Լոռին աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով, որի մասին վկայում են տասնյակ վանքերը, բերդերը, ամրոցներն ու հուշակոթողները։ Պատմամշակութային ինքնատիպ հուշարձանների բազմազանությունը որոշակիորեն պայմանավորված է այն հանգամանքով, որ 10-12-րդ դարերում այստեղ գոյություն է ունեցել անկախ հայկական պետականություն՝ ի դեմս Լոռու կամ Տաշիր-Ձորագետի թագավորության։ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված օբյեկտներից երկուսը՝ Հաղպատի ու Սանահինի միջնադարյան վանական համալիրները գտնվում են Լոռու մարզում։
Մարզն աչքի է ընկնում նաև ազգաբնակչության էթնիկ կազմի բազմազանությամբ: Այստեղ կան հունաբնակ և ռուսաբնակ բնակավայրեր: Առանձնակի տեղ ունեն մոլոկանները, ովքեր լինելով էթնիկ ռուսներ, առանձնանում են ինքնտիպ կրոնապաշտամունքային պատկերացումներով, մշակույթով ու կենցաղավարությամբ:
Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ և Փամբակ վտակներով: Հարուստ է նաեւ հանքային աղբյուրներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները։