Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք, յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն:
ՀՀ Վայոց ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ: Տարածքի 5.7%-ը կազմում են բնական անտառները: Արտակարգ խայտաբղետ է մարզի մակերևույթը: Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և դրա վտակների ջրերն առաջացրել են տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ` մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի հիասքանչ ջրվեժը:
Վայոց ձորը աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով։ Հայաստանի պատմագրության մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակվել է քերթողահայր Մովսես Խորենացու կողմից՝ դեռևս հնագույն ժամանակներից ընդգրկված լինելով հայկական պետական կազմավորումների մեջ։ Թռչունների քարայրում
Հայտնաբերված կաշվե տրեխը համարվում է մինչ օրս հայտնի ամենահին կոշիկի նմուշը։ Արենիում հայտնաբերվել են նաև գինու կարասների մի ամբողջ շարք (հավանական է, որ դա գինու արտադրության ամենահին ցիկլն է աշխարհում)։