հայաստանի լեռները

Մադան․ Հայաստանի հունական հետքը

Մադան․ Հայաստանի հունական հետքը

Վանաձորից գնացինք Ալավերդի, քաղաքի թատրոնի կողքով  ձախ բարձրացանք ու հայտնվեցինք Մադանում։ Երբ հունական  գյուղում էի՝ հուլիս կամ օգոստոս ամիսն էր, եղանակի պիկ, ամենաբարձր աստիճանն էր,  ամենուրեք ստվեր ես փնտրում՝ թաքնվելու համար։ Ավտոմքենայից իջա ու մարմնովս սարսուռ անցավ, փշաքաղվեցի  այն տեսարանից, որն իմ առջև էր։

Սա այն լքված տարածքը չէր, որը կարելի էր սիրել ու վայելել։ Կիսալքված ու կիսաավեր գյուղ էր, որն ուներ հստակ անցյալ, պատմություն, հիշողություններ։ Գյուղը մի զառամյալ ծերունու էր նման, ով գյուղամիջում՝ պիջակ և տաբատ հագած նստած էր փայտե աթոռին, ձեռքում պտտացնում էր ձեռնափայտը և նայում մեկ շատ հեռու, մեկ՝ ոտքի տակ։ Մի ծերուկ, որի մաշկը տարիներ շարունակ դաշտի աշխատանքների պատճառով արևից խանձվել էր ու կնճռոտվեր։

Զարմանալի չէ, որ Հայաստանում հունական գյուղ կա, չէ որ հայերն ու հույները միշտ են բարեկամներ եղել։ Հայերը Հունաստանում բնակություն են հաստատել դեռևս 5-ից 6-րդ դարերում։ Ներկայումս Հունաստանում բնակվում է շուրջ 45 հազար հայ։ Հայկական աղբյուրները նշում են որ 20-րդ դարի 80-ական թվականներին Հայաստանում ապրում էին 12 հազար հույն։ Խորհրդային միության փլուզումից հետո շատերը բռնեցին արտագաղթի ճամփան, ինչպես նաև հույները։   

Այսօր Մադանում հաշված մարդիկ են ապրում։ Ցավոք,  նրանցից ոչ ոքի չկարողացա հանդիպել։ Մոտ 25 տարի առաջ գյուղում ապրել է 800 -1000 մարդ։  90-ականներին Հունաստանի կառավարությունը հայաստանցի հույներին ապահովում էր տնով, աշխատանքով, այդ պատճառով շատերը թողեցին իրենց տները և տեղափոխվեցին Հունաստան։  Այնուհետև մեկը մյուսին կանչելով հետզհետե գյուղը դատարկվեց։ Մադանում կիսավեր է նաև 1800թ. կառուցված եկեղեցին, որը չի գործում: Եկեղեցուն կից շինությունն էլ կնկատեք, գյուղի ակումբն է՝ դարձյալ փակ դռներով: Իսկ գյուղի հատուկենտ այցելուները հիմնականում այն մարդիկ են, որոնք հանգուցյալ ունեն տեղի գերեզմանոցում։ Այժմ գյուղը  երբեմն նաև համարվում է Ալավերդու մի թաղամաս։

Լուռ կանգնեցի մի հողաբլրի վրա, որտեղից ամբողջ գյուղը տեսանելի դարձավ։ Մտքերով ետ գնացի, փորձեցի պատկերացնել,թե ինչպիսի՞նն էր կյանքն այստեղ։ Ուրախության ճիչ, աղմուկ-աղաղակ, հունական  երաժշտություն, ախորժալի ու դուրեկան բույրեր բնորոշ հունական խոհանոցին։ Եվ վերջում ընտանիքներ, որոնք ամենափոքր առիթով հավաքվում էին մեկի տանը, 8 հոգով, 20 հոգու աղմուկ բարձրացնում, միմյանց հերթ ու դադար չտալով պատմում գյուղի անցուդարձի մասին։

Մտքերից ստափվեցի՝ գյուղին ոչ բնորոշ լռությունից․․․

 

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on