Սահմանին Տեսնելիք և անելիք

Խաչիկ գյուղում կամ գաթայի փառատոնին․ Որտեղից սկսվում և ավարտվում է Հայաստանը

on
29.10.2019

Այս անգամ ճանապարհը տանում էր դեպի Սահմանպահ Խաչիկ գյուղ, որտեղ հասնելու համար Արենի գյուղից թեքվեցինք աջ,  18 կմ. ոլորապտույտ ճանապարհ բարձրանալուց հետո հայտնվեցինք փոքր մի գյուղում, ի դեպ ճանապարհին եթե ուշադիր լինեք, ապա  հեռվում կնկատեք Նորավանքը։ Սեպտեմբերի 21, աշնանային տաք արևոտ օր, գյուղում էլ հայկական ազգային հրուշակեղենի՝ Գաթայի փառատոն։ 

Նախկինում այս գյուղում եղել էի, սակայն  ամեն անգամ զարմանում եմ տեղաբնակների արիությամբ, քաջությամբ և արարելու ձգտումով։   Խաչիկը սահմանապահ գյուղ է, որն երեք կողմից շրջապատված է Նախիջևանով։

Գյուղի «մուտքից» արդեն պարզ էր, որ փառատոնին խաչիկցիները  շատ երկար էին պատրաստվել։ Ազգային երգ ու պար, ավանդական  խաղեր, ծիծաղկոտ դեմքեր ու երջանկությունից փայլող աչքեր։ Մի անկյունում  արիշտայի պատրաստում, մյուսում՝ օղու թորում։  

Գյուղի մուտքի երկայնքով գյուղական տաղավարներ, լի չրով, մրգերով, համեղ քաղցրավենիքներով և  Խաչիկի բրենդ հանդիսացող պանրի տեսականիով։ Փառատոնին արհեստի և արվեստի գործերի ցուցահանդես վաճառք էլ կար: 

Էլ ինչ գաթայի փառատոն, որտեղ չմասնակցեի  գաթայի պատրաստման վարպետաց դասին։ Թոնրի շուրջ հավաքված կանայք պատմեցին, որ Հայաստանում գաթայի պատրաստման  շատ տարբերակներ կան և մեր մարզերից յուրաքանչյուրն ունի գաթայի իրենց սեփական տարբերակը:

Իմացա, որ  հնում հայ կանայք  գաթան պատրաստել են տոնական օրերին և  թաքցրել նրա մեջ մետաղադրամ, իսկ այն գտնողին սպասվում էր մեծ հաջողություն:  Հայ կանայք գաթան պատրաստելիս ջանացել են փոխանցել աղանդերի միջոցով իրենց ողջ ջերմությունն ու սերը ընտանիքի անդամներին, որպեսզի հաջողությունն ուղեկցի նրանց ողջ տարվա ընթացքում: 

Գաթայի վարպետաց դասին հետևեց թոնրի լավաշի ու արիշտայի վարպետաց դասերը։ 

Իսկ դուք գիտեի՞ք, որ արիշտան պատրաստվում է ալյուրով, ջրով, աղով։ Պինդ խմորի  յուրաքանչյուր կտոր պետք է գրտնակել լավաշի նման, հետո արիշտայի համար նախատեսված գրտնակով կտրել։ Չորացրած արիշտան թեթևակի կարմրեցնում են չոր թավայի մեջ մինչև վարդագույն-ոսկեգույն երանգ ստանալը։

Խաչիկում  լինել և չհամտեսել ազգային աղանդերը նշանակում է չհասկանալ հայկական թխվածքի իրական համն ու հոտը, դա էր պատճառը, որ ես սկսեցի տաղավարներով շրջել և համտեսել մի քանի տեսակի գաթաներ։

Այս այցելության ընթացքում բացահատեցի Առաստամուղը։ Աշխարհագրության ուսուցչուհի Երանյակ Պետրոսյանն իր աշակերտների հետ ստեղծել էր 3000 և ավել նմուշ ունեցող թանգարան: Հետագայում հեղինակի մահից հետո թոռները հավաքածուն փորձել են ներկայացնել գավառագիտական թանգարանի միջոցով: Թանգարանը գտնվում է Խաչիկ գյուղում: Թանգարանն ունի 3 սենյակ՝ թոնրատուն -ցուցասենյակ որտեղ ցուցադրվում է լավաշի թխման և օղու թորման նմուշներ։  Թանգարան-ցուցասենյակում արդեն կարող եք տեսնել հավաքածուի հիմնական մասը: Այստեղ նաև իրականացնում են կարպետագործության և գորգագործության վարպետաց դասեր։ 

Թանգարանային տուրից հետո, տիկին Սոնան  հրավիրեցին իրենց տուն։ Ի դեպ, տան տիրուհին թանգարանում իրականացնում է կարպետագործության և գորգագործության վարպետաց դասեր։ Տիկին Սոնան  շատ համառ գտնվեց, և եթե մենք իրենց տանը չհյուրասիրվեինք, մեզ ուղղակի չէր ների։ Որքան էլ ասեցինք, որ քաղցած չենք, նա չցանկացավ լսել, 3 րոպե անց սեղանը առատ էր ավանդական հայկական ուտեստներով։ Սեղանի շուրջ մտերմիկ զրույց, իրար հաջորդող կենացներ, իսկ վերջում էլ մեզ հետ «դրեց» քաղցր, դեղնաթուշ տանձեր,  և ասաց․ «Ճանապարհ եք գնում, կզբաղվեք» , -հրաժեշտ տվեց։ 

Ետ էինք վերադառնում, նույն ոլորապտույտ ճանապարհով, պատուհանից նայեցի, թերակղզու նմանվող  գյուղը սարի ետևում էր մնացել։ Մեկ անգամ պետք է լինել Խաչիկ գյուղում, փորձել ամենահամեղ պանիրը, գաթան, շփվել տեղաբնակների հետ։ Չէ որ այստեղից էլ սկսվում կամ ավարտվում է Հայաստանը։

 

Իսկ եթե արդեն հասցրել ես լինել գյուղում, կիսվիր տպավորություններով

 

 

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: