ՍյունիքՄոռացված կետ քարտեզի վրա․ Դաստակերտ

Մոռացված կետ քարտեզի վրա․ Դաստակերտ

Լքված գյուղերն ու լքված քաղաքները տարբեր հույզեր են առաջացնում՝ վախից մինչև հիացմունք: Դրանցից մի քանիսը գրեթե հավասարվել են գետնին, մյուսներում դեռ կարելի է հին իրեր գտնել։ 

Քաղաքը կենդանի օրգանիզմ է։ Այն գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ արյունը հոսում է նրա փողոցներով-զարկերակներով, որոնց լեյկոցիտները մենք՝ բնակիչներս ենք։ Բայց երբեմն մարդիկ հեռանում են՝ տարբեր պատճառներով, լինի դա ճառագայթում, թե աղետ, կամ գուցե պարզապես քաղաքական իրավիճակ: Իսկ քաղաքը վերածվում է մումիայի՝ այն չի քայքայվում, այլ չորանում է, կորցնում արյունը։ Նրա զարկերակները ճաքում են, աչքերի խոռոչները բացվում են: Նման մի զգացողություն ունեցա Դաստակերտում, փոքրիկ և կոմպակտ ՀՀ-ի ամենափոքր քաղաքում։

Ըստ գտած տեղեկությունների, որոնք այնքան էլ շատ չեն, քաղաքը նաև անվանվել է Դաստակերն, Դաստակյուրդ: Մտել է Սյունիք նահանգի Ծղուկ գավառի մեջ: Հիշատակվում է 12-13-րդ դարերից` Ստեփանոս Օրբելյանի կողմից: Հնում սովորական գյուղ էր: Ըստ Տաթևի վանքի հին հարկացուցակի գյուղի հարկը կազմում էր 10 միավոր: Քաղաքատիպ ավան է համարվում 1951թ-ից և այդ ժամանակներից էլ սկսում է ավանի երկրորդ կենսագրությունը, երբ տարածքում կառուցվում է պղնձամոլիբդենային կոմբինատ:

Խոշորացման ծրագրի արդյունքում այն միացել է Սիսիան համայնքին: Ոչ հեռավոր անցյալում կյանքը Դաստակերտում եռում էր: ԽՍՀՄ տարիներին այնտեղ բնակվել են նաև ադրբեջանցիներ։ Այսօր Դաստակերտը համարվում է Հայաստանի ամենաաղքատ բնակավայրերից մեկը, իսկ կոմբինատի և բժշկական գործիքների գործարանի շենքերն ավերակների են վերածվել: 

Ամենից հաճախ Հայաստանում ուրվական քաղաքները լքված բնակավայրեր են, որոնց ճարտարապետական ​​լանդշաֆտը հաճախ մնում է գրեթե նույն վիճակում, ինչ վերջին բնակիչները լքել են դրանք: Նման քաղաքների հայաթափման պատճառներից են տեղական բնական ռեսուրսների սպառումը, գործարանների փակումը, տնտեսական ակտիվության տեղափոխումը այլ վայրեր:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ