on
09.09.2020

Ով կյանքում գեթ մեկ անգամ կշնչի լեռների թարմությունն ու անձեռակերտ գեղեցկությունը, դարձյալ կվերադառնա լեռներ: Վերելքի ընթացքում դանդաղորեն լուծվում էինք տարածության մեջ և շատ շուտով տարածության մեջ ներկայություն էինք։

Քայլարշավային փայտի ձայներ, քարերի տատանումներ, ականջներում զնգոց, արագացած շնչառություն։ Օդի ծարավ եմ, չոր շուրթերով փորձում եմ ագահորեն ճանկել բարակ օդի կաթիլները։ 

Նպատակը ճանապարհորդություն է և պետք է պայքարել ճանապարհին, հավատացնում եմ ջանքերը զուր չեն լինելու։ Նպատակին հասնելը դժվար է, բայց պետք է շարունակել։ Դուք՝ նույնպես։

Նպատակին հետևելը փոխում է ոչ միայն կյանքի հենց այդ ոլորտը, այլ նաև կյանքի հանդեպ ձեր մոտեցումը։ Ընդմիշտ։ Դա էր պատճառը, որ որոշեցի մեկ օրում բարձրանալ Արագածի 4 գագաթները։

Մտքերի ճահիճից դուրս գալու համար պետք է մի բանից բռնվել ու ուժեղ քաշել։ Ինքս ինձ հաղթելու համար  որոշեցի գնալ ինձ համար խելագար ճանապարհորդության։ Երկար ճանապարհ ունեի ծանր ուսապարկով․․․ ջրի ու համապատասխան սննդամթերքի հետ վերցրել էի մտքեր, հիշողություններ, սխալներ և այդ պահին ձեռքիս տակ ընկած կյանքից դրվագներ։ Արագածի 4 գագաթ մեկ օրում` կա՛մ «կվառվեմ», կա՛մ «կվերածնվեմ»։ 

Սկիզբ՝ 06:33, Քարի լիճ

Երթուղի՝ Արևմտյան և Հարավային գագաթների արանքով խառնարան,որից հետո Հյուսիսային գագաթ, ապա՝ Արևելյան գագաթ, խառնարանով հետ Արևմտյան գագաթ, վերջում Հարավային և վերադարձ դեպի լիճ։ 


Արագածի մասին մի քանի ավանդազրույց կա,  նրանցից միայն մեկով կկիսվեմ։ Հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր,  առավոտ վաղ արթնանալով՝ նրանք նախ կապել  են իրենց գոտիները և հետո ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։

Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք հակառակ իրենց սովորության՝ մոռանում են գոտիները կապել, բարևում են իրար։ Աստված տեսնելով այդ բարկանում և պատժում է եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։ Այդ հսկաներից մեծությամբ չորրորդը Արագածն է՝ Մեծ Մասիսից, Սեբելանից և Սիփանից հետո։

Այս լեռն  իսկապես ուժեղ տղամարդ է, բնավորության իրական գծերը միայն ուղեկցելու ընթացքում կարելի է տեսնել։  Արագածն ինձ «խանձեց», ողջ ընթացքում երկխոսության մեջ էինք։ Այս վերելքը շատ բան փոխեց իմ մեջ, վերելք, որը դիմադրության և ընդունման մասին էր:

Երկու կատարյալ  հակասական ըմբռնումներ, որոնց  համատեղումը կբերի հոգևոր ներդաշնակություն։ Ողջ ճանապարհին դիմադրում էի ամենախենթ ցանկություններին, ներսումս արյունոտ և ջախջախիչ կռիվ էր։ Կործանումս շատ մոտ էր, ամեն րոպեն  էլ՝ վճռական։ 

Պատրաստ էի հանձնվել՝ գիտակցելով, որ կկոտրվեմ։ Այլևս չի ստացվի ընդունել ինքս ինձ այնպիսին, ինչպիսին կամ, արդյո՞ք ապագայում պատրաստ կլինեմ բոլոր թերություններով հանդերձ փոխել կյանքս, հայտնի չէ։ Արագածի հյուսիսային և արևելյան գագաթներն ատամնաձև ուղղաձիգ էին, ինչի պատճառով վերելքը դանդաղեց և ծանրացավ։ Միայն այստեղ հասկացա, որ գեղեցիկը կարող է սահմռկեցուցիչ լինել։ Վախ, զգոնություն, բերկրանք,անհագստություն՝ գագաթի վրա գերագույն զգացողություններ էին։  Հույզերս Արագածից գաղտնի էի պահում, հնարավոր էր մեծամտություն համարեր  և զրկեր իր կողմից տված փոքր վաստակից։

4 գագաթն ինքնաճանաչման նպատակն էր, ճանաչել ինքս ինձ տարբեր պայմաններում, ճանաչել սեփական էությունը և զարմանալ  սեփական ուժերի վրա:

Ուսապարկս բացեցի, որոշեցի բեռս թեթևացնել, կողք կողքի շարեցի մտքերը,  հիշողությունները, սխալները և ձեռքիս տակ ընկած կյանքից դրվագները։ Քայլում էի լուռ, ոտքերիս տակ ուշադիր նայելով։ 

Արագածի մերձակայքում ցրված են բազմաթիվ կոներ։ Հրաբխային ժայթքումների հետևանքով լեռան լանջերը հսկայական տարածության վրա, ընդհուպ մինչև ստորին փեշերը ծածկված են լավաներով։ Վախենում էի անգամ աչք թարթել, ցանկացած անզգույշ շարժում կարող էր չարաբաստիկ լինել։ Լեռներում մնում ես ինքդ քեզ հետ՝  տարածության մեջ։ Քայլարշավը շարունակվում էր, առջևում խոշոր և զանգվածեղ քարերով հարուստ ճանապարհ էր։ 

Ոտքդ քարին դնելուց ես միայն հասկանում, ճիշտ ընտրություն էր, թե՞ ոչ։ Խաբուսիկ քարեր կան՝ տեսքից կայուն, իրականում անհաստատ, կրկին քայլելիս կարող ես ճանաչել ու տարբերել։ Ճանապարհին քարեր կլինեն, որոնց պատճառով  կընկնեք,  համառ լինելն է կարևոր, չհուսահատվելն ու արագ ոտքի կանգնելը։

Մի ստվար  քարեր էլ՝ ապահով է  հաղթահարել միան ձեռքի փայտի օգնությամբ։  Աննկարագրելի զգացողութուն է, երբ  քայլում ես սեփական կյանքիդ զուգահեռ։ Ողջ կյանքս քարաժայռերի տեսք ուներ, քարերն էլ՝ կայացրած որոշումներն էին և  հանդիպած մարդիկ։ 

4-րդ գագաթին արցունքներս առատ գլորվեցին քամուց այրված այտերիս վրա։ Մարմինս դեռ  դողում էր ապրումներից, զգում էի, թե ինչպես է ադրենալինն ինձ վերականգնում։ Լացելով ժպտում էի․․․ 

Հետևեք նպատակներին, անգամ եթե նրանք անարտահայտելի խենթ են։ «Դու չես կարողանալու» մեկ ամիս շարունակ միայն այս նախադասությունն էի լսում։ Սեփական փորձով կարող եմ կիսվել, թույլ մի՛ տվեք, որ ուրիշները ձեզ համոզեն հակառակը, ուղղակի առաջ գնացեք, լսեք ձեր սրտին, լավ գաղափարի համար համախոհներ միշտ կհայտնվեն։  Անձնական նպատակներն անվերջ են, հենց նվաճեցիք մեկը, կսկսեք մտածել հաջորդի մասին։ Ողջ կյանքը նման է լեռնաշղթայի, որտեղ քայլելու ընթացքում հնարավոր է տեսնել տարվա բոլոր 4 եղանակներն իրենց երանգներով։

Շնորհակալություն լեռնային ուղեկցորդներին,  ողջ ճանապարհին նրանք մոտիվացնում էին, իսկ երբ ուժերս լքում էին, օգնում էին չհանձնվել։

Ավարտ՝ 20:34

Տևողություն՝ 14 ժամ 1 րոպե

Հյուսիսային գագաթ՝ 4090.1 մետր

Արևելյան գագաթ՝ 3908.2 մետր

Արևմտյան գագաթ՝ 3995.3 մետր

Հարավային գագաթ՝ 3887,8 մետր

Լեռնային ուղեկցորդներ՝ Ստեփան Ադամյան, Գուրգեն Կանեցյան

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ:

Որոնել
Արխիվ