Արմավիրը գտնվում է Երասխի ձախ ափին, Արարատյան դաշտում։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին (մ.թ.ա. II հազարամեակից առաջ), ըստ ավանդության «Հայկ Նահապետի թոռ Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունն իր թոռան՝ Երաստի անունով դնում է Երասխ»։
Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամոր բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:
Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները: Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը: