
«Melkonyan Arts & Crafts»․Կարպետագործության քաղցրաձայն մեղեդիները
Երևանի գողտրիկ անկյուններից մեկում տպավորությունս այնպիսին էր, կարծես հայկական «Թթենի» ֆիլմում էի, Սասմսոնն ու Գասպարն էլ շուտով ընդառաջ են գալու։ Տան բակում էլ ՝ կհանդիպեմ Գասպարի հինգ տղաներին, ովքեր Սամսոնի աղջիկներին չեն թողնի թութ քաղել, քանզի համոզված են, որ ծառն իրենցն է։ Նույն վեճը կրկնվում է ամեն տարի, ծառն անցնում է մեկին, հետո՝ մյուսին։ Բայց ամեն անգամ հաշտվում են ու միասին վայելում իրենց բակերի միջև կանգնած ծառի պտուղները։
Ջերմություն լցնող զգացողություն ունեցա, «Melkonyan Arts & Crafts» -ում եմ, չորս կողմից շրջապատված թթենիներով։
Ինձ ներս հրավիրեց ժպտերես, արտաքինից հանդարտ, կենսուրախ, բոցավառվող աչքերով Գայանեն։ Երևում էր, որ հին տուն է՝ ներծծված գունավոր հիշողություններով։
-Պապիկիս տունն է, մեր գաղափարը ի սկզբանե կառուցված է եղել «թութ և բուրդ»-ի շուրջ։ Բուրդը դառնում է թել, կարպետ, գորգ, իսկ թութը՝ շփոթ, դոշաբ, օղի,- կիսվում է Գայանեն և շարունակում, – Այստեղ հյուրերը կարող են վարպետաց դասերի միջոցով ծանոթանալ գորգագործության և կարպետագործության ողջ ընթացքին, հետո՝ թութ թափ տալ, համտեսել։
Ճախարակ, գունավոր թելերը, իլիկ, կտուտ և հանկարծ ականջիս հասավ գեղեցիկ մի մեղեդի։ Կարպետագործը կարծես թելերի օգնությամբ նվագում էր, հրաշալի, պարզ ու մաքուր։ Հիացմունքս շատ մեծ էր, պատրաստ էի երկար կանգնել և հիանալ այդ ներդաշնակ բարեհնչունությամբ, որն այդ պահին ամփոփում էր կարպետագործության ողջ գեղեցկությունը։ Նման քաղցրաձայն մեղեդիներ միայն կարպետագործության և գորգագործության ընթացքում կարող եք ճաշակել։
-Զբոսաշրջիկներին պրոցես է պետք։ Նրանք ցանկանում են տեսնել թե ինչպե՞ս են թելը ստանում, բնական գույներով ներկում։ Միասին գործում ենք՝ ընթացքում էլ, պատմելով ծանոթացնում նախշի նշանակությանը։ Յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել, ունենք ինչպես մեկօրյա, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ, -պատմում է Գայանեն, ընթացքում իրենց աշխատանքների հետ է ծանոթացնում։
-Ի դեպ բնական ներկերով բրդի թելը ներկելու առաջին փորձերը հաջողությամբ են ավարտվել և այդ թելերն արդեն իրենց տեղն են գտնում մեր կարպետներում։
Այստեղ գտնվելու ընթացքում, իմացա, որ հայկական գորգերի կարմիր գույնը ստացվել է «որդան կարմիր» ներկանյութով, որպես ապացույց հանդիսանում է Էրմիտաժում ցուցադրվող ամենահին «Պազիրիկ» գորգը, մ.թ.ա. 5-4-րդ դար, որի «որդան կարմիր» ներկով ներկված լինելը արդեն ապացուցված է գիտնականների կողմից: Արաբ պատմիչները նշում են, որ ժամանակին եվրոպական շուկաներում ամենաարժեքավոր գորգերը հայկական գորգերն էին, որովհետև դրանք պատրաստված էին բարձրորակ բրդով և ներկված դիմացկուն «որդան կարմիր» ներկանյութով, վերջինիս պատճառով հայկական գորգերը հայտնի էին արաբական աշխարհում «կրմզ» (կարմիր) անունով:
Նախկինում գորգերը ստեղծվել են ընտանիքին հաջողություն բերելու համար։ Շատ հաճախ նրանց վրա կարելի է հանդիպել կենաց ծառի, ինչը ընտանիքի պաշտամունքն է, արգասաբեր է և պաշտպանում է չարքից։ Կարպետ գործել են և՛ մեծերը, և՛ փոքրերը: Գյուղերում աղջիկները դեռ վաղ հասակից նստել են տորքի առջև։ Այն աղջիկների դաստիարակության մեջ մեծ նշանակություն է ունեցել։
-Թելի հետ աշխատող աղջիկները օժտված են եղել հեզությամբ և համբերությամբ։ Եթե ետ նայենք անցյալի հայ կանանց, ապա կնկատենք, որ նրանք բոլորը արտասովոր և բացառիկ համբերություն են դրսևորել։
Չնկատեցի, թե որքան արագ անցավ ժամանակը, հրաժեշտի պահն էր։ Այս այցելությունից ինձ հետ տանում եմ նվեր բրդյա, տաք մասիկներ և գույների տրամադրությունը, որոնք անփոխարինելի են, և յուրաքանչյուրը նոր ճանապարհորդության սկիզբ է։
Բարի գալուստ մի աշխարհ, որտեղ ձեզ կպատմեն ամեն ինչ կապված գորգերի և կարպետների մասին, և որտեղ դուք էլ կարող եք մասնակցել դասերին և հյուսել ձեր սեփական մտքերից ծնված կարպետները։
This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.
Leave a Reply