Բացահայտենք

Տարազ, պաշտամունքներ, հավատալիքներ. Ի՞նչ են թաքցրել հին հայերը

on
24.09.2018

Հին հայկական  հագուտը՝ տարազը, հայերի կենցաղը և մշակույթը բնութագրող տարրերից էր,  խոսում էր մարդու ցեղային, սեռային պատկանելիության մասին և բնութագրում էր հասարակական նշանակությունը: Մարդիկ անմիջապես հասկանում էին, թե տարազ կրողն ինչ  խավի է պատկանել: Տարազի մասին և հայկական կենցաղի մասին ավելին իմանալու անպայման պետք է այցելել Սարդարապատի հայոց Ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան:

Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք են  երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրե դեղինը: Յուրաքանչյուր տարածաշրջան ուներ իր տարազը: Տարազի մեջ թաքնված  են հնագույն գաղտնիքներ և հավատալիքներ: Առօրյա կամ տնային հագուստը հարմարեցվել է տվյալ տարածքի բնակլիմայական, էթնիկական միջավայրին:

Տարազը կազմված է  ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարդարանքից, զարդարանքից, ոտնամանից: Կանանց գլխի  հարդարանքին մեծ նշանակություն է տրվել, այն համարվել է  տան բարեկեցության գրավականը: Ճակատկալի հնագույն օրինակներում  ծաղիկների հետ միասին ամրացվել են կարմիր պոչով ու կատարով աքաղաքներ, որոնք կապվել են  պտղաբերության, բեղմնավորման, որդեծնության գաղափարի հետ:

Ասեղնագործ բանվածքին,որը հատուկ էր կնոջ տարազին, մոգական զորություն էր վերագրվում  ու հավատում էին, որ դրանք կրողներն պաշտպանված էին չար, վնասաբեր ազդեցությունից:

Տարազում գոգնոցի առկայությունը խորհրդանշել է ամուսնացած կնոջը: Երիտասարդ աղջիկը նման գոգնոց չի կրել: Քրիստոնեության  շրջանում հողի պաշտամունքը նույնպես հնարավոր չեղավ դուրս մղել, որովհետև հայտնի քրիստոնյաների և եկեղեցականների գերեզմանները վերածվեցին սրբավայրերի,  որտեղից բերված հողով բուժում էին կանանց անպտղությունը:

Հողին զուգահեռ շատ տարածված էր նաև քարի  պաշտամունքը՝ կապված քարառատ երկիր լինելու հետ: Քարն իր մեջ  արյուն էր արունակում, ընդունակ է ուժ տալու, անզավակ կնոջը երեխա պարգևելու:

Պաշտամունքի առարկա է  եղել նաև աղը: Հին հայերի մեջ շատ տարածված է եղել նորածին երեխայի վրա աղ ցանելու, ինչպես նաև մարդկանց և տան անսրբությունն աղով մաքրելու սովորությունները:

Հին հայերը թվարկած պաշտամունքների կողքին ենթարկվել են նաև Արևի, Լուսնի, Աստղերի, Կրակի և Ջրի  պաշտամունքներին:

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: