Բացահայտենք Ուղղություններ Սյունյաց Աշխարհ

Լեռներին մոտ․ Մեծ Իշխանասար

on
17.02.2021

Շատ անգամ եմ ասել, որ Հայաստանի ճոխ բնությունը հաճախ թույլ է տալիս շրջապատի հանդեպ լինել ավելի առատաձեռն, հոգատար և ուշադիր։ Ժամանակի ընթացքում կսկսեք ներկային ավելի  տեղ տալ, կդադարեք ապրել հիշողություններով կամ սին մտքերով։ 

Վստահեցնում եմ, բնությունը կարող է արթնացնել ձեր միջի իրականին։ Կծանոթացնի ներքին այն ուժի հետ, որը յուրահատուկ է ձեզ և որն ուներ իր ինքնաարտահայտման ժամը։ Եվ եթե կյանքի այս պահին ունեք տագնապներ, ապա արշավները կկարողանան պարզեցնել ձեր մտքերը։

Այս անգամ բարձրանում եմ Մեծ Իշխանասար լեռը, Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության սահմանագծում։ Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր գագաթի բարձրությունը 3550 մետր է։ Լեռնազանգվածում կա նաև Փոքր Իշխանասար գագաթ, որը գտնվում է Մեծից հյուսիս։ 

Մեծ Իշխանասար բարձրացանք լեռան աջ փեշով։ Բարդ էր, ինչ խոսք։ Որպեսզի փոխվես, պետք է հոգնես սեփական հոգնածությունից։ Իհարկե հնարավոր չէ ամեն ինչ սկսել նոր էջից, սակայն կարելի է ապրել նորովի, ինչն էլ կունենա լրիվ այլ արդյունք, ողջ ընթացքում այս միտքն էր պտտվում գլխումս։

Լեռան հարավային  թեքությունը սյունեցիների համար անհիշելի ժամանկներից ծառայում է ուխտատեղի։ Տեղաբնակները մինչ օրս հավատում են, որ տապ եղանակին՝ Իշխանասարից իջեցրած քարը նետելով գետը՝ կարող են անձրև «կանչել»։ Պայծառ եղանակին Իշխանասարից կարելի է տեսնել Արարատը, հեռվում կապույտին տվող  սրտիկ կնկատեք՝ Տոլորսի ջրամբարն է։

Երկու Իշխանասարերը ծնվել են հրաբխից,տեղացիները նաև հավատում եմ, որ սարն ունի նմանը չունեցող էներգիա, այն կարող է դժվարացնել վերելքը, այդ կերպ ստուգում է «հյուրի» համառությունը։ Իսկ եթե լեռն ավելի ուժեղ է գտնվում, և ճանապարհի կեսից քայլարշավորդին ետ ուղարկում,  վերջինս այլևս բարձրանալու երկրորդ փորձ չի իրականացնի։

Մեր ընտրած օրն այդքան էլ բարենպաստ չէր։ Լեռան հոգեվիճակը փոփոխական էր, մեկ արևոտ, մեկ մառախուղ, վերևում մռայլ ամպեր։

Պետք էր իջնել որքան հնարավոր է շուտ, քանի որ անձրևի հավանականությունը գնալով մեծանում էր։ Սիրահարվեցի տեղի բնությանը, ու այդ պահին  աշխարհը որքան էլ թերի լիներ, դարձել էր բազմազանությամբ օժտված, քանի որ իր մեջ ամփոփում էր այն հանարվորությունները, որն իր հետ բերում է սերը։ 

Հիմա վայելում եմ Մեծ Իշխանասար գագաթի իշխանական ուրցը։ Ամեն գավաթ թեյն իր հետ բերում է ջերմ հիշողություններ և համարձակություն

Քայլարշավի համար դիմել` Basen Hotel & Tours, Sisian Tourism Center

Տևողություն՝ 9 ժամ

Դժվարություն՝ Միջին

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ:

Որոնել
Արխիվ