Շարժվում ենք Խնձորեսկ։ Ճանապարհորդությունը հագեցած է, հավատացեք, ոչ մի րոպե չեք զղջալու։
Հուզմունք, հիացմունք, վախ, զարմանք․ «Ճոճվող» կամրջի վրա գտնվող մարդկանց զգացողությունները բազմազան են, երբեք չեն կրկնվում։ Ընդամենը ամիսների ընթացքում կառուցված կամրջի երկարությունը 160 մետր է, իսկ բարձրությունը` 63 մետր։
Կամուրջն այսօր զբոսաշրջիկների շրջանում հայտնի է որպես Խնձորեսկի «Ճոճվող» կամուրջ, որն իրար է կապում է գյուղի երկու հատվածները` Հին Խնձորեսկից դեպի Մխիթար սպարապետի գերեզմանը պահպանելով գյուղի պատմական կոլորիտն ու բնության անաղարտությունը՝այն ավելի գայթակղիչ է դարձնում զբոսաշրջիկների այցը Սյունիքի մարզ:
«Ճոճվող» կամրջի հեղինակը Ժորա քեռին է, ով կառույցը նվիրել է ծնողների հիշատակին: Ժորա քեռին սիրում է նստել կամրջի կողքի աթոռին։ Ժամանած հյուրերը նրա կողքով անցնում են դեպի կամուրջ, իսկ ինքը՝ նստած հետևում։ 7 տարի է անցել կամրջի բացումից, սակայն մինչ օրս հուզվում է, չէր մտածում, որ իր նախաձեռնությունը հայտնի կդառնա ողջ աշխարհին։ Հին Խնձորեսկի քարանձավներով հիանում են բազմաթիվ զբոսաշրջիկներ և զարմանում, թե մինչև ո՞ւր կարող էր հասնել մարդկային երևակայությունը:
Այս ու շատ այլ հետաքրքիր պատմություններով կիսվում է տեղացի ուղեկցորդ Հերմինեն։ Բազմիցս ասել եմ՝ տեղացի ուղեկցորդները եզակի էներգիայով են լեցուն, սիրահարեցնում են տեղանքին և շատ արագ։ Ներքին Խնձորեսկցի Հերմինեն նման մոգական ուժ ունեցեղներից է։ Դեպի Հին Խնձորեսկ արշավի ընթացքում կանցնեք մի աղբյուրի կողքով, ուշադիր նայեք, այն կանացի կրծքի ձև ունի։ Դարերի ընթացքում գյուղի տղամարդիկ թշանմիների հարձակումից պաշտպանել են գյուղը, շատ դեպքերում կանայք նույնպես կռվել են թշնամու դեմ։ Ըստ մի լեգենդի՝ 9 երեխաների մայր Սոնան ամուսնու կողքին է կանգնում կռվի ընթացքում։ Երբ նա զոհվում է, նրա հայրը՝ Օհանը, կառուցում է աղբյուր և Աստծուն աղոթում, որ ջուրը կաթ դառնա՝ 9 երեխաները սոված չմնան։
Ըստ ավանդության` խոր ձորերի մեջ կառուցված լինելու պատճառով, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ` հետագա ձևափոխությամբ դառնալով Խնձորեսկ: Խնձորեսկը ունեցել է 11 պատմական թաղ (մայլա)` Փռթոսի, Ծտի, Թելունց, Չայլուկի, Ներքին, Վերին, Տափլակ և այլն: Սկզբում Խնձորեսկի տների մեծ մասը քարանձավային է եղել, հետագայում կառուցվել են նաև քարաշեն տներ:
Հերմինեն իր հետ բերել էր իր ձեռքով պատրաստած տաք հաց ու թարմ խմորեղեններ․«Երկար ճանապարհ ես եկել․․»։ Կոկորդս հուզմունքից կծվկվեց։