ՍյունիքՆուռի․ Բնական օճառների մոգական աշխարհում

Նուռի․ Բնական օճառների մոգական աշխարհում

Երբ առաջին անգամ բնական, ձեռագործ օճառ նվեր ստացա, առաջին մի քանի օրը միայն զմայլվում էի, իսկ երբ սկսեցի օգտագործել՝ հասկացա, որ այլ օճառի համաձայն չեմ։ Սա էր պատճառը, որ որոշեցի սեփական փորձով բացահայտել օճառների մոգական աշխարհը, թե ինչպե՞ս են պատրաստում, պետք էր օճառների առեղծվածի վարագույրից այն կողմ անցնել։

 

Կապան քաղաքում հանդիպեցի օճառագործ Սուրեն Բաբայանին, ով ներկայացնում է «Նուռի» բնական օճառները։ Սուրենի հետ շփվելիս հասկացա, որ  արվեստը նուրբ ու գեղեցիկ մի ուժ  է, բնավ պետք չէ միայն կտավ ունենալ՝ ապրածն ու զգացածը հանձնելու համար:  Յյուրաքանչյուրն ունի իր գեղեցկությունը, մեկի համար լեռներն ու բերդերն են, մյուսի համար՝ երկար ճանապարհներն ու տեսարնները։ Արվեստը ճախրում է, ընդամենը պետք է ափի մեջ առնել ու  ավելացնել ստեղծագործություններում:  Սուրենի ներկապնակում տարատեսակ, բնական օճառներն են, և ով շատ կարճ ժամանակում հոբբին  կարողացավ բոլորին հասանելի դարձնել։

 

Մինչ կպատրաստեինք օճառ, Սուրենը անկեղծացավ, որ օճառագործությունը միշտ է նրան հետարքրել։ Ուսումնասիրել է ինչպես օտարերկրյա օճառագործների աշխատանքները, այնպես էլ՝  հայկականը, շատ կարճ ժամանակ անց էլ հասկացավ, որ այդ աշխարհն իրեն հոգեհարազատ է։

– Սիրում եմ օրվա երկրորդ հատվածում օճառներ պատրաստել, երբ հոգնած վերադառնում եմ աշխատանքից տուն։ Այն թերապիա է, որը թույլ է տալիս մեկուսանալ ու ստեղծագործել։ Բծախնդիր եմ օճառների հանդեպ, շատ կարևոր է, որ բաղադրությունն ու վիզուալ տեսքն ինձ գոհացնեն, հակառակ դեպքում նրանք վաճառքի դուրս չեն գա,-ոգեշնչված պատմում է Սուրենը։ 

 

Մի կտոր բնություն, այս կերպ կարելի է բնութագրել «Նուռի» բնական օճառներին, քանի որ նրանք պատրաստվում են Սյունյաց աշխարհի խոտաբույսերից և դեղաբույսերից։ Օճառագործը վերջերս է վերադարձել Խուստուփից՝ հարուստ  խոտաբույսերով։

 

Մինչ ես ոգևորված օճառ էի պատրաստում ու ինձ մոգ զգում, երիտասարադ օճառագործը պատմում է օճառներում տեղ գտած կոկոսի յուղի մասին, որը մաշկի համար փափկեցնող ամենալավ յուղերից մեկն է, ինչպես նաև խոսեց չիչխանի յուղի մասին, այս մեկն էլ բարելավում է մաշկի գույնը և վերացնում պիգմենտները։

 

«Նուռի»-ում  կան նաև  bestseller օճառներ։ Սուրենը վաղուց է մոռացել, թե քանի հատ ալոեի մզվածքով բնական օճառ ու չիչխանով սկրաբ-օճառ է պատրաստել ու դեռ շարունակում է։ Ի դեպ Հայաստանի ամբողջ տարածքում կատարվում է առաքում։ 

-Եթե գաղափար ունես, անպայման իրականացրու, որովհետև այդ աշխատանքն է դառնալու կյանքի ապրելակերպ, որից և՛ գումար կաշխատես, և՛հաճույք կստանաս։ Օճառների անվան մասին երկար եմ մտածել, միանշանակ պետք էր հայկական լիներ։ Իմ առջև պայման էի դրել , քանի որ օճառներում օգտագործում եմ բնությունը և գտնվում ենք Զանգեզուրի տարածքում, անունը կապեցի նռան հետ, որը հայկականության խորհրդանիշն է, այդպես էլ ստեղծվեծ «Նուռին»,-կիսվում է Սուրենը։

 

Նոր տեսականին իրեն սպասեցնել չի տա, ընթացքում է, ինչպես բոլոր օճառների պարագայում՝ այնպես էլ այս մեկն առաջինը Սուրենը կփորձի, և եթե գոհացնի արդյունը՝ կհայտնվի վաճառքում։ 

Իսկ իմ պատրաստած օճառները իրենց մեջ Խուստուփի տրամադրությունն էին կրում, բոլոր խոտաբույսերը բերվել են այնտեղից։

 

Օճառ պատրաստելու կարևորագույն կետերից է համբերությունը, ինչն ինձ մոտ ի սպառ բացակայում է, դա էր պատճառը, որ օճառները հայտնվեցին սառցարանում և սառեցման գործողությունը երկու անգամ կրճատվեց։ 

Արդեն ասել եմ, որ ողջ ընթացքում ինձ մոգ էի զգում, իսկ երբ խոտաբույսերն ու յուղերը սկսեցի իրար խառնել, զգացողությունը նման էր գերբնական գործողություններ կատարելուն, և  եթե մի քիչ երկար տևեր օճառի պատրաստման ընթացքը, կարծում եմ գուշակումներ էլ կանեի։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ