ԲացահայտենքԿազբեկ լեռ։ Հուզական ճանապարհորդություն

Կազբեկ լեռ։ Հուզական ճանապարհորդություն

Լեռներում կա մի աշխարհ, որը դուրս է ֆիզիկական մարտահրավերներից և գագաթների ձգտումից: Սա մի աշխարհ է, որտեղ զգացմունքները խորն են հոսում, որտեղ մարդկային ոգին մխիթարվում է, և որտեղ լեռները դառնում են խորը ներդաշնակության նյութեր: Այս հոդվածը լեռնագնացության հուզական ճանապարհորդության մասին է, որն ունեցանք Կազբեկ լեռան գագաթին հասնելու ողջ ընթացքում։  

Կազբեկը Կովկասի ամենաբարձր գագաթներից է, որը գտնվում է երկու պետությունների՝ Վրաստանի և Ռուսաստանի տարածքում։ Բարձրությունը՝ 5054 մետր ծովի մակարդակից։ Ժամանակին Կազբեկը եղել է գործող հրաբուխ, իսկ վերջին ժայթքումը տեղի է ունեցել մ.թ.ա. 650 թվականին: Դրանից հետո հրաբուխը աստիճանաբար փոխարինվել է սառցադաշտերով: Այս պահին Կազբեկը լեհերի( Լեհաստանից շատ խմբեր են գնում  Կազբեկ, և 2017 թվականին, սեզոնի սկզբից, լեհ կամավորները 3600 մ բարձրության վրա կայանի մոտ ստեղծեցին ռադիոկայան և բուժկետ) ամենասիրված գագաթներից է, մի հարցրեք թե ինչո՞ւ, այդ պատասխանը նաև լեհերը չգիտեն։  Այն կարելի է բարձրանալ, և ՛  Ռուսաստանից և՛ Վրաստանից, վերջինիս կողմից ավելի հասանելի է, և համարվում է դասական վերելքի տարբերակը։

Վերելքի մոտավոր պլանն այսպիսին էր Ստեփանծմինդա գյուղ հասնելու օրը երկուսիս համար վարձակալել պակաս գույքը՝ սառցակտրիչ (ледоруб), կատվիկներ, սաղավարտ, սպանակակեռիկներ(карабин), անվտանգության գոտի, պարան (որը չգիտես ինչու 24 մետր էր) ընդհանուր արժեքը 350 Gel․

Հաջորդ օրը (1750 մ) ավտոմեքենայով (60Gel) հասանք Գերգեթի (Սուրբ Երրորդություն) եկեղեցու (2170 մ․) ավտոկայանատեղի։ Վանքը գեղեցիկ է, հինավուրց, բայց հիմա մենք շտապում ենք բարձրանալ և ծրագրում ենք տեսնել այն հետադարձի ճանապարհին (իհարկե չտեսանք)։ Ապա քայլել դեպի օդերևութաբանական կայան (3700 մ),  (այստեղ կարող եք քայլել կամ մասամբ հաղթահարել վերելքը ջիպերով և ձիերով), իրերը նույնպես կարող եք բարձրացնել ձիերի օգնությամբ՝ մեկ ձին (250 GEL), կամ մեզ նման A կետից B կետ տանել ինքնուրույն, ինչը բավականին ծանր է, քանի որ սնունդը նույնպես ինքդ ես կազմակերպում, քեզ վերևում ոչ մեկ չի պատրաստվում կերակրել։ Հասա՞ք կայան։ Կարող եք գիշերել ինչպես վրաններում, այնպես էլ հենց օդերևութաբանական կայանում, գիշերը 60 GEL

Մեծ ակնկալիքներ մի ունեցեք, ընդամենը քարակերտ շինություն է, բավական խոնավ և սառը, լավագույն տարբերակը ժամանակը խոհանոցում անցկացնելն է։ Ինչո՞ւ, որովհետև տաք է, և կարող եք ծանոթանալ օտարերկրյա իրական լեռնագնացների հետ։ Երեկոն կջերմացնեք զանազան պատմություններով, ինչու ոչ, նաև կկիսեք վերջին քաղցրավենիքը, օրինակ՝ չորս հոգու միջև։

Երկրորդ օրը նախատեսում էինք կլիմայական արշավ Կազբեկ լեռնանցքի տակով (մոտ 4300 մ), այստեղ ուղեկցորդներով խմբերը սովորաբար ունենում են սառցամագլցման դասեր, բայց քանի որ եղանակը սարսափելի վատն էր, մենք նախընտրեցինք մնալ կայանում՝ կուտակել էներգիա և ունենալ չոր հագուստ վերելքի համար։ Ցանկության դեպքում կարող եք լրացուցիչ գիշերակաց կազմակերպել 4200-4300 մ բարձրության վրա, վրաններ նկատեցինք, բայց, որպես կանոն, դա անհրաժեշտ չէ:

Եվ արդեն նույն օրը, գիշերը վերելք։

Երբ քայլում էի լեռան գիրկը տանող արահետով, վախն ու անորոշությունը գցեցին ստվեր: Լեռան  հսկայական լինելը, սարսափելի բարձունքները և տեղանքի անկանխատեսելի բնույթը խոցելիության զգացում առաջացրեցին։ Կասկածը սողում է, ինքնավստահության շշուկները արձագանքում են մտքում՝ կասկածի տակ դնելով սեփական կարողությունները: Սակայն հենց այս վախերի հետ է, որ սկսվում է բացահայտվել մարդկային ոգու իրական էությունը: 

Չեչենական լեգենդի համաձայն՝ Պխարմատը (Պրոմեթևս) շղթայված է եղել Կազբեկ լեռան վրա։ Ըստ այս ավանդության՝ նա  հսկա էր, ով կրակ էր գողացել մարդկանց համար, ինչի համար աստվածները պատժեցին՝ երկաթե շղթաներով շղթայելով լեռին։ Պատիժը դրանով չավարտվեց՝ ամեն երեկո գալիս էր թռչունը և կտցահարում նրա սիրտը։ Ըստ մեկ այլ պատմության էլ, XIX դարի սկզբին՝ լեռան ստորոտին գտնվող գյուղը պատկանում էր Կազբեկ անունով մի իշխանի, նրա անունով գյուղը դառնում է Կազբեգի, իսկ լեռան անունը՝ Կազբեկ։ 

 

Ամեն քայլի հետ տեղի է ունենում հրաշալի կերպարանափոխություն։ Լեռնային լանդշաֆտների անսահմանությունը, բարձր գագաթների վեհությունը և բնության անաղարտ գեղեցկությունը հարգանք և զարմանք են առաջացնում: Նման շքեղության դիմաց չես կարող չխոնարհվել, քանի որ լեռները դառնում են ավելի խորը կապ բնական աշխարհի հետ՝ արթնացնելով երախտագիտության զգացում մեզ շրջապատող հրաշքների հանդեպ:

Ցավոք լուսանկարներով չենք կարող կիսվել, քանի որ շատ երկար հատված միայն քայլել ենք, առանց հանգստի ու կանգառի։ Պարաններով կապված, ուշադիր, ու լուսանկարելը  տեղին չէր։

Ներքևում, մեզ մաղթում էին լավ եղանակ, ու միայն սեփական փորձով վերջին երկու կմ-ն հասկացանք, թե որքան ունեինք այդ լավ եղանակի կարիքը։ Քամին դաղում էր, տապալում, ապտակում։ Այլ բառեր չեմ գտնում նկարագրելու համար։ 

Կազբեկի վրացական անունը բառացի նշանակում է «սառցե գագաթով լեռ»,  իսկ օսեթերեն՝  «սպիտակ լեռ»։

Մոտ 3500 մետր բարձրությունից սկսած՝ Կազբեկ լեռան լանջերը գրեթե ամբողջությամբ պատված են սառցադաշտերով և հավերժական ձյուներով, իսկ այս բարձրությունից ցածր՝ ենթալպյան և ալպյան մարգագետիններով։ 

 

Հասանք թամբ։

Երբևէ ունեցե՞լ եք ագահության զգացում, հետաքրքիր զգացում է, գիտակցում ես, որ վերջին հարյուր մետրն է, ընդամենը հարյուր մետր, որից մի քանի անգամ աննկատ ու անդադար անցել ես, այստեղ հասնելու համար։ Հաղթահարելով մի շարք փորձություններ, ամենակարողն ես զգում, պատրաստ ես «կուլ տալ» քամու հետ եկած բոլոր սառցաբեկորները, բայց՝ առաջ գնալ։ Ու մի պահ, աղմուկը դադարում է, պատկերները սառում են, միայն տեսնում ես, էլ չես լսում․․․շուրթերի շարժումներից հասկանում ես, որ միմյանց հետ գոռալով են խոսում, այլ տարբերակ չկա էլ։ Մեջդ և՛ շատ լիքն է, և՛ դատարկ, ուզում ես գոռալ, -Անարդար է․․․․ Հետո, լռում ես, կոկորդդ սկսում է ցավալ՝ լացը պահելուց։ Հասկանում ես, նույնը չես լինելու երբեք, փոխվում ես ինքդ քո առջև, սկսում ես ագահաբար օդ կլանել, որովհետև  հենց «ագահության» դեմ ես պայքարում, կայացրած որոշումով էլ արշավասերից վերածվում ես պատասխանատվություն կրող մարդու, ով իր հետ շատ ավելին է ներքև իջացնում, քան հարյուր մետր վերև բարձրանալը կտար։ 

 

1868 թ Առաջին վերելքը դեպի Կազբեկ։ 

Եղանակը կայուն էր, և երեկոյան անձրևից հետո 1868 թվականի հունիսի 30-ի առավոտը գեղեցիկ էր։ Երեք անգլիացիներ Ադոլֆուս Մուրը, Քամմինս Թակերը, Դուգլաս Ֆրեշֆիլդը և ֆրանսիացի ուղեկցորդ Ֆրանսուա Դևուասուն բարձր տրամադրությամբ պատրաստվում էին բարձրանալ։ Թարգմանիչ Փոլը (Պավել Պիպիա) նախօրեին պայմանավորվել էր բեռնակիրների հետ, որոնք արդեն լուսադեմից սպասում էին բակում։ Նրանք իրենց հետ ձի են տարել, որպեսզի բեռը գոնե կիսով չափ բարձրացնեն։ Ալպինիստներին ճանապարհելու համար պատշգամբ դուրս եկան շքեղ համազգեստով մի քանի «ղեկավարներ» և նրանց սպասավորները։ Ամեն ինչ լավ անցավ։

Ուրիշ զգացում եկավ։

 Լեռների լռության մեջ, քամիների հեռավոր արձագանքների մեջ, լեռնագնացները մխիթարություն են գտնում մենության մեջ։ Այսօր նրանցից մեկն էլ մենք էինք։ Առօրյա կյանքի աղմուկից հեռու՝ հնարավորություն է տրվում սուզվելու  հոգու խորքերը։ Յուրաքանչյուր քայլ  դառնում է մի քայլ դեպի ներս, ներքին ունակություն՝ ներդաշնակության և ներդիտման համար: Զգացմունքները բարձրանում և ընկնում են, հիշողությունները ջրի երես են դուրս գալիս, և անհատականության շերտերն աստիճանաբար քանդվում են՝ բացահայտելով և՛ խոցելիությունը, և՛ ուժեղ կողմերը:

Կազբեկը շատ բան տվեց՝ մարդկանց, էմոցիաներ, ապրումներ, տեսարաններ։ Կազբեկը շատ բան վերցրեց՝ էմոցիաններ, ապրումներ, սպասումներ ցանկություններ։ Կազբեկը մեծ հնարավորություններ  տվեց՝ ինքնակրթվելու ու ինքնաճանաչման։ Չհասանք գագաթ, ուժգին քամու պատճառով, բայց ունեցանք անձնական ուրիշ վերելքներ, որոնք 5047-ին հավասար էին։

 Կազբեկի գագաթը, որն այնդպես էլ չհասա, ինձ համար անթիվ քայլերի, դժվարությունների և անձնական սահմանափակումների հաղթահարման գագաթնակետը դարձավ: Վերևից տեսարանը՝ ճանապարհորդության հսկայական պարգև էր։ Լեռ բարձրանալը միայն ֆիզիկական սխրանք չէր: Զգացմունքների պար էր, որտեղ վախը վերածվեց  քաջության, կասկածը` վճռականության, իսկ խոցելիությունը` ճկունության: 

Լեռներն իրենց ահռելի ներկայությամբ դարձան ուսուցիչներ՝ ուղղորդելով  դեպի ինքնաբացահայտում: Զգացմունքային ճանապարհորդությունը, որը խճճված, միահյուսված էր ֆիզիկականի հետ, թողեց  անջնջելի հետք՝ հիշեցնելով սեփական ուժի և փոխակերպման կարողության մասին: Գագաթներից իջնելիս մենք մեզ հետ տանում ենք սովորած դասերը՝ ընդմիշտ փոխված լեռների սրտում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ