Իսկ եթե ցանկանում եք սեփական ձեռքով կերտել հայկականից մի մասնիկ, ապա ավանդական հայկական թռչնատառերով նկարչության վարպետաց դասերը ձեզ համար են:
«Զանան» մշակույթի տունը առաջարկում է կտրվել առօրյայից՝ հանգստացնել նյարդերը, կենտրոնացնել ուղեղը զբաղվելով ստեղծագործական աշխատանքով: Արհեստական կամ բնական մետաքսե կտորների վրա հայկական մանրանկարչությանը բնորոշ մոտիվներով նախապես ուրվագծված տառերից հյուրերը հնարավորություն ունեն ընտրել իրենց ցանկալի տառը կամ զարդանախշը, որը կտանեն իրենց հետ որպես հուշանվեր:
«Զանան»-ում շատ բան կարելի է անել, ցանկության դեպքում նրանք կկազմակերպեն սեմինարներ, դասընթացներ, շնորհանդեսներ: Ի դեպ այս շենքը կառուցվել է 1868 թվականին ալեքսանդրապոլցի Քեշիշյան ազգանունով մեծահարուստ առևտրականի կողմից։
Այս ամենի մասին ինձ պատմեցին թեյի սեղանի շուրջ, Գյումրի քաղաքին բնորոշ սառնաշունչ պատերի, բայց միևնույն ժամանակ ջերմ միջավայրում «Զանան» մշակույթի տունն ինձ համար կազմակերպել էր չկրկնվող, ավանդական տաք և համեղ թեյ՝ Հայաստանի դաշտավայրերից հավաքված խոտաբույսերով, որը վայելում էի Գյումրվա անուշ բարբառով հնչեցրած անեկդոտ – պատմություններով: