ՍյունիքԿապուտան լիճ․ Զանգեզուր լեռնաշղթայի հայելին

Կապուտան լիճ․ Զանգեզուր լեռնաշղթայի հայելին

Հայաստանը կախարդական երկիր է։ Ոլորապտույտ ճանապարհները ձեզ կտանեն դեպի միջնադարյան ժամանակներ, փառավոր անցյալ։ Լեգենդներն այստեղ ամենուր են, միայն պետք է ականջ դնել ու վայելել երկրի ողջ հմայքը։ Այս այցելությունը ինձ համար էլ բացահայտումներով լի է լինելու, որովհետև չնայած նրան, որ բավականաչափ ճամփորդել եմ Հայաստանում, կան վայրեր, որոնց մասին միայն լսել եմ, և առաջին անգամ եմ ոտք դնելու։ Եթե բախտս բերի տեսնելու եմ Կարմիր գրքում գրանցված կենդանիների։ Քայլելու եմ ուղղություններով, որտեղ ինքս առաջին անգամ եմ լինելու։ Եթե ասեմ որ հուզվա՞ծ եմ, շատ մեղմ է ասված։ 

Բացահայտումներիս հարցում ես անխոս ունեմ օգնականներ, մարդիկ, որ օրնիբուն աշխատում են հենց այդ ուղղությամբ։ Նրանց շնորհիվ է, որ մամուլում, սոցիալական ցանցերում երբեմն շատ հաճախ հանդիպում եք հայոց լեռներում ապրող ընձառյուծի մռութը, իսկ Կարմիր գրքում տեղ գտած կենդանիները նրանց մշտական հյուրերն են։ 

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2013 թվականին։ Այն կառավարում է Սյունիքի մարզի յոթ հատուկ պահպանվող տարածներ․ «Շիկահող» արգելոց, «Արևիք» ազգային պարկ, «Զանգեզուր», «Խուստուփ», «Սև լիճ»,«Սոսու պուրակ» և  «Բողաքար» արգելավայրերը, որոնք միմյանցից տարբերվում են պահպանության ռեժիմներով։ Ուսումնասիրում,  վերականգնում և զարգացնում է իր պահպանության տակ գտնվող կենդանական և բուսական աշխարհը, բնական էկոհամակարգերը, լանդշաֆտային բազմազանությունը, բնության եզակի հուշարձանները, բնական պաշարների բնականոն զարգացումը։ 

Այն վայրերը, որոնք նախատեսում եմ այցելել, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի բնության հատուկ պահպանվող տարածքներում են գտնվում։ Ի՞նչ է դա նշանակում, որ առանց զգուշացնելու  իրավունք չունենք հատել տարածքը։ Ի դեպ, հենց այս գրասենյակում եմ իմացել բեզոարյան այծի և մուֆլոնի մասին, նախկինում դրանք բոլորն ինձ համար պարզապես այծեր էին։ Բայց․․․ ինչպես ինձ աշխատակիցները ստուգեցին հարցնելով, արդյո՞ք տարբերում եմ այծը ոչխարից, այնպես էլ ես ձեզ կբացատրեմ, որ դրանք բացարձակապես տարբեր կենդանիներ են։  Բեզոարը այծ է, մուֆլոնը՝ ոչխար։ Իրականում շատ յուրահատուկ և մեր աչքից հեռու կենդանիներ են, որ խուսափում են մարդկանցից և ապրում են իրենց վայրի կյանքով։ Նրանց մասին առանձին հոդված կթողարկեմ։

Ու մենք տեսա՜նք․․․Ինչպես մեզ ասացին ուղեկցողները, բնությունը շռայլ էր մեր հանդեպ և մեզ հաջողվեց հանդիպել մուֆլոնի։ Անզեն աչքով մուֆլոնին դժվար է տարբերել բնության գույներից, քանի որ բնությունը ամեն ջանք գործադրել է պաշտպանելու իր ստեղծած արարածին։ Աննկատ և շատ արագաշարժ կենդանիներ են։ Դժվար է հայացքով ֆիքսել նրանց մի կետում, թերևս օգնության կարող է գալ տեսախցիկը։ 

«Զանգեզուր» արգելավայրի առաջին կանգառը Կապուտան լիճն է։ Բնության հուշարձան է։ Անիրական գեղեցկությամբ, թաքնված գոհար: 

Կապուտան/Գոգի լիճ

Կապուտան/Գոգի լիճը տեղակայված է 3286 մ բարձրության վրա, Հայաստանի ամենախոր լճերից մեկն է, որի առավելագույն խորությունը 22 մետր է, մակերեսը՝ 10 հա։ Ջրի մաքրության և պարզության շնորհիվ հնարավոր է մինչև 3 մետր խորությամբ տեսնել լճի հատակը:

Եթե մենք լինեինք հունական դիցաբանության նման ճարտարախոս, ապա առանց մի վայրկյան վարանելու կհիմնավորեինք լճի անունը։ Լինելով այսքան պարզ և գտնվելով այսպիսի բարձրության վրա անխոս լիճը ամեն օր արտացոլում է երկնքի կապույտը իր խորքերում։ Եվ իսկապես, երբ կանգնած ես ափին մոտիկ, ջինջ կապույտ երկինքը արտացոլվում է, ինչպես պարզ հայելու մեջ։ Իսկ այս աստվածային գեղեցկության մեջ թերևս լողում են լեռների դիցուհիները։ 

Շարունակելի․․․ 

Նյութը պատրաստվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աջակցությամբ։ 

 

Instagram
Հետևեք ինձ