Բացահայտենք Ուղղություններ Տեսնելիք և անելիք

Ենոքավան․էմոցիաների փունջ մեկ վայրում

on
18.02.2020

Ցանկանո՞ւմ եք  գլխապտույտ առաջացնող էմոցիաներ, երազո՞ւմ եք ադրենալինի մեծ չափաբաժնի մասին, սիրում եք էքստրիմ, սակայն չգիտեք ինչից սկսել, ապա Տավուշի մարզի,  Ենոքավան գյուղի Yell Extreme Park-ը ձեզ համար է։

Ենոքավանում էքստրեմալ հանգիստը արկածներ փնտրող և սիրողների համար է։  Այստեղ, իրեն հերոս կարող է զգալ ցանկացած ոք, ամենևին կապ չունի էքստրիմում սկսնակ ես,  սիրահար թե պրոֆեսիոնալ, տարբեր դժվարություններով համեմված ժամանցի տեսակները հասանելի են  բոլորին, մնում է ընտրել` որից սկսել։

Ինչպե՞ս հայտնվեցի Ենոքավանում։ Ամեն ինչ սկսվեց մի պարզ ցանկությունից, ներքին, վառվող, ինչ-որ նոր բան փորձելու ցանկությունից։

Առաջին փորձությունը ձիավարությունն էր, երբեք այդ մտքով խանդավառված չեմ եղել։ Ձիարշավորդ Արմեն Օրդինյանը համառոտ ներկայացրեց ձիերի մասին։ Պարզվում է այս կենդանիները շատ զգայուն են և այն քիչ կենդանիներից են, որ կարողանում են անկեղծ ընկերություն անել։

Միգուցե սա էր պատճառը, երբ ինձ առաջարկեցին ձի հեծնել՝ արագ համաձայնեցի։ Ձիավարելու  ընթացքում ձեռք բերեցի տարրական գիտելիքներ, թե ինչպե՞ս ճիշտ վարվել կենդանու հետ։ Ու առհասաակ իմացա, որ եթե ձիերը ականջները ետ են տանում, ապա պատրաստվում են խբել կամ կծել, ուղղակի պաշտպանվում են։ Ձիերը շատ արագ են ընտելանում մարդկանց հետ, շատ արագ են կառավարելի դառնում, վայրի վիճակից ընտելացում տևում է 10-15 օր։ Նրանք էլ, մարդկանց նման տարբերվում են իրենց խառնվածքներով և եթե հմուտ հեծյալ եք, շատ արագ կզգաք կենդանու բնավորությունը։ Աչքի են ընկում խելացիությամբ, եթե մեկ անգամ մի ճանապարհով կենդանին անցնի, ապա այն երբեք չի մոռանա։

Շատ զարմացա, երբ իմացա, որ երամակում միայն մի արու ձի կա, և այդ մի ձին հսկում  և պաշտպանում է բոլորին այլ երամակներից։ Արու ձիերը մինչև կյանքի վերջ կարող են պայքարել միմյանց հետ,  մինչև նրանցից մեկը ի վերջո կհանձնվի կամ կսատկի։ Նրանք նաև ամենահոգատար կենդանիներն են՝ գիշերը շրջանաձև դասավորվում են, ձագերն էլ շրջանի ներսում՝ հնարավոր վտանգից խուսափելու համար։

Բացահայտումների շնորհիվ կորցրեցի ժամանակի զգացողությունը, վաղուց 20 րոպեն անցել էր և ժամանակն էր առաջ, դեպի մեկ այլ փորձության։

Զիփլայն։  Նախ մինչև թռիչքը  ծանոթացա անվտանգության կանոններին,  մասնակցության պայմաններին և համաձայնագիր  ստորագրեցի։ Եթե հիշում եք, ես արդեն զիպլայնի թռիչքի փորձ ունեմ, սակայն հետաքրքիր է Տավուշի բնությունը և այն տեսարանը, որը թռիչքի ընթացքում է բացվում։ Ի դեպ, յուրաքանչյուր թռիչք, ունի իր փունջ զգացողությունները, նրանք երբեք չեն կրկնվում։

 Yell Extreme Park-ը առաջարկում է Զիփլայնի 5 տարբեր ճոպանագիծ՝ 135-ից 750մ․ երկարությամբ, իսկ բարձրությունը 200-300 մ․։ Մի հետաքրքիր բան նկատեցի,  առաջին ճոպանագծից թռնելու համար աշխատակիցները ինձ բառիս բուն իմաստով «քերեցին» կանգնած տեղից, իսկ մյուս կայաններից թռչելու համար պարտադիր չէ աշխատակցի  միջամտությունը, այլ ինքդ ես մղվում առաջ, այդ կերպ ողջ թռիքչների ընթացքում հոգեբանական բարիերներ ես հաղթահարում և այն արգելապատնեշները, որոնք քեզ խանգարում էին, այսուհետ անհետացած են։

Չէ՞ որ ինքդ ես գնում առաջ, որոշում կայացնում, ընտրում պահը և դա էլ թույլ է տալիս, որ ամբողջությամբ վայելես թռիչքը իր ողջ զգացողություններով։ Վերևից արժանվույն կարողանում ես գնահատել Հայաստանն իր ամբողջ գեղեցկությամբ և այն յուրաքանչյուր եղանակի ինքնատիպ է գեղեցիկ։  Թռիչքի ընթացքում հիշեցի ամերիկացի գրող Ռիչարդ Բախին, ով ասում էր, որ  Ջոնաթան Լիվինգսթոն ճայը ապրում է մեզանից յուրաքանչյուրում։ Մարդը կատարյալ արարած է բանականությամբ, կամքով և, հետևաբար, ընդունակ է իսկապես բարձունքներ հասնելուն:

Հերթական ճոպանագծից ինքնակամ վազելու ընթացքում իմ մեջ արթնացավ ազատասեր արարածը, որն  իր առջև բացարձակ ոչ մի խոչընդոտ չէր տեսնում, ինչպես նաև բացակայում էին նրա կյանքից «անհնար», «վախկոտություն», «ծուլություն» բառերը: Իսկապես զորեղ, ինքնավստահ կերպար է, ով թռչում էր դեպի աստղեր, դեպի անսահմանություն, դեպի  կատարելություն: Թռչելու ընթացքում հասկանում ես, որ կարող ես գիտելիքներ ունենալ, նույնիսկ կողքիդ հիանալի առաջնորդ, բայց եթե պատրաստ չես վախի վրայով թռչել,  ապա չես կարող հավատալ ինքդ քեզ և ցավոք ոչինչի չես հասնի։ Ի վերջո ցանկացած հզոր գաղափարի ետևում կանգնած է բացարձակապես անվախ որոշում։

Yell Extreme Park-ի մյուս ծառայությունները կմնան հաջորդ անգամ, օրը ձնառատ էր, պետք էր վերադառնալ Երևան։

Զիփլայն, փորձությունների այգի, ձիավարություն, պարապլանով թռիչք, վիա ֆերատտա ու շատ այլ հետաքրքրությունների համար ձեռք բերեք One Day pass տոմս և մեկ օրվա ընթացքում օգտվեք Yell Extreme Park-ի բոլոր ծառայություններից՝ վճարելով մեկ գին։

Ժամանակն է մտածել  Հայաստանը արկածային ձևաչափում բացահայտելու մասին, շտապեք, այն իսկապես բոլորովին այլ գույներ և զգացողություններ է նվիրում։

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: