Բնական ջրհեղեղները և ջրամբարներ ստեղծելու մարդկային ցանկությունները շատ քաղաքների անհետացման պատճառ են դարձել: Ողողված քաղաքի շինությունները հավասարվել են ջրամբարների հատակին, սակայն ջրի վերևում երևում են ապացույցներ, որ ժամանակին այս վայրում քաղաք է եղել:
Ջրի վրա կարելի է տեսնել եկեղեցական սյուներ: Այս անգամ քայլարշավը սկսում ենք Սիսիանից, քայլում ենք երեք կիլոմետր հարավ։ Հասնում ենք Տոլորսի ջրամբար, ի դեպ շատ տարբեր բարձրություններից երբ նայես, կնկատես, որ այն սրտաձև է։ Քայլարշավի երթուղին անցնում է ջրամբարի կողքով, իսկ ջրամբարում երևացող եկեղեցին հիշեցնում է այստեղի երբեմնի պատմությունը։
Հին Տոլորս գյուղը Որոտանի ՀԷԿ-երի կասկադի հիդրոհանգույցների շինարարության պատճառով մնացել է Տոլորսի ջրամբարի տակ, իսկ այժմյան Տոլորսը գտնվում է հենց ջրամբարի ափին։
Տոլորս գյուղը 1970-ականներից մնացել է ջրամբարի տակ,այդ գյուղում հնագետների կողմից հայտնաբերվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ՝ լի ամեն տեսակ ոսկյա զարդերով և բրոնզե արձանիկներով։ Գյուղն ուներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին՝ կառուցված 1861 թվականին, որը սակայն մասամբ հայտնվել է ջրամբարի ջրերի տակ։
Ամեն տարի ջրամբարի ջուրը լցվում է և եկեղեցին ծածկում, հնարավոր է նավակի միջոցով մոտենալ, իսկ ամռան վերջին ջուրն իջնում է այնքան, որ եկեղեցի հնարավոր է մտնել ոտքով:
Ջրամբարի տակ ապրող վանքի մասին պատմում են
Ավելի քան կես դար այս եկեղեցին գտնվում է Տոլորսի ջրամբարի ջրերում։ Տեղի բնակիչները պատմում են, որ երբ ջրամբարի ջուրը բարձրանում է սովորական մակարդակից, և եկեղեցին ողողվում է մինչև գմբեթը ջրով, սկսվում է կարկուտով հորդառատ տեղատարափ, որը ոչնչացնում է ողջ բերքը։ Ենթադրվում է, որ դա Աստծո պատիժն է սրբավայրը անտեսելու համար: Ցավոք սրտի, ջրհեղեղի ժամանակ եկեղեցու վիճակը խիստ վատթարացել է։
Շամբի ջրամբար
Հաջորդ կետը, որտեղ ավարտվում է քայլարշավը Շամբի ջրամբարն է, այստեղ բնությունը եզակի է։ Քայլարշավի ընթացքում ինձ պատմեցին, որ Շամբ անունով հին գյուղը հիշատակվում է Բագրատունի Աշոտ Գ թագավորի 966 թ․ Մաղարդավանքի, իսկ հետագայում Որոտնավանքի 1315 թվականի արձանագրությունների մեջ։
Ինչո՞ւ ընտրել այս երթուղին
Սյունիքի բնությունը եզակի և չկրկնվող է։ Արշավի ընթացքում կքայլես քեզ համար նոր ու ջրառատ տեսարաններով։ Ճանապարհին մի պահ կանգ առ և զմայլվիր չքնաղ բնության պատկերով։
Leave a Reply