Խորիշահն իր արձանագրությամբ պատմում է.
«…վերստին շինեցի զեկեղեցին Մեծառանից ի փրկութիւն հոգոյ իմոյ, ի բարէխաւս յիշեցէք»:
Հակոբավանքը Խոխանաբերդի ճյուղի հոգևոր կենտրոններից է եղել: Այստեղ «վերստին շինեցի» արտահայտությունը օգտագործված է վերակառուցման, նորոգման իմաստով: Նորոգողները նախկին շինությունների քարերը ցաքուցրիվ տեղադրել են. գերեզմանաքարերը՝ պատերի մեջ, խաչքարերը առաստաղին: Արձանագրություն պարունակող, հղկված քարերը՝ անկյուններում: Շինությունները կարկատանի տպավորություն են թողնում: Հակոբավանքը, բացի 1212 թվականի վերակառուցումից, հետագայում, մոտավորապես 17-18-րդ դարերում, նույնպես նորոգվել է: Այդ է հաստատում արձանագրություններից մեկը.
«Նորոգեցաւ ի թուին հայոց: ՌՃԽ (1691 թվական), ձեռամբ Գրիգոր եպիսկոպոսին»
– Դիվան հայ վիմագրության, էջ 11