Վայոց ՁորՇաբաթ-Կիրակիդ Վայոց ձոր մարզում։ Քո բաժին փորձառությունը

Շաբաթ-Կիրակիդ Վայոց ձոր մարզում։ Քո բաժին փորձառությունը

Մայրուղին լեռների ֆոնին բարակ թեթև ժապավենի տեսք ունի։ Մնացած ողջ տարածությունը, որտեղ նայում եմ, զբաղեցնում են հսկայական լեռները, լանջերն ու գագաթները, իսկ ամենավերևում միայն երկինքն է։

Ճանապարհին ավելի մոտ լեռները ոչ թե սուր գագաթներ են, այլ կլորացված են, ասես ձվաձև։ Նրանք խիտ անտառապատ են։ Հեռվից կարող է թվալ, որ սրանք հսկայական խայտաբղետ արջերի հաստ մեջքերն են, և նրանց մորթին կանաչ է:

ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր

ՕՐ ԱՌԱՋԻՆ

Կրկին ուղղությունս Վայոց Ձոր է, այս անգամ Weekend-ի համար սպասվում է այցելություն Եղեգնաձորի երկրագիտական թանգարան։

Նախկինում պատմել եմ, որ այցելելով Եղեգնաձորի երկրագիտական թանգարան` կտեսնեք Վայոց Ձոր մարզի տարածքից հայտնաբերված պատմական տարբեր ժամանակաշրջանների հնագիտական ուշագրավ նյութեր,  ինչպես նաև մի շարք եզակի նմուշներ։ Թանգարանի հնագիտական հավաքածուն մեծ կարևորություն ունի ոչ միայն մարզի, այլև Հայաստանի պատմության ուսումնասիրության համար։ 

Ի դեպ, այն կետերին, որոնց նախկինում անդրադարձել եմ, ավելացել է ևս մեկը՝ «Արվեստի և գիտության խաչմերուկում․ Վարդպետ Մոմիկը և խաչքարի արվեստը» խորագրով նոր մշտական ցուցադրությունը։

YEGHEGNADZOR REGIONAL MUSEUM

Tel. +374 98 05 25 52 Կարեն Ազատյան

Facebook: @museum68

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ

OLD MARTIROS GUESTHOUSE

Tel. +37494 52 00 69, Համլետ Եղիազարյան

Facebook: @oldmartiros

Տեղափոխվում ենք Հին Մարտիրոս գյուղի Հին Մարտիրոս հյուրատուն, որտեղ տիկին Գոհարն ու իր ամուսին՝ Համլետը, սրտաբաց  ներս կհրավիրեն, սարերից հավաքած թեյ կհյուրասիրեն, իրենց պատրաստած չրերով։ 

Տիկին Գոհարը ձեզ կպատմի զանազան բուսատեսակների  օգտակարության մասին։Կարող եք միասին վայրի բույս հավաքելու գնալ, կամ ինձ նման պանիր հորեք, որի համար երցնում ենք կճուճը, պանիրը, համեմունքներ, պղպեղ ու անցնում գործի։ Իսկ օրվա բացահայտումը կարշմն է՝ չորացրած վայրի բույս, որ բնորոշ է միայն Վայոց ձորի տարածաշրջանին արդյունքը՝  համեղ տաք ապուր։ Կարշմ ապուրը արարողակարգային է, խորհուրդ եմ տալիս անպայման փորձել։ 

Տիկին Գոհարի նպատակն է վերակենադանցնել Վայոց ձորյան հարուստ խոհանոցային ավանդույթները։ 

Մինչև մենք հորած պանիր կպատրաստեինք, տիկին Գոյարի ամուսինը պատմեց, որ Մարտիրոսը մեկն է Վայոց ձորի,  ինչպես նաև ողջ Հայաստանի,  այն սակավաթիվ գյուղերից, որի հիմնադրման ստույգ տարեթիվը և հիմնադրողների անունները պահպանվել են։ Այդ կարևոր տեղեկությունը արձանագրված է գյուղամիջի մեծ աղբյուրի մոտ 1283 թվականին վարդագույն գրանիտից կանգնեցված երեք մետրից ավելի բարձրություն ունեցող գեղաքանդակ խաչքարի վրա՝ հետևյալ արձանագրությամբ.

«Ես` Դեղիկի որդի Մխիթարս, Իշխանաց իշխան Պռոշի և նրա որդի Հասանի հրամանով, 1283 թ. շինեցի Մարտիրոս գյուղը և կանգնեցրի այս խաչքարը սուրբ վկայարանի դռան առջև, ի բարեխոսություն և իմ ամուսին Մամջրին և իմ որդի Ղարիբ Շահին և իմ դուստր Ռուզաքանին, ովքեր որ ընթերցեք, հիշեցեք մեզ։ Շինվեց Շնորհավորի ձեռքով»։

Փաստերը վկայում են, որ Մարտիրոսը Պռոշ իշխանի հրամանով կառուցվել է ոչ թե ամայի վայրում, այլ վերակառուցվել է մի գյուղ, որը ունեցել է իր բնակիչները։

Ի՞նչ անել

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ

Առավոտյան արշավ դեպի Սմբատաբերդ, բայց այս անգամ Արտաբույնք գյուղից, 

Վարդանի  և Կարենի պապիկի կառուցած տանից․ եղբայրները այն դարձրել են հյուրատուն անունն էլ՝ Լեգենդ։ Այստեղ իմացա, որ Սմբատաբերդը Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին, անառիկ և խոշոր ամրոցներից է: Հավանական է, որ այն գոյություն ունեցած լինի նույնիսկ V դարից էլ առաջ։ Պահպանվել են պատմական տեղեկություններ V դ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։ Սյունյաց Վասակյան իշխանները Եղեգիսը դարձնելով իրենց վաչաքաղաքական կենտրոնը՝ հավանաբար ռազմական հենակետ են դարձրել հենց այս ամրոցը։ 

Իսկ Օրբելյանների ժամանակ Սմբատաբերդն ավելի է ամրացվել։ Ստույգ հայտնի չէ այս ամրոցի իսկական անունը, ժողովուրդը ավանդաբար Սմբատաբերդ է կոչում, թերևս այն պատճառով, որ նրան մոտիկ Եղեգիս գյուղաքաղաքում թաղված է Օրբելյան թագակիր ասպետներից մեկը` Սմբատ թագավորը, որ գուցե և վերակառուցել է բերդը, բայց ավելի հավանական է, որ նա կոչվելիս լինի 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունով:

Դե արշավից հետո ինձ սպասվում էր ավանդական գաթայի պատրաստում։ Գայթակղիչ է, չէ՞,  ուրեմն իրերը հավաքում եք և գնում  դեպի Վայոց Ձոր։

LEGEND GUESTHOUSE

Tel. +374 93 66 82 83, Karen Karamyan

Facebook: @Smbatabert

Այս հոդվածը ստեղծվել է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից: Հոդվածի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ, Սմիթսոնյան ինստիտուտի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 
Instagram
Հետևեք ինձ