Հայ մատենագիրները՝ վկայակոչելով քաղաքային լեգենդը Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։
Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին (հնդկական վեդաներ, իրանական «Ավեստա», պարսից շահ Դարեհ Ա Աքեմենյանի Բեհիսթունի արձանագրություն)։ Երևանը կոչվել է նաև Էրիվան, Էրևան, Ռևան, Իրավան, Այրիվան և այլ անուններով։