ԵրևանՍալոմե․ Բացահայտելով առեղծվածը

Սալոմե․ Բացահայտելով առեղծվածը

Վարդգես Սուրենյանցը ստեղծել է ոչ թե պարզապես նկար, այլ խորը մեդիտացիա մարդկային վիճակի մասին։

Իր հուզող գեղեցկությամբ և զգացմունքային հնչեղությամբ «Սալոմեն» վկայում է արվեստի մնայուն ուժի մասին։ Ինչո՞ւ, որովհետև կարողանում է և՛ հմայել, և՛ հրահրել։ 

Սուրենյանցի «Սալոմեն» սոսկ կնոջ նկար չէ, այն սիմվոլիզմով ու հանելուկներով լի ստեղծագործություն է։ Նկարի անկյունում Սալոմեի կերպարն է՝ անձնավորելով գեղեցկությունը, առեղծվածն ու ուժը։ Նրա հայացքն ու ժեստերը գրավում են դիտողի ուշադրությունը՝ ստիպելով մտածել իր ներաշխարհի ու ճակատագրի մասին։

Դուք գիտեի՞ք

1907 թվականին ստեղծած «Սալոմեն» Վարդգես Սուրենյանցի ամենատպավորիչ ու ազդեցիկ գլուխգործոցներից է: 19-րդ դարի վերջին Եվրոպայում Արևելքի հանդեպ աճող հետաքրքրության շնորհիվ Սալոմեի լեգենդը երկրորդ կյանք ստացավ: Անգլիացի սիմվոլիստ դրամատուրգ Օսկար Ուայլդի «Սալոմե» պիեսը (1891) մեծ աղմուկ հանեց` ոգեշնչման աղբյուր հանդիսանալով նկարիչների, քանդակագործների ու երաժիշտների համար: Ըստ Նոր Կտակարանի` հրեաների արքա Հերովդես Անտիպպան ամուսնանում է իր եղբոր կնոջ` Հերովդիայի հետ: Հովհաննես Մկրտիչը դատապարտում է այս արատավոր կապը, և Հերովդիայի դուստրը, մոր խորհրդով, յոթ ծածկոցներով իր պարի դիմաց Հերովդեսից պահանջում է Հովհաննես Մկրտչի գլուխը: Ուայլդի պիեսում Սալոմեն դեռահաս աղջիկ է` սիրահարված Հովհաննես Մկրտչին: Բազմիցս մերժվելով նրա կողմից և վրեժխնդրության ծարավի` Սալոմեն իր պարի դիմաց Հերովդեսից պահանջում է Հովհաննես Մկրտչի գլուխը:

Հետաքրիքր է իմանալ

Սուրենյանցը միտումնավոր կերպով հրաժարվել է Սալոմեի ավանդական պատկերագրությունից` նրան ներկայացնելով առանց Հովհաննես Մկրտչի գլխի: Մեր առջև կանգնած է փոթորկոտ հույզերով ու ապրումներով տոգորված կին, որոնք նա փորձում է թաքցնել` խոնարհելով հայացքը: Հոգեվիճակների նուրբ մատուցման վարպետ Սուրենյանցն այս ամենը փոխանցել է կոմպոզիցիոն կառուցվածքի, գծերի ու զարդանախշերի ռիթմի, կերպարի կեցվածքի, հայացքի, գունային կոլորիտի միջոցով: Ներքևից ընտրված դիտակետը, ասիմետրիկ հորինվածքը, մանր, կետա-գծային վրձնախաղերը, որոնցով հագեցած է ողջ կտավը, – այս ամենը սրում է պատկերի դրամատիզմը և անհանգիստ թրթիռով լցնում այն: Գեղարվեստական այս բարձրարժեք ստեղծագործությունն իրավամբ դասվում է համաշխարհային կերպարվեստում Սալոմեին և ընդհանրապես կնոջ կերպարին նվիրված լավագույն երկերի շարքին:

Կարևոր է

Մինչև Ազգային պատկերասրահում հանգրվանելը «Սալոմեն» անցել է երկար ճանապարհ՝ մասնակցել է 1908 թ. Պերեդվիժնիկների 34-րդ ցուցահանդեսին, 1913-ին՝ Մյունխենի 11-րդ միջազգային պատկերահանդեսին «Ապակե պալատում», իսկ 1914-ին, Հռոմում կայացած ռուս նկարիչների ցուցահանդեսից հետո, Առաջին աշխարհամարտի պատճառով այն չի վերադարձվել Սուրենյանցին: Պահպանվել է Մարտիրոս Սարյանի` Իտալիայում ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ Լև Կամենևին ուղղված նամակը, որով նա խնդրում է նկարը ուղարկել Հայաստան: Սարյանի ջանքերի շնորհիվ 1929 թվականին «Սալոմեն» վերջնականապես հանգրվանում է Ազգային պատկերասրահում:

Վերականգման գործընթաց

Կլիմայի տատանումների հետևանքով կտավի մակերեսին առաջացած ներկաշերտի թափվածքները եղան առաջին ահազանգը, ինչից հետո «Սալոմեն» անհապաղ տեղափոխվեց ՀԱՊ-ի վերականգնման և կոնսերվացման բաժին:

2019 թ. վերականգնողների խորհուրդը միաձայն հաստատեց, որ գեղանկարն ունի հիմնովին վերականգնման կարիք: Առաջին հայացքից բազմիցս ուսումնասիրված 112-ամյա կտավը շատ գաղտնիքներ էր թաքցնում, որոնց բացահայտումները հետագայում հիմք դարձան վերականգնման աշխատանքների համար: Գեղանկարն ուներ մի շարք վնասվածքներ` կտավի ձևախախտումներ և թուլություն, եզրաշերտերի պատռվածքներ, կտավի մակերեսին առաջացած ներկաշերտի և հիմնաշերտի մանր թափվածքներ, մակերեսի կեղտոտվածություն, նախկինում կատարված երանգավորումներ, իսկ շրջանակավորման արդյունքում առաջացած հորինվածքի խախտումը ենթադրում էր երկարատև և համապարփակ վերականգնման միջամտություններ:

Առաջին իսկ զննման ժամանակ պարզվեց, որ շրջանակը ստորին հատվածից 3 սանտիմետրով ծածկում է հեղինակային ներկաշերտը: Զարդանախշերով հարուստ փայտյա շրջանակը, որով երկար տարիներ ցուցադրվում էր կտավը, նույնպես զերծ չէր մնացել տարատեսակ վնասվածքներից և աղտոտվածությունից: Չորս անկյունային հատվածներում գիպսե զարդանախշերի որոշ հատվածներ թուլացել էին, մի քանիսը բացակայում էին և երանգավորված էին բրոնզաներկով: Այսպիսով, «Սալոմեի» վերականգնման աշխատանքները սկսվեցին շրջանակից: Կրկնելով զարդանախշերը` մեծացվեցին շրջանակի ուղղահայաց հատվածները, ինչը հնարավորություն էր ընձեռում ոչ միայն պահպանելու առանձնակի արժեք ներկայացնող շրջանակը, այլև հետագայում ցուցադրելու աշխատանքը առանց կտավի հորինվածքի կոպիտ փոփոխության:

Տեսողական զննման և նյութական փորձարկումների արդյունքում ներկաշերտում հայտնաբերված տարատեսակ ներկանյութերը`յուղաներկ, տեմպերա, մատիտ, յուղամատիտ, հնարավորություն տվեցին ճշգրիտ որոշելու ստեղծագործության կատարման տեխնիկան և նոր խնդիրներ դրեցին վերականգնողների առջև․․․

Մի շարք այլ տեղեկություններ

կիմանաք, երբ այցելեք Հայաստանի ազգային պատկերասրահ։

  • Վերականգնված կտավի կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութն ու աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով:
  • Էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ համապատասխան գործիքներով ու նյութերով աշխատանքային սեղան, նկարակալ և այլն։ 
  • Ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով դուք կարող եք ինքնուրույն զննել ստեղծագործության վերականգնված հատվածները, երանգավորումներն ու այլ միջամտությունները:
  • Ցուցահանդեսում ներկայացված է նաև «Սալոմե» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ պատրաստված տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։ 

Հոդվածը պատրաստվել է  Հայաստանի ազգային պատկերասրահի մասնագետների աշխատությունների հիման վրա։

Լուսանկարները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի

Instagram
Հետևեք ինձ