Բացահայտենք Լքված տարածքներ Որքա՞ն արժե Ուղղություններ

Հալիձորի բերդ`պատմություն կրող պատեր

on
09.07.2020

Ճանապարհորդությունը շարունակվում է Սյունյաց խրոխտ պատմության հետքերով։ Ուղղությունը, որը ընտրել ենք, ժամանակային առումով մեզ տեղափոխեց վաղ անցյալ, իսկ ավելի հստակ՝ 1700-ական թվականներ։ Հալիձորի բերդի աշխարհագրական դիրքի, ուշադրություն գրավող բնության գեղեցիկ տեսարանների շնորհիվ ճանապարհը երկար չթվաց: Կանգնած եմ Հալիձորի բերդի մուտքի մոտ, որը կառուցվել է 17 դարի 1-ին կեսին, որպես անապատ, իսկ 18-րդ դ.Դավիթ Բեկն այն վերակառուցել է բերդի, որն իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է նրա ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ 

Ինքնատիպ, անկրկնելի  կառույց, որ ներշնչում է հավատ և ուժ, հավատ՝ գեղեցկության, ուժ՝ պայքարի և դժվարությունների հաղթահարման։

Շրջում եմ Հալիձորի բերդում, անցնում եմ կիսափուլ սենյակների կողքով, որոնք շուտով միգուցե անհետանան։ Բերդի ամեն մի սրահի հետ փոխվում են պատկերները, անմիջապես տեղափոխվեցի անցած ժամանակներ, որտեղ կարելի էր զգալ զինծառայողների փառավոր ու աներկյուղ քայլքերը։

Հաջորդ պատկերը Դավիթ Բեկն է՝ սկզբից խիստ տխուր և լուռ, բայց հետո մտախոհ դեմքը հետզհետե սկսեց պայծառանալ, եղջյուրները շարունակում էին կատարել իրենց հանդիսավոր շրջանը։ Մնացածի ուրախությունը արտահայտվում էր խառնաձայն աղաղակներով, վայրենի գոռում-գոչյուններով և երբեմն իրարից անջատ երգերով։ Բոլորը եռանդով խմում էին։ Եվ սպառնալիքներ էին կարդում այն սեղանակցի դեմ, որ կհամարձակվեր մինչ վերջին կաթիլը չդատարկել եղջյուրը։ 

Ըստ տեղեկության՝ այստեղ, Դավիթ Բեկը  շրջափակված է եղել, իսկ Պարսից շահի զորքերը որքան կռվում են, չեն կարողանում գրավել բերդը։ Մելիք Ֆրանգյուլը, որը հայտնի էր Շուն Ֆրանգյուլ կեղծանունով, իբրև ուրացող ու դավաճան՝ պարսիկներին հայտնում է գետնի տակով անցնող ջրի ճանապարհը։ Թշնամին գնում, կտրում է ջուրը։ Պաշարվածները ծարավից թուլանում են։ Մի գիշեր էլ նրանք գաղտնի ճանապարհով դուրս են գալիս բերդից։ Պարսից շահը հարձակվելով գրավում է դատարկ բերդը։

Դավիթ Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727 թվականին Դավիթ Բեկը կապ է հաստատում Պարսից շահ Թահմազի հետ, ով ճանաչում է Բեկի իշխանությունը Սյունիքում,  և տալիս է դրամ հատելու իրավունք։ Դավաճան Մելիք Ֆրանգյուլը մահվանից հետո թաղվում է հասարակաց գերեզմանից հեռու, առանձին։ Ասում են, անցորդներն իրենց պարտքն էին համարում մոտենալ նրան և թքել այդ քարի վրա։ 

Բարձրացա կտուր, որտեղից Կապան քաղաքն էր երևում, ողջ գեցեկությամբ։ Բայց իմ միտքն անցյալի շղարշով էր պատված, թե ինչպես էր սեղմվում գազազած թշնամու օղակը, պարտվածներ չկան, վերջին ուժերը լարելով համարյա արյունաքամ, դիմադրում են։ Վերջում՝ վերերկրային լույսով փայլող աչքեր։Գնալու ժամանակն էր։ Ցանկացա վերջին անգամ շրջել բերդում։ Անտանելի մի զգացում ունեցա, երբ պատերին գրված տկարամիտների անուններ նկատեցի։  Խոնարհում եմ աչքերս։ Իհարկե, այս ամենը  վաղուց արդեն պատմություն է մեզ համար, սակայն ամեն անգամ,  երբ թերթում ես այդ էջերը գաղափարական և սխրանքի այնպիսի վառ օրինակներ ես գտնում, որոնք  այսօր էլ անհրաժեշտ են մարդուն։ Ինչո՞ւ ենք սեփական ձեռքով խեղաթյուրում պատմությունը՝ սևացնելով պատմություն կրող պատերը։ Պատասխան չկա։

Նյութը պատրաստվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիր›› ՊՈԱԿ-ի աջակցությամբ։

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: