Բացահայտենք Տեսնելիք և անելիք

Բոհեմ արվեստանոց-թեյարան․ Տեղափոխվիր մշակութային միջավայր

on
01.02.2019

«Մի վերաբերվեք թեյին որպես տաք ջրից ու գույնից բաղկացած հեղուկի,  այն պետք է լինի իրական ստեղծագործություն»․․․ ֆեյսբուքյան այս գրառումից հետո, որոշեցի այցելել Բոհեմ արվեստանոց-թեյարան։Օրը ցուրտ էր, Սևանի կտրող քամին էլ ինձ անզգայացրել էր։ Կանգնած եմ սրճարանի մուտքի մոտ, այդ պահին մի բաժակ տաք թեյը  չէր խանգարի։

Սրճարանի դուռը բացեցի, մարդաշատ էր, բայց՝ անաղմուկ։ Ներսում դասախոսություն էր, պատմում էին հայ թագուհիներից մեկի կյանքը։ Հիասթափություն, մահ, սեր, կիրք․․․ դասախոսությունն այնքան հետաքրքիր ու պատկերավոր էր, որ թագուհու հզոր և դժբախտ կենսագրությունը մենք էլ կիսեցինք։

Քաղաքում իր տեսակի մեջ միակն է, դռները բաց են բոլորի համար: Արվեստանոց-թեյարանը միայն սնվելու վայր չէ, այստեղ  թելադրողը պատերի ներսում գտնվող արվեստն է ու հուշանվերների ցուցասրահը։ Նպատակներից մեկն էլ հոգևոր սնունդ հրամցնելն է։


Մինչ կբերեին թեյն, իմացա, որ Բոհեմ արվեստանոց-թեյարանը սոցիալական ձեռնարկություն է, որի հիմնական նպատակն է Սևան քաղաքում ստեղծել մշակութային  միջավայր, դառնալ ստեղծագործող երիտասարդների համար ինքնաարտահայտման և ինքնաիրացման հարթակ։  Ինչպես գույներն են բազմազան, այնպես էլ այնտեղ քննարկվող թեմաները։ Թեյարան-արվեստանոցն հետաքրքիր քաղաքականություն ունի, դասախոսություններից զատ կազմակերպվում են կինոդիտումներ, արշավներ,թեյախմություններ և վարպետության դասեր։

Ժամանակն էր վայելել թեյը, այն իսկապես սովորական ջուր և գույն չէր, այլ հայկական խոտաբույսերի փունջ, որն իր հետ բերեց  ներդաշնակություն և տաքություն։ Ի դեպ այն մատուցվում էր շատ հետաքրքիր թեյնիկ-բաժակով, որը կարող եք գնել և նման փոքրիկ  արարողությունն էլ ձեզ համար տանը կազմակերպել։

Սրճարանն ինձ հաճելիորեն շարունակում էր զարմացնել, պարզեցի, որ  շահույթի 50+ տոկոսը ուղղվում է համայնքում մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերին, վառ օրինակներից մեկն էլ  Սևանի երաժշտական փառատոնն է, որին պատրաստվում եմ այս տարի մասնակցել։

Բաժակիս թեյն ավարտվեց,  իսկ  ձեզ հուշեմ Բոհեմ արվեստանոց-թեյարանի գտնվելու վայրը։ Եթե արդեն  Սևան քաղաքում եք, ապա հիմնական փողոցի վրա գտնվող եկեղեցին անցնում եք,երկրորդ լուսակիրից թեքվում աջ, փողոցի վերջում Բոհեմն է, որտեղ պարզապես թեյ  չեք խմելու, այլ վայելելու եք և տեղափոխվելու արվեստի աշխարհ։

Բարի գալուստ արվեստանոց-թեյարան, որտեղ բոլոր հաճախորդները նվեր ունեն մեկ նկար։

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: