաբուծության վրա և մեծ քանակով արտահանվել արևմուտք՝ Ֆրանսիա, Անգլիա, Լեհաստան և այլուր։
Ղարաբաղի ձին հատկապես աչքի է ընկնում իր գեղեցիկ արտաքին կառուցվածքով։ Անզեն աչքով նկատելի է ղարաբաղյան ձիու նմանությունն մեկ այլ արևելյան նժույգի՝ արաբական ձիու հետ։ Երկու ձիատեսակների գլխավոր նմանություններն են չոր մարմնակազմվածքը և հեզ վարքագիծը։