ԲացահայտենքYereWineDays. Հայկական գինու դեսպանները

YereWineDays. Հայկական գինու դեսպանները

Արդեն երրորդ տարին է, երբ մայիս ամսին երկու օր անընդմեջ Սարյան փողոցի օդը հագեցած է գինու բույրով, փողոցի տարբեր հատվածներում մարդիկ բարձրաձայն ծիծաղում են, հրճվանք ապրում։ Երրորդ տարին է, երբ մարդկանց տրամադրությունը գինոտ է, աչքերն էլ փայլուն ու ժպիտով լեցուն, օրվա վերջում անծանոթները ծանոթ են, մի քիչ էլ գինովցաց ու երջանիկ։ Սա միայն մի բան կարող է վկայել, որ «Երևանի Գինու Օրեր» միջոցառումն իրական տոնակատարություն է ոչ միայն Հայաստանում բնակվող մարդկանց համար, այլև՝ Հայաստանում գտնվող հյուրերի։ Այդ օրերին արդեն վստահ կարելի է ասել, որ աշխարհի տարբեր ծայրերից գինեսերները հավաքվում են մի վայրում։  Օրվա տրամադրությունը ոմանց մոտ կարմիր, վարդագույն, սպիտակ է, իսկ ոմանց մոտ էլ՝ կիսաքաղցր, կիսաչոր և չոր։

 

Որոշված է, իմ մասնակցությունը  այս միջոցառմանը պետք է ճանաչողական բնույթ կրի։ Սիրում եմ գինի, սակայն հայկական գինի արտադրողների մասին գրեթե ոչինչ չգիտեմ, պետք է շտկել։ Մինչև բաժակս գինով կլցվեր՝ տաղավարներում գործարանների աշխատակիցներին խնդրեցի պատմել իրենց արտադրած գինու պատմությունը։ Արդյունքում 3 բաժակ գինի և 3 հետաքրքիր պատմություն։

«Վան Արդի»

Առաջին տաղավարը, որին մոտեցա «Վան Արդի»-ն էր։ Այս գործարանը 2008-ին առաջին տնկիներն էր դրել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում , իսկ 5 տարի անց սկսել է գինի արտադրել: «Վան Արդի» թարգմանաբար նշանակում է Վանի Արև, անունը պատահական ընտրված չէ՝ հիմնադիրն արմատներով Վանից է։ Գործարանի խաղողի այգիներում շատ հաճախ ջազ համերգներ են կազմակերպվում, հիմնադիրը կարծում է, որ լավ երաժշտությունը ոչ միայն մարդկանց է անհրաժեշտ, այլև՝ խաղողի տնկիներին։


«Ոսկենի»

Նախապապ Սմբատ Մաթևոսյանի լուսանկարով  գինիները դեռևս սկիզբ են առել 1925 թվականից։ Հաջողակ գործարարը Բոստոնում իր ողջ ունեցվածքը վաճառում է, վերադառնում Հայաստան։  Սարդարապատում գինու այգիներ է տնկում, սակայն նրա գինի արտադրելու երազանքը մնում է անկատար, բոլշևիկյան կառավարությունը խանգարում է։ Եվ միայն 2008 թվականին նրա ժառանգները  կարողանում են վերականգնել նախապապի խաղողի տեսակներով լի այգին և իրականացնել նախապապի այդքան ցանկալի երազանքը։


«Մարան»

Խոյեցի Մարան տատիկից է սկիզբն առնում գինեգործական այս տոհմը։  1830-ականներին ընտանիքի հետ Պարսկաստանից ներգաղթելով Հայաստան՝ նրանք բնակություն են հաստատում Վայոց ձորում: Այստեղ էլ 1860-ականներին Արտաբույնքում Մարանի որդին հիմնում է խաղողի այգիներ՝ մոր պատվին այն անվանելով «Մարանի»:  

 

Համտեսից հետո քայլում եմ փողոցի երկայնքով, միջոցառումներ, բազմաթիվ ժպտացող ծանոթ ու անծանոթ դեմքեր, տարբեր անկյուններում երաժշտական կատարումներն էլ միախառնվում են օրվա տրամադրության հետ։

 

Երևանի գինու օրեր միջոցառմանը մասնակցում էին հայաստանյան և արցախյան գինեգործներն իրենց 200 տեսակ գինիներով։ Մասնակիցները հպարտությամբ օտարերկրյա հյուրերին պատմում էին, որ Հայաստանում գինեգործության զարգացման մասին վկայում են նաև հույն պատմիչ Հերոդոտոսի և հույն իմաստասեր Ստրաբոնի աշխատությունները։  

 

Իսկապես հպարտությամբ ես լցվում, երբ հիշում ես, որ Հայաստանում  գինու արտադրության ավանդույթը հազարմյակների պատմություն ունի, դա է վկայում պեղումների ժամանակ Արենիի քարանձավներում հայտնաբերված խաղողի կորիզով և խաղողի վազի մնացորդներով սափորներ, ինչն էլ խոսում է, որ այստեղ գինու արտադրության հնագույն օրրան է եղել և այն ավելի քան 6 հազար տարեկան է:


Ու միայն միջոցառման վերջում ես գիտակցում, որ քո այդ օրվա առաքելությունը ոչ թե գինու համտեսն էր, այլ՝  այդ օրը մենք մեր հայկական գինու դեսպաներն էինք։

Լուսանկարները՝ Տիգրան Ղուկասյանի, Տաթև Մանուկյանի

Կարդացեք նաև՝ Տողի մելիքական ապարանք․Վառ անցյալի իրականությունից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ