ԱրարատՍամվել Մանուկյան․ Ի՞նչ կա լեռներում

Սամվել Մանուկյան․ Ի՞նչ կա լեռներում

Այս հոդվածը մի մարդու մասին է, ով աչքի է ընկնում լեռնային համարձակ ու բարդ վերելքներով։  North peak լեռնային ակումբի հիմնադիր Սամվել Մանուկյանի պատմության միջոցով կբացահայտեք ոչ միայն լեռների գեղեցկությունն, այլև այնտեղի մարտահրավերները։ 

Պատրաստվեք «արշավի», որտեղ յուրաքանչյուր քայլ պատմում է տոկունության և վճռականության մասին:

Ի՞նչ կա լեռներում

Թե ի՞նչ կա լեռներում, այդ գաղտնիքն ինձ համար բացահայտել եմ։ Փորձում ես ինքդ քեզ գտնել՝ ֆիզիկական և հոգեբանական սեփական սահմանները։ Ծանոթանում ես լավ մարդկանց հետ, որոնք օժտված են բարձր որակական հատկանիշներով, քանի որ լեռներում «վատ» մարդկանց հանդիպելու հավանականությունը շատ քիչ է։ Պայքարում ես վախերի դեմ՝ ձևավորելով կամային հատկանիշներ, իսկ որպես բոնուս՝ գագաթներից դեպի աշխարհ լավագույն տեսարանների ես ականատես լինում։ 

💕

Վախեր

Վախը պաշտպանական ռեակցիա է։ Եթե այն չկա, ոչ թե տարօրինակ է, այլ վտանգավոր։  Դժբախտ պատահարների մեծ մասն այդ պատճառով են լինում, երբ վախն ուղղակի բացակայում է։ Մի նրբություն կա, պիտի չթողնես, որ վախը վերածվի խուճապի, անկառավարելի չդառնա, որովհետև այդ ժամանակ սկսելու ես սխալներ գործել։ Իհարկե, վախեր ունենում եմ, օրինակ՝ Արագածի կեղծ գագաթից իրական գագաթ անցման ընթացքում, հատկապես ձմռանը։ Գիտակցում եմ, որ սխալ շարժումը կարող է կյանք արժենա։ 

Տրանսֆորմացիա

Ինձ մոտ զգացողություն կա, կարծես վերջապես գտել եմ ինձ։ Գտել եմ զբաղմունք, որից մեծ հաճույք եմ ստանում։ Շատ եմ որոնումների մեջ եղել, հաճախ եմ ինձ հարցեր տվել՝ ինչի՞ համար եմ ես այս կյանքում, ո՞ւր եմ գնում։

Կենսաբան եմ

Մասնագիտությամբ կենսաբան եմ, ինչը շատ է օգնում ինձ, չէ՞ որ կենսաբանները մարդու օրգանիզմի հետ կապված գիտություններ էլ են ուսումնասիրում։ Խմբում միշտ մեկը գտնվում է, որ հարցնի․ -Սա ի՞նչ բուսականություն է։ Ինձ դուր է գալիս, երբ ես կարողանում եմ պատասխանել, հաճելի է, անգամ առանց հարցնելու էլ սկսում եմ պատմել կենդանիների կամ բուսական աշխարհի մասին։ Որպես ուղեկցորդ, խմբի ղեկավար, պարտավոր եմ հետևել խմբի ինքնազգացողությանը, կենսաբանության լավ իմացությունը օգնում է այդ հարցում, ախտանշաները շուտ նկատել, և արագ վերացնել։

Առաջին լեռը

Երբ առաջին անգամ էի լեռ բարձրանալու այդ ժամանակ լեռնագնացության ու արշավների հետ բացարձակ կապ չունեի։ Արմատներով Լոռու մարզի Ծաղկաշեն գյուղից եմ։ Ամառը՝ արձակուրդների ժամանակահատվածը անց էի կացնում այնտեղ։ Գյուղի վերևում Հարսնասար(Հարսնաքար) լեռ կա, հիմա արշավականների շրջանում բավականին հայտնի է։ Գնացինք, բարձրացանք առանց ուսապարկի և ջրի։ Դա 2001 կամ  2002 թվականն էր։ Հետո 2007 թվականի հոկտեմբեր ամսին առաջին անգամ բարձրացա Արագածը՝ ջինսով  ու կարճաթև շապիկով։ Գագաթին էի՝ սկսեց ձյուն գալ, լավ սառել եմ այդ օրը։ Ինչպե՞ս այդպես ստացվեց։ Համալսարանում հայտարարություն էի տեսել, խելքիս փչեց գնամ, ի դեպ  բավական լավ բարձրացա։ Արդեն 2017 թվականին պարբերաբար էի լեռներում լինում, առաջինը Արմաղանի վերելքն էր, այդ ժամանակ հետաքրքրություն չկար գագաթ հասնել, խառնարանային լճակի մոտ վոլեյբոլ էի խաղում։ 

Երազանքի գագաթ

Երազանքի գագաթ ունեմ։ Պակիստան-Չինաստան սահմանի վրա տեղակայված K2- ը կամ Չոգորի՝ աշխարհում երկրորդ բարձրագույն լեռը:

Ստրատեգիկ նշանակություն

Հայաստանում լեռնագնացությունը ստրատեգիկ նշանակություն ունի։ Խթանում է հայրենաճանաչությանը, չէ որ Հայաստանի տարածքի 86 տոկոսը լեռներ են, սակայն բնակչության մեկ կամ երկու տոկոսն է միայն  ինչ-որ գագաթին եղել։ Մշտական պատերազմական վիճակով պայմանավորված կարևոր է, որ տղամարդիկ հետաքրքրված լինեն լեռնագնացությամբ։ Ցավոք սրտի, տեսել եմ չիմացության բացասական կողմերը։ Չգիտեն Կապանը կամ Լոռին որ կողմում է, աշխարհագրությունից էլ պատկերացում չունեն։

North peak

Իրականացնում ենք լեռնային վերելքներ, որովհետև լեռնային ակումբ ենք, ընդորում մեծամասնությունը բարդ երթուղիներով։ Մինչև North peakհիմնադրելը երկու տարի սոլո ձևաչափով էի լեռներ բարձրանում։ Ինչո՞ւ, որովհետև այնպիսի երթուղիներ էի ընտրում հիմնականում Արագածի վրա, որոնք վտանգավոր էին, ու չէի ցանկանում պատասխանատվություն վերցնել։ Մեծ փորձ ձեռք բերեցի այդ ընթացքում։ Հետևելով հայաստանյան արշավական ու լեռնային ծրագրերին, հասկացա որ բարդ երթուղիների, համարձակ ծրագրերի պակաս կա։ Նորություն էր պետք, ոչ թե ուղղություն, այլ պետք էր փորձել նույն գագաթը այլ երթուղիով բարձրանալ։ Նկատեցի, որ այլ ակումբների մշտական քայլողները սկսեցին միանալ մեր վերելքներին, հենց նրա համար, որ իրենց էլ էր պետք նորություն։ Ընթացքը ցույց տվեց, որ մեր եզակիությունը դա է։

Աշխարհագրության ընդլայման

Աշխարհագրության ընդլայման ենք գնում և շատ մեծ։ Ինչպես նաև փորձում ենք Հայաստանում տեխնիկական ալպինիզմը զարգացնել։ Այն ինչ որ մենք Հայաստանում անվանում ենք լեռնագնացություն, դա այդքան էլ լեռնագնացություն չէ։ Եթե միջազգային չափանիշներով նայենք, ապա լեռնագնացություն է համարվում այն, երբ դու անցնում ես ինչ որ տեխնիական բարդություն ունեցող երթուղի և անցնում ես հատուկ մասնագիտական գույքի կիրառմամբ։ 

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիաի անդամ

Հայաստանում մենք ունենք Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա, որի անդամ եմ հանդիսանում նաև ես։ Դեռ նոր է Հայաստանում հետաքրքրությունը աճում դեպի լեռնային վերելքները և այդ գործում շատ կարևոր են ֆեդերացիայի ջանքերը։ Իրականցվում են բազմաթիվ ծրագրեր ու դասընթացներ տարբեր տարիքի արշավականների, ինչպես նաև դպրոցների և ուժային կառույցների  հետ։ Շատ կարևոր աշխատանք է կատարվում կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հետ` խմբեր են հավաքվում և կազմակերպվում են դասընթացներ, որից հետո սկսում են մասնակցել արշավներին և լեռնային վերելքներին։ 

Կարծում եմ Հայաստանը մեծ հնարավորություն ունի լեռնագնացության ու ժայռամագլցման ոլորտներում և ամեն ինչ  դեռ առջևում է։ Այդ հարցում Ալպինիզմի ֆեդերացիան տանում է մեծ աշխատանք։ 

Գերակշռող մաս՝ աղջիկներ

Հայաստանում արշավներով ու լեռնային վերելքներով աղջիկներ են զբաղվում։ Գերակշռող մաս են կազմում աղջիկները, վերելքների ընթացքում էլ կամային հատկանիշներով աղջիկներն  են ավելի շատ աչքի ընկնում։ Բնավ չեմ ասում, որ տղաները թույլ են, սակայն լեռներում աղջիկներից ավելի քիչ են խնդիրները, քան՝ տղաներից։

Անփորձ արշավական

Ինչո՞ւ է փորձառու արշավականն իր հետ  քիչ սնունդ տանում լեռներ, որովհետև անփորձները միշտ շատ են բերում։ Մի անգամ  սոված էինք մնացել, պարզվեց բոլորս փորձառու էինք ու համարյա բան չէինք տարել, հույսներս սկսնակներն էին։

Թանկ հաճո՞ւյք

Շատերին թվում է լեռնագնացությամբ զբավելը թանկ հաճույք է։ Փորձը ցույց է տալիս, որ ամենամինիմալ հանդերձանքով կարելի է շատ լուրջ բաներ անել։ Կախված է նրանից, թե  կոմֆորտի, որ տոկոսն ես պատրաստ զոհաբերել նպատակին հասնելու համար։

Սկզբի համար

Ի՞նչ է պետք ունենալ արաշվներով կամ լեռնագնացությամբ զբաղվելու համար, իհարկե ցանկություն, մնացածը լուծվող հարցեր են։ Սկզբի համար մի զույգ ջրակայուն կոշիկ և վերջ։ 

Instagram
Հետևեք ինձ