Գյումրիից շուտ ենք դուրս գալիք, Շիրակի մարզում մեր ճանապարհորդությունը այսքանով ժամանակավորապես ավարտում ենք և տեղափոխվում Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ։ Այստեղ տիկին Հռիսիմեն կներկայացնի իր տան 200 ամյա պատմությունը․ «Թաթոյենց տան» շինության հիմքը կազմող մառանը կառուցվել է 1837թ, հենց այստեղ կարող եք գինով համտեսել համեղագույն ճաշատեսակներ։
Տիկին Հռիփսիմեն ինձ ներկայացրեց հին հայկական քաղցրավենիքի՝ սուջուխի պատրաստման ընթացքը։ Պարզեցի, որ քաղցր սուջուխը հին հայկական անուշեղեն է: Սովորաբար պատրաստվում է աշնանը, երբ հասնում են ընկույզն ու մրգերը: Աշտարակի ընկույզի մասին լռում եմ, այն այնքան հայտնի է, որ հիշատակվում է ժողովրդական երգերում և յուրաքանչյուրի բակում կարող եք նկատել ընկուզենի։
Ընկույզները կիսում ենք, ասեղը երկտակ թելելում և հանգույց ենք անում։ Ընկույզներն ասեղով թելի վրա են անցկացնում: Ընկույզով թելերը տեղավորում ենք օշարակի մեջ և գդալով օշարակը վրան լցնում: Թաթախելուց հետո զգուշորեն հանում ենք, եթե ավելի հաստ շերտով եք ցանկանում պատել՝ թաթախում ենք օշարակի մեջ մի քանի անգամ: Սուջուխի չորացումը տևում է 10-15 օր, լավ հնարավորթուն է կրկին վերադառնալ Աշտարակ։