ՏավուշՔայլարշավ դեպի Դիլիջանի Թաքնված ջրվեժ

Քայլարշավ դեպի Դիլիջանի Թաքնված ջրվեժ

Աշխարհի ամենագեղատեսիլ վայրերից մեկն այն ձորահովիտն է, որ ընկած է Դիլիջան քաղաքից տասնութ կիլոմետր  հյուսիս, և ուր գտնվում է Հաղարծնի վանքը։ Այստեղ 1281 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի է աճում, որը եկեղեցու հասակակից է։ Ավանդությունն ասում է, որ այդ տաճարը կառուցող վարպետը սովորություն ուներ իր կառուցած շենքերի կողքին ընկուզենիներ տնկել։

-Շենքը մնա, ծառը կմնա, ծառը չմնա, շենքը կմնա,- սիրում էր կրկնել վարպետը։- Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին բերանը։ Եվ հիմա անանուն վարպետի հիշատակը հավերժացնում են քարե և կանաչ հուշարձանները։

Քայլելու ենք բնության ամենագեղեցիկ տեսարաններից մեկի ուղղությամբ։ Հայաստանում ջրվեժները շատ տարբեր են, հզոր ջրվեժների կողքին կան այնպիսիք, որոնք միջին չափի են, սակավ ջրով, կան նաև թաքնվածները, որոնց գոյության մասին շատ քչերը գիտեն, այս արահետը տանում է անտառի ամենախորքը՝ դեպի Թաքնված ջրվեժ։

Արշավի սկիզբը սկսվում է Հաղարծին վանքի կողքից, անտառ տանող միակ ճանապարհն է։ Չեք մոլորվի, ճանապարհը քայլարշավային նշաններով կահավորված է: 

Սիրում եմ անտառային արշավները, այստեղի բնությունը անսովոր գեղեցիկ է։ Զգացած կլինեք, անտառն ունի իրեն յուրահատուկ բույր, միգուցե խոնավության, սնկերի, կամ տերևների, սակայն նրանց անուշահոտությունը արբեցնող է, ամեն մի կում իր հետ բերում է կազդուրիչ և ապաքինող ալիք։ 

Քայլում էինք ուրախանալով անտառի զովությամբ, քանի որ արահետն անցնում է ամբողջությամբ անտառի միջով, հնարավոր էր ճաշակել ծառերի արանքից արևի լուսարձակումները։ 1․5 կմ հետո, փայտե կամուրջ կհանդիպեք, գետակն անվտանգ անցնելու համար է կառուցվել։ Անցնում եք և հասնում Թաքնված ջրվեժին։ 

Քիչ ժամանակ անց ետ վերադարձանք, որպեսզի մեկ անգամ ևս հասցնեինք վանական համալիրն ուսումնասիրել։ Առասպելը պատմում է, որ վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ): Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը։

Մեզ առջևում սպասվում էր այցելություն Սևանա լիճ, խարույկ և գիշերակաց ափին, իսկ առավոտյան՝ կայակինգ։

Լուսանկարը՝ Նորայր Հարությունյանի

Երկօրյա հանգիստը, Tripsters արշավային ակումբի անակնկալն էր՝ Արագածի 4 գագաթ բարձրանալու կապակցությամբ։   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ