Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը` 3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում` 375մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500մ է, ավելի շատ, քան ՀՀ որևէ այլ մարզում:
Սյունիքի անունը կապվում է պատմական Հայաստանի Սյունիք նահանգի հետ, որի տարածքի միայն մի մասն է ընդգրկում ներկայիս Սյունիքը։ Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է կազմում, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների։ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով։ Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը։ Միջնադարյան Սյունիքը շատ ավելի մեծ տարածք էր գրավում, քան այժմ։ Այն ժամանակ Վայոց Ձորը,Գեղարքունիքը, Նախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը Սյունիքի իշխանների տիրույթների մեջ էին մտնում։
Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:
Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները: Սյունիքն ունի հազարամյակների պատմություն․ այն սկսվում է անհիշելի ժամանակներից, շարունակվում Վանի թագավորության, Մեծ Հայքի թագավորության, Սյունիքի իշխանության շրջաններով։ Մարզը հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ։ Այստեղ պահպանվել են նախնադարյան բնակատեղիներ, ամրություններ, դամբարանադաշտեր, մեր թվարկությամբ թվագրվող ամրոցներ, կրոնական կառույցներ և ձեռակերտ այլ արժեքավոր օբյեկտներ
Սյունիքի մարզում` Ծավ գետի ավազանում, գտնվում է Սոսու պուրակը: Ըստ ավանդության պուրակը ստեղծվել է հնագույն ժամանակներում, և ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ են արել: