ԲացահայտենքԴեմավենդ․Բարձրանալով Ասիայի ամենաբարձր հրաբուխը

Դեմավենդ․Բարձրանալով Ասիայի ամենաբարձր հրաբուխը

Իրան. Յուրահատուկ մշակույթով և բազմազան բնությամբ երկիր՝ անապատներ, լեռներ, կիրճեր, անտառներ և ջրվեժներ: Մեր արշավի նպատակն էր բարձրանալ երկրի ամենաբարձր կետը՝ Էլբուրս լեռնաշղթայի Դեմավենդ հրաբուխը (5610 մ): Վերելքը տեխնիկապես պարզ է և հատուկ հմտություններ չի պահանջում։ Դեմավենդը իդեալական է բարձրության հետ առաջին ծանոթության համար:

Դեմավենդը Իրանի գլխավոր խորհրդանիշներից է, միգուցե դա էր պատճառը, երբ հարցնում էին մեր Իրանում գտնվելու պատճառը, պատասխանը լսելուց հետո հիացած նայում ու ժպտում էին։

Պարսկական բազմաթիվ լեգենդներ կապված են Դեմավենդի հետ: Ըստ լեգենդի, այս լեռան մեջ բանտարկված է չար ոգին՝ Բիվարասբը, և որ նրա գագաթից անընդհատ բարձրացող ծուխը բանտարկյալի շունչն է։ Մյուս պատմությունը հետևյալն է։ Բիվարասբը հրեշի տեսքով  չար ոգի է, ում ուսերից երկու օձեր են աճում: Պարսկական էպոսի հերոսներից մեկը դժվար պայքարում կարողանում է հաղթել հրեշին և բանտարկել սարի ներսում։ Այդ ժամանակից ի վեր Բիվարասբի գարշահոտ շունչը փչում է ճեղքերից։

Դեմավենդը Իրանի և ամբողջ Մերձավոր Արևելքի ամենաբարձր կետն է, ինչպես նաև համարվում է Ասիայի ամենաբարձր հրաբուխը: Լեռան կլիման ունի ընդգծված սեզոնային բնույթ։ Այստեղ գարունն ու աշունը շատ կարճ են։ Ձմեռային սեզոնը տևում է վեցից յոթ ամիս, իսկ ամառային սեզոնը՝ մոտ երեք ամիս։

Յուրաքանչյուր իրանցի հիանալի գիտի, որ մարդիկ Դեմավենդ դեռ հարուրամյակներ առաջ են  բարձրացել։ Առաջին գրավոր վկայությունը 905 թվականին է, երբ ոմն Աբու Դոլաֆ Կազրաջին բարձրացավ գագաթ… Այսօր Դեմավենդը շատ սիրված լեռ է՝ զանգվածային վերելքներով։ Ըստ որոշ տեղեկությունների՝ օտարերկրացիները կազմում են լեռնագնացների մոտ 10%-ը, հիմնական հոսքն ապահովում են իրենք՝ իրանցիները։ Դասական (Հարավային) երթուղին բարձրանալու լավագույն ժամանակը հունիս-հուլիսի սկիզբն է: Շատերը գնում են օգոստոսին՝ արձակուրդների ժամանակ։ 

Իրական ճանապարհորդությունը սկսվեց Պոլուր գյուղից, որը գտնվում է Դեմավենդ հրաբխի ստորոտում։ Այստեղ, Իրանի ալպինիզմի ֆեդերացիայում՝ վճարելով 50 դոլար գրանցվեցինք և ստացանք թույլտվություն վերելքի համար։ Ապա, ամենագնաց ավտոմեքենայով տեղափոխվեցինք Գուսֆանդ Սարայի ճամբար, որը գտնվում է 3040 մ բարձրության վրա։ Ու սկսվեց մեր վերելքը թեթև ուսապարկերով,ինչպես Արարատի վերելքի ընթացքում, այնպես էլ այստեղ մեծ իրերը ձիերն են բարձրացնում։

Մարդը, ով կյանքում առաջին անգամ է սար գալիս, ամենից հաճախ հիացմունք ու ակնածանք է ապրում։ Այնուամենայնիվ, այս զգացմունքները հայտնվում են յուրաքանչյուր ճանապարհորդության ժամանակ, ու այս լեռն էլ բացառություն չէր, այստեղ ինձ զգում էի աննշան և միևնույն ժամանակ մասնակից ինչ-որ անսահման բանի մեջ։

Ճամբար 3՝ 4250 մ: Մեզ տեղավորում են կացարանում և հարմարվում ենք բարձրությանը։ Կացարանի գիշերակացի համար, մեկ անձի օրվա արժեքը  մոտավոր 5 դոլար է կազմում։ Կացարանը հագեցած է գրեթե բոլոր հարմարություններով։ Այստեղ նաև գործում է խոհանոց, եթե քեզ հետ սննդամթերք չես նախատեսել, ապա հեշտությամբ կարող ես պատվիրել։

Արդեն հնարավոր է զգալ ծծումբով համեմված հազվագյուտ օդը, տարածքից նեխած ձվի հոտ է գալիս, իսկ շուտով դեղին փոշով դու էլ կպատվես։ Տեղացի զբոսավարների հետ զրույցները, ովքեր բառացիորեն ամեն ինչ գիտեն այս լեռների մասին, կօգնեն ձեզ շեղվել: Այստեղ շատ հետաքրքիր զբոսաշրջիկներ են հավաքվում, քանի որ Դեմավենդը անսովոր լեռ է, այնտեղ են գալիս իրական էկզոտիկայի և արկածների սիրահարները: Ուստի կարող ես ծանոթանալ ընդհուպ այնպիսի լեռնագնացների հետ, ովքեր նաև Էվերեստ կամ այլ +8000 լեռնային վերելքներ են իրականացրել։

Մեկ օր մնալուց հետո բարձրանում ենք, շատ կարևոր է կլիմայական վարժանքը,  քանի որ 4000 մ բարձրության վրա նույնիսկ բացարձակապես առողջ մարդկանց մոտ կարող է հանդիպել  բարձրության հիվանդության նշաններ։

Այսօր, թերևս, մեր արշավի «գագաթնակետն» է՝ մենք գնում ենք դեպի հրաբուխ։ 1400 մետր տարածություն։ Հագնում ենք լապտերներ, տաք շորեր, վերցնում թեթև ուսապարկը և առաջ։

Հրաշալի, անհամեմատելի զգացում է։ Թվում է, թե լեռը  քեզ օդով է լցնում և վերելքն ավելի  հեշտ է դառնում։ Կտրուկ քամի է,ճիշտ ուղղությամբ, ես չեմ քայլում, ինձ ուղղակի մեջքից հրում  ու բարձրացնում է, տպավորույթյուն է, թե կարող եմ թռչել… Ցուրտ է և միևնույն ժամանակ լավ… Ու մոռանում ես ամեն ինչի մասին…

Բարձրանալիս մարդը կարող է ավելի քան երբևէ մոտ լինել բնությանը և նրա զարմանալի ստեղծագործություններին։ Լեռները տալիս են անմոռանալի հիշողություններ և նոր նվիրական երազանքներ։

 

Ինձ հաճախ են հարցնում, ինչու ես լեռներ բարձրանում։ Պատասխանը հետևյալն է․ -Սարերն ինձ համար մի վայր են, որտեղ դու կարող ես քեզ փորձարկել և հասկանալ, որ դու ավելին ես ընդունակ. մի տեղ, որտեղ մարդիկ բացվում են նոր կողմերից և պարզ է դառնում՝ «քո» անձն են, թե՞ ոչ։  Մի վայր, որտեղ հաճելի է հանգստանալ քաղաքի եռուզեռից, աղմուկից, փոշուց և խցանումներից: Այստեղ անցկացրած ժամանակը տարբեր կերպ է ձգվում. ամեն օր և յուրաքանչյուր վերելք նման է փոքրիկ արկածի, որի ավարտին անկասկած սպասվում են համեղ ուտեստներ և ջերմ կացարան:

 

Ես սիրում եմ սարերը, որովհետև դրանք վեհ ու պարզ են, լեռները գեղեցիկ են ու զարմանալի, նրանք տալիս են ուրախություն և ոգեշնչում, և հույս և խաղաղություն: Ամեն ինչից վեր լեռները բարձրանում են դեպի երկինք և օգնում ուրիշներին բարձրանալ: 

 

Դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն այցելությունը իրականացվել է  Մայադ տուրի աջակցությամբ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ