Բացահայտենք Տեսնելիք և անելիք

Հայաստանը թռչնի բարձրությունից

on
05.02.2020

Յուրաքանչյուր ոք ինչ-որ բանից վախենում է։ Շատերը շներից կամ միջատներից, շատերը  ծաղրածուներից կամ մթությունից, իսկ ես էլ կյանքից վախերի մեծ փաթեթ եմ նվեր ստացել 🙂  Միջատներ, մթություն, բարձրություն, սարդեր և եթե երկար մտածեմ, ապա այս ցանկը անսպառ կլինի։ Ճիշտ է, վախերին շատ վաղուց մարտահրավեր եմ նետել, մի քանիսը  հաղթահարվել ու արագորեն անհետացել են, իսկ մի քանիսի դեմ՝ դեռ պայքարում եմ։ Օրինակ՝ վախենում եմ մոտենալ բարձրահարկ շենքի եզրին, բայց այդ հանգամանքը չի խանգարում ինձ բարձրանալ հազար մետր բարձրություն:  Դա էր պատճառը, որ այս անգամ որոշեցի պարապլանով թռչել։ Դուք էլ կհամաձայնեք, որ մարդու մոտ թռիքչների նկատմամբ հետաքրքրությունը երբեք չի մարում,  դա է երևի պատճառը, որ երբ երկքնում ինքնաթիռ կամ ուղաթիռ ենք տեսնում, հայացքով ճանապարհում ենք, մինչև օդում կմնա անտեսանելի սպիտակ գիծ։ Պարապլանով թռիչքը միանգամայն տարբերվում է ինքնաթիռի թռիչքից։ Մի շարք հարցեր էին  տանջում, ի՞նչ է զգում մարդը թռիչքի ընթացքում, ինչպե՞ս է տեսնում տարածքը վերևից։ Ահա, որոշեցի զգալ թռիչքի անհավատալի զգացողությունները, որպեսզի կիսվեմ ձեզ հետ։

Պարապլանով  թռիչքի համար լավագույն ընտրությունը  Sky Club-ն է, այստեղ ցանկացած հարցի մոտենում են գրագետ և հոգատարությամբ։ Եվ  ինչպես նրանք ասացին․-Ամեն թռիչք ունի իր յուրօրինակ հիշողությունները և թռչելու համար թևեր ամենևին էլ պետք չեն: Sky Club-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի հետ շարժվում ենք Եղվարդի օդանավակայան։ Ճանապարհին բացվում է տեսարան դեպի Արայի լեռ, երկինքը  պարզ է ու ջինջ, նշանակում է՝ թռիչքը իրականանալու է։

Այն երկար չէր տևելու ՝ 20 րոպե: Թռիչքից առաջ անհանգստությունս գլուխ բարձրացրեց, վախը ներսումս մի տաք անկյուն գտավ, խուճապը սկսեց ուժեղանալ, կրծքավանդակում ծանրություն առաջավավ և  ձեռքերս ցնցվեցին։ Թռչելու ընթացքում ճիչ, ենթադրում եմ, որ մինչև մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող բոլոր թռչունները վախից երկնքից ընկան, իսկ Արմենը՝ խլացավ։ 🙂  Մի քանի վայրկյան և հայտնվեցինք 1000 մ․ բարձրության վրա։ Խուճապն էլ  թռիչքի 3-րդ րոպեից անհետացավ։ Ինձ համար անծանոթ հարթությունից  բացվեց աննկարագրելի, գեղեցիկ ու չկրկնվող տեսարան։- Հիմա հասկանում եմ քո կախվածությունը երկնքից,- անկեղծ խոստովանեցի Արմենին։ 

Դժվարանում եմ կիսվել բոլոր զգացողություններով, որովհետև  նրանք բոլոր թռնողների մոտ շատ տարբեր են։ Կարող եմ ասել, որ  երկնքում ժամանակի զգացողությունը կորցրել էի։ Հասկացա, որ պարապլաներիստը երկնքում թռչունի նման է։ Եվ ինչպես  ցանկացած բան, այնպես էլ երկինքը բնավորություն ունի։ Ամենից հաճախ այն շատ բարի և սիրալիր է, բայց անփույթ և անխոհեմ վերաբերմունքը շատ բան կարող է փոխել։ Եվ եթե երկնքի «սիրտը շահես», ապա այն կպարգևի անթիվ և չկրկնվող ուրախություններ ու պահեր։

1000 մետր բարձրության վրա հանգիստ ճախրում էինք, վայելում էի առջևում բացված տեսարանի յուրաքանչյուր կտոր, և վերջապես  շնչում էի ազատություն։ Գրեթե ամեն օր եմ բացահայատում Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ, սակայն երբեք չէի մտածի, որ այն ավելի գեղեցիկ է թռչնի բարձրությունից։

Ապշեցնող էր Արմենի թռչելու հմտությունը․- Պարապլանով պետք է թռչունի նման թռչել` առանց թևերը թափահարելու, տաք հոսանքներ ման գալով ու դրանցով վերև բարձրանալով,-կիսվում է  նա։ Երկնքում մի քանի պտույտ կատարելուց հետո, թևերի դիրքը թեքեց, պարապլանի ընթացքը դանդաղեցնելով հայտնվեցինք ճանապարհին, թռնում էինք ավտոմեքենաներին ընդառաջ․․․․ Տպավորությունները շատ են, նոր, խենթ, բայց՝ իրական, որքան էլ պատմեմ, ինձ լավ հասկանալու համար պիտի մեկ անգամ փորձեք թռնել։ 

Ի դեպ Sky Club-ը  իրականացնում է թռիչքներ երկու տեսակի պարապլանով՝ շարժիչով և առանց: Նրանք  թռիչքներ ենք կատարում Սևանի, Ապարանի, Տաթևի, Հաղարծինի վանքերի, Գառնիի Ենոքավանի տարածքում, Հայաստանի այն վայրերում, որտեղ կան լեռներ և գեղեցիկ տեսարաններ։ Տարվա բոլոր եղանակներին զգացողությունները տարբեր են։ Եվ իսկապես աննկարագրելի հաճույք է Հայաստանին վերևից հետևելը։ 

Խոստանում եմ, շատ շուտով պատմել  Արմենի մասին։ Նրա պարապլանով թռիքչների, հաջողությունների և Հայաստանում փոքր ավիացիան զարգացնելու պլանների մասին:


Իսկ եթե դուք արդեն հասցրել եք Հայաստանի գեղեցկությունը  վայելել վերևից, կիսվեք ձեր տպավորություններով։

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: