Սահմանին

Բերքաբեր՝ քաղցր սահման

on
01.05.2019

Տիգրան Հարությունյանն իմ տեսած ամենաերիտասարդ, բայց արդեն փորձառու մեղվապահներից է։ Աշխատասեր, համառ, նախաձեռնող, չհանձնվող երիտասարդին հանդիպելուց հետո, իմ ճանապարհորդությունը սահմանապահ Բերքաբերում թեթևանում է, ինչո՞ւ, որովհետև այն մարդկանց, որոնց նախատեսում էի հանդիպել, բոլորին զանգահարում է և իմ փոխարեն պայմանավորվում։

Մենք  շարժվեցինք փեթակների մոտ,  որտեղից բացվում է ամենաազդեցիկ տեսարանը՝  ջրամբար, երկու երկրների այգիններ, որտեղ արդեն գյուղատնտեսական աշխատանքներ են տարվում։ Զգացողություն, որը միգուցե երբեք չկարողանամ նկարագրել։

Պարզվում է, այն մեղրը, որը պատրաստում է Տիգրանը՝ Միացյալ Նահանգներ է արտահանվում։  Նա նաև պատմեց, որ հինգ  տարի է, ինչ ամբողջությամբ զբաղվում է մեղվաբուծությամբ, մինչ այդ պարտավորություն էր, քանի որ այն պապի թողած «ժառանգություն էր»։ Եվ այն օրը,  երբ որոշեց սեփական նախաձեռնությամբ մեղվափեթակներ ավելացնել, փոխվեց մեղվի հանդեպ  հետաքրքրությունը և ավելի հիմնովին սկսեց ծանոթանալ մեղվաոլորտի հետ։

Փեթակների մի մասը կողքի՝ Աճարկուտ գյուղում է։ Մեկ տարի է,  ինչ փեթակները Բերքաբեր է տեղափոխել, այսուհետ փորձելու է ամբողջ գործունեությունը բնակավայրում ծավալել։  

եղվին պետք չէ մոտենալ  որպես կծող միջատի, նա մարդու բարեկամն է։ Մեղվի հետ նուրբ աշխատանք է պահանջվում,-հիշում է պապու խորհուրդները, իսկ ընթացքում ծխով վախեցնում  մեղուներին, որպեսզի չխայթեն։

Տիգրանը նաև օրգանական մեղրի արտադրությամբ է զբաղվում։ Միայն մեկ անգամ է մի փեթակից 50 կգ մեղր ստացվել։ Ընդհանրապես մի փեթակից կարելի է ստանալ  0-ից մինչև 30 կգ մեղր։ Կարևոր է, թե ինչպիսին է այդ տարի եղանակը։ Պատմեց, որ մեղուն կարող է ապրել մեկ ամսից մինչև 6 ամիս։

– Մեղվի մահը կախված է թևերի մաշվելուց,  չէ որ բերքի ժամանակ անընդհատ թռիչքի մեջ է և, երբ թևերը մաշվում են,այլևս չի կարողանում վերադառնալ  փեթակ, – կիսվում է Տիգրանը։


Երիտասարդ մեղվապահը հեշտությամբ է տարբերում  Բերքաբերում արտադրված մեղրը։ Նույնիսկ փեթակը 20 մետր հեռավորության վրա էլ գտնվի համը կարող է տարբերել։


Տիգրանը շատ չի սիրում խոսել, փոխարենը սիրում է աշխատել ու աշխատանքով ներկայանալ։ Այնուամենայնիվ աշխատանքից իրեն կտրեց, որպեսզի  ողջ օրն ինձ ուղեկցի։ Ու սա այն սկիզբն էր, որից հետո ճանապարհները  ինձ ավելի հաճախ կբերեն Բերքաբեր։

Կարդացեք նաև՝ Բերքաբեր․Մեկ ջրամբար` երկու երկիր

Նյութը պատրաստվել է Բերքաբեր ՀԿ-ի աջակցությամբ

Հետևեք ինձ նաև Telegram–ում և Instagram–ում

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ: