Ուղղություններ Տեսնելիք և անելիք

Sevan Gallery. Սևանի Ռենեսանսը

on
27.08.2019

Սևանի գլխավոր մայրուղիով անցնելիս,  վստահ եմ, նկատել եք ձկան պոչի տեսքով դիտակետ, այլ հարց է՝ մեզանից ո՞վ է այնտեղ կանգնել, բարձրացել ու հիացել առջևում բացվող տեսարանով։  Բոլորիս հայտնի դիտակետի մոտով ճանապարհը տանում է դեպի Sevan Gallery հյուրատուն, որի մասին պատրաստվում եմ պատմել։

Կանաչ դռան զանգը տվեցի։ Լսվեց ոտնաձայներ, դուռը բացվեց, միջին տարիքի, կարճահասակ, սևահեր, փայլուն ու կյանքով լեցուն աչքերով մի կին էր կանգանծ։ Տիկին Էռնան՝ տան տիրուհին, ներս հրավիրեց։ Մինչև կհետևեի նրան, այգում նկատեցի գիպսե կիսանդրիներ, հաճախ նման արձանիկներ  հանդիպում են արվեստանոցներում՝ սկսնակ նկարիչները նրանց միջոցով լույս ու ստվերն են փորձում սովորել։

Տիկին էռնան անցավ  խոհանոց, իսկ ես միջանցքում կանգնած մնացի։ Պատերին նկարներ էին փակցված, առջևում գինու պահարան, ճոճվող աթոռ։ Օրվա ավարտն էի պատկերացնում աթոռին նստած, ճոճվելիս, գինու բաժակն էլ ձեռքիս։

Գինոտ երազից արթանացա, անցա  խոհանոց։ Ժպտալով ընդառաջ գնացի։  Տիկին Էռնան խանդավառությամբ հավից հետաքրքիր ուտեստ էր պատրաստում։ Եռանդով  գլուխը բարձրացրեց ու հարցրեց․ – Թեյ կցանկանաս, թե՞ սուրճ։ Խնդրեցի չանհագստանա, երբ խոհանոցային աշխատանքը ավարտի միասին  սեղանի շուրջ կնստենք։ – Քեզ զգա քո տանը, շրջիր տարածքում, մինչև կավարտեմ։

Աստիճանները հաշվելով, բարձրացա երկրորդ հարկ։ Աչքերս ճպճպացնելով  կանգ առա լուսավորված սենյակի մեջտեղում։ Եթե սենյակում դռներ չլինեին, կմտածեի որ ժամանակագրությունը փոխվել է։

Այնքան զարմացած էի, որ բառեր չէի կարողանում գտնել զարմանքս արտահայտելու համար, պարզապես կանգնած էի՝  բերանս բաց։ Եվ եթե ինչ- որ մեկը այդ պահին պահանջեր, թե ինչո՞ւ էր ինձ շատ դուր եկել այն ինչին նայում եմ, չէի կարող տրամաբանական պատասխան տալ, անկախ նրանից, որ կփորձեի բացատրել։ Պատերին դիմանկարներ, անկյունում վերածննդի ժամանկաշրջանի կտավներ։ Երկրորդ հարկի հյուրասենյակը փոքր ցուցասրահ էր։ 

Չգիտեմ, որքան ժամանակ էր անցել, տիկին Էռնային մեջքիս ետևում կանգնած  զգացի․- Ամուսինս է նկարել, երբ ուսանող էր։ Մինչ օրս վերածննդի դարաշրջանի արվեստագետների  աշխատանքները գլուխգործոցներ է համարում, քանի որ նրանք միշտ ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը, իսկ արվեստի գլխավոր հերոս՝ դարձրել են մարդուն։

Հետևեցի նրան, շարունակեցինք զրույցը խոհանոցում, իր իսկ պատրաստած ազնվամորու կարկանդակի շուրջ։ Հյուրատան հյուրերը Սևանի ափին էին, չէին վերադարձել, սպասում էինք։  Այդ ընթացքում խոսեցինք հյուրատան աշխատանքերի, մատուցած ծառայությունների, ու առհասարակ տան մասին, որը ընտանիքի սիրո խորհդանիշն է։

Չեմ պատրաստվում կիսվել, պետք է ինքներդ լսեք և ունենաք այն բոլոր հույզերն ու ապրումները, որոնք ինքս ունեցա՝ մի բաժակ թեյի և աշխարհի ամենահամեղ ազնվամորու կարկանդակ համտեսելու ընթացքում։ Ի դեպ ազնվամորին Sevan Gallery հյուրատան  բակում է աճում, ինքս էլ քաղեցի։ Ինձ բերքահավաքին հրավիրեցին,  մեծ այգի ունեն՝ զանազան բերքառատ ծառերով։

Հյուրերն եկան, ճաշելու ժամանակն է,  նստելիս նկատեցի, որ սեղանին վեց ափսե է դրված,  տնական թթու, որն ի դեպ կրկին տան տիրուհին էր պատրաստել, պանիր, թարմ բանջարեղեն։ Տիկին Էռնան գազօջախի մոտ բարձրացրեց  կաթսայի կափարիչը, համեմունքներով համեմված հավի անուշ հոտը տարածվեց խոհանոցով մեկ, և մինչ նա լցնում էր ափսեն, ես կոմպոտ լցրեցի բաժակների մեջ։ 

Հատուկ ճաշացանկ չունեն, ինչպես տիկին Էռնան ասաց, ինչը մեծ սիրով ես պատրաստում և մատուցում, դա արդեն յուրահատուկ  է և համեղ։ Ճաշն անցավ աղմկոտ, զվարթ և ծիծաղաշատ։  Սեղանի շուրջ խոսում էինք թե Սևանում ո՞ւր կարելի է գնալ և ի՞նչ անել։ Հեռախոսը զանգեց, տիկին Էռնայի ամուսինն էր, սպասում էին նոր հյուրերի․․․Հասկացա, որ  շատ յուրահատուկ վայրում եմ։ Հյուրատուն, որտեղ գերիշխում է արվեստը։ Իսկ բարձրագույն նպատակը, որին կարող է ծառայել արվեստը, այն է, որ մարդիկ ավելի սիրեն կյանքը։ Դրա մասին վկայում էր հյուրատան մթնոլորտը և այնտեղ բնակվող մարդկանց  կյանքով ուրախացող տեսակը։ Դուք դեռ նստա՞ծ եք համակարգչի առջև, շտապեք, ժամանակն է ուղևորվել Sevan Gallery հյուրատուն։

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: