Արարատի մարզը հյուսիսից սահմանակից է Կոտայքի մարզին, որի հետ սահմանն անցնում է Ազատ գետով մինչև Ազատի ջրամբարը: Այնուհետև սահմանը թեքվում է դեպի արևմուտք, որտեղ սահմանակից է Երևան քաղաքին, Արմավիրի մարզին` մինչև Արաքս գետը, որով բաժանվում է Թուրքիայից, գետի հոսանք ի վար մինչև Նախիջևանի սահմանը:
Արարատի մարզի հարավ-արևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավ-արևելյան մասը։ Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է։ Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։
Արարատի մարզի պատմամշակութային հուշարձաններից են Լուսառատ գյուղից 1.6կմ հյուսիս-արևմուտք գտնվող բլուրների վրա տեղադրված Խոր Վիրապ վանական համալիրը և Արտաշատ հնավայրը, Դվին հնավայրը` Հնաբերդ և Վերին Արտաշատ գյուղերի միջև ընկած բլրի վրա, Տափի բերդ-ամրոցը եկեղեցիով ( որը կոչվում է Գևորգ Մարզպետունու անունով), Հավուց Թառ վանական համալիրը, XII դարի Սուրբ Կարապետ վանքը, Կաքավաբերդը (Գեղիի կամ Քեղիի բերդ), Աղջոց վանքը։