Վայոց ՁորՇաբաթ-Կիրակիդ Վայոց ձոր մարզում։ Դեպի ծագման ակունքներ

Շաբաթ-Կիրակիդ Վայոց ձոր մարզում։ Դեպի ծագման ակունքներ

Կավագործությունը հնագույն արհեստ է։ Պարզվում է, որ  ոչ բոլորը կարող էին պրոֆեսիոնալ բրուտագործ դառնալ, քանի որ իրական վարպետության համար պետք է ունենալ շատ հմտություններ և աշխատասեր ձեռքեր: Հայաստանի յուրաքանչյուր շրջան առանձնանում էր խեցեգործության իր առանձնահատկություններով և նախշերով: Մենք պետք է պահպանենք և շարունակենք մեր նախնիների ավանդույթները։ Կավագործությունը հայկական գլխավոր արհեստներից է, որը կարող է անհետանալ մոտ ապագայում, ուստի պետք է այս հմտությունները փոխանցել հաջորդ սերնդին։ 

ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր

ՕՐ ԱՌԱՋԻՆ

Յուրաքանչյուրս պետք է ժամանակ տրամադրի  և շոշափի մեր արմատային ժողովրդական ավանդույթները, որպեսզի հաջորդ սերունդը հնարավորություն ունենա զգալու այդ գիտելիքները։  

Գտնվում եմ Արենի գյուղի «Արհեստանոց» ստուդիայում։ Արփինեն դասավանդում է տեղի փոքրիկներին և ստեղծում զանազան կավե իրեր։ Գյուղի ամենաջերմ անկյունում նա ներկայացնում է հայկական կավագործության ամենանուրբ գաղտնիքները։ Սեղանին դրված աղամանը ուշադրությունս գրավեց։ Պարզեցի, որ աղամանները խորհրդանշում էին հին հայկական մայրության և գեղեցկության աստվածուհի Անահիտին և ըստ ավանդույթի դրանք պատրաստում էին կանայք։  Նրանք իրենցից ներկայացնում էին հղի, բաց փորով կանանց, որոնց մեջ էլ հենց պահում էին աղը։ Ի տարբերություն մյուս աղամանների, հայկական աղամանը կարող է հասնել շատ մեծ չափսերի։ Ըստ ժողովրդագրական հիշատակումների՝ այս աղամանները դրվում էին թոնրատան օջախի մոտ։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Փորձեցի պատրաստել հայկական զարդանախշերով վզնոց։ Հայտնի դարձավ, որ նրանք  հազարամյակների պատմություն ունեցող մշակույթի առանձնահատկություններից են։ Հայկական զարդարվեստը մշտապես եղել է թե՛ հայ, թե՛ օտարազգի մշակութաբանների ուշադրության կենտրոնում:

Կավագործություն, գինեգործություն, Վայոց Ձորի արտասովոր ու սահմռկեցուցիչ բնություն։ էլ ի՞նչ է պետք անմոռանալի հանգստյան օրերի համար։

ARHESTANOTS STUDIO

Tel. +374 41 31 32 35 Արփինե Մաթևոսյան

Facebook: @ arhestanots.studio

Հետաքրքիր է

Արենին շատերը գիտեն գինու փառատոնի շնորհիվ։ Հոկտեմբերի առաջին շաբաթ օրը  մարդկանց տրամադրությունը գինոտ է, աչքերն էլ փայլուն ու ժպիտով լեցու, օրվա վերջում անծանոթները ծանոթ են, մի քիչ էլ գինովցաց ու երջանիկ։ Սա միայն մի բան կարող է վկայել, որ «Արենի գինու փառատոն» միջոցառումն իրական տոնակատարություն է ոչ միայն Հայաստանում բնակվող մարդկանց համար, այլև՝ Հայաստանում գտնվող հյուրերի։  Մի կում գինին կարող է տրամադրություն փոխել՝ ստեղծելով նորը։ Նույն կումը  իր հետ կբերի հանգստություն, ամենազորի զգացողություն, հարմարավետության զգացում ու թեթև ժպիտ։ Եվ  նման մի կումն էլ փոխում է ողջ օրդ։ Ու միայն միջոցառման վերջում ես գիտակցում, որ քո այդ օրվա առաքելությունը ոչ միայնգինու համտեսն էր, այլ՝  մեր հայկական գինու դեսպաներ դառնալը։

Պետք է այցելել

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ

Արենիի, նույն ինքը՝ «Թռչունների  քարանձավը» Վայոց Ձորի զբոսաշրջային ամենապահանջված ուղղություններից մեկն է։ Չայցելել քարանձավ, կարելի է ասել, աննկատ անցնել հայկական ահռելի հարուստ ժառանգության կողքով։  

Ինչո՞ւ այցելել, որովհետև․

  • 2010 թվականին հնագիտական պեղումների ժամանակ քարանձավում հայտնաբերվել է 5500 տարվա ոտնաման, որն աշխարհի մինչ այժմ գտնված ամենահին կաշվե կոշիկն է։
  • Դեռ 2007 թվականին Վայոց ձորի մարզի Արենի-1 քարայրում իրականացրած պեղումների արդյունքում գիտնականները հայտնաբերել էին  Ք.ա 4. 300-4.000  թվականներին թվագրվող երեք մարդկային գանգ, որոնք ուսումնասիրության առարկա էին դարձել: Հայ գիտնականները, համագործակցելով արտասահմանցի գործընկերների հետ, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման արդյունքում, ստացել են գանգերի վերակազմությունները, ինչի հիման վրա հնարավոր է դարձել վերականգնել մեր հեռավոր նախնիների դեմքերն ու արտաքին տեսքը:
  • 2007 թվականի պեղումների ընթացքում քարանձավից հայտնաբերվել են գինեգործությանը վերաբերող գտածոներ։ Գիտությունների ազգային ակադեմիայի, հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող  հնագիտական աշխատանքների ղեկավար Բորիս Գասպարյանի խոսքով պեղումների հենց առաջին շրջանն այս վայրում մեծ հաջողություն բերեց, որովհետև գտնվել էր խաղողի ճմլարանը։ Դրա մասին ենթադրություններ կային և պահանջվում էր ապացուցել, որ այն հենց գինեգործական համալիրի կարևոր բաղադրիչն է։ Կառուցվածքային առանձնահատկությունները, այսինքն՝ գինեգործությանը հատուկ թեք հարթության առկայության (երբ ճզմել են խաղողը, դրա միջոցով խաղողի հյութը հոսել է հատուկ տեղ, որտեղ էլ հասունանում էր համապատասխան աստիճանի) և հնձանի հարևանությամբ հողի մեջ թաղված հսկայական կարասների առկայությունն ապացուցում են, որ սա գինեգործությամբ զբաղվելու հատուկ տարածք է եղել։ Ներկայումս այդ գինեգործական համալիրը համարվում է աշխարհում հնագույնը և թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին։
  • Նա նաև պատմեց, որ  Գնիշիկաձորի տարածքում, որն այնքան էլ հեռու չէ Արենիից,  10-րդ դարի միջնադարյան համալիր ու հնագույն տեսակ համարվող Արենի խաղողի սերմեր են հայտնաբերվել: Ենթադրվում է, որ այս տարածքում զբաղվել են խաղողագործությամբ դեռևս 6000 տարի առաջ, քանի որ այստեղ հայտնաբերվել են ինչպես վայրի, այնպես էլ սեղանի խաղողի տեսակներ: Տարածքը որպես էկոտուրիզմի վայր է ծառայելու, իսկ տեղադրված տոմսային համակարգի շնորհիվ վերահսկվելու է այցելուների հոսքը տեղանքին վնաս չհասցնելու համար: 

ARENI 1 CAVE SCIENTIFIC – RESEARCH FOUNDATION

Tel. +374 55 51 40 08:

Facebook: AreniCave

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Հետաքրքիր է

Քարանձավից դուրս եք գալիս ու անցնում  դիմացի մայթ։ Բարի գալուստ շատ տաքուկ, գույնզգույն, հայկական ձեռագործ աշխատանքների աշխարհ։ Այստեղ ամեն ինչ այնքան հրապուրիչ է, որ գրեթե ամեն ինչ կարող եք գնել և որպես հուշանվեր ձեզ հետ տուն տանել։

Այս ջերմացնող անկյունում քարտաշ եղբայրներ Ռուբեն և Կարեն Ղազարյանները ձեզ կսովորեցնեն,  թե ինչպես քարից ստանալ շատ նուրբ, ասեղնագործ, նուրբ գործվածքին նման հուշանվեր։ Եղբայրների ոգեշնչման աղբյուր հանդիսանում է  կրպակից ոչ այնքան հեռու գտնվող Նորավանքը, իրենք նույնպես խաչքարագործության մեջ օգտագործում են նույն այն քարը, որից պատրաստված է վանական համալիրը։ Փորձառության ընթացքում կպատմեն ինչպես Մոմիկի, այնպես էլ զարդանախշերի մասին։ 

Դե ի՞նչ, դեռ մտածու՞մ եք արդյոք գնալ Վայոց Ձոր, արագացրե՛ք։

BECORE

Tel. +374 94 62 25 67, Ruben / Karen Ghazaryan

Այս հոդվածը ստեղծվել է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից: Հոդվածի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ, Սմիթսոնյան ինստիտուտի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 
Instagram
Հետևեք ինձ