ՍյունիքՃանապարհորդություն Կապանի երկրագիտական ցուցանմուշների միջով

Ճանապարհորդություն Կապանի երկրագիտական ցուցանմուշների միջով

Այս պատերի մեջ տեղակայված է հազարավոր տարիների հմայիչ պատմություն, որը բացահայտում է Սյունյաց աշխարհի ձևավորման և էվոլյուցիայի բուռն պատմությունը:

Բարի գալուստ Կապանի երկրագիտական թանգարան, որը վկայում է այս հնագույն հողի երկրագիտական ժառանգության մասին: Թանգարանով ձեր ճամփորդությունը սկսելիս պատրաստվեք գերվել ցուցադրված գտածոների բացարձակ բազմազանությամբ:

Առաջին հարկում է Սյունիքի 19-20-րդ դարերի պատմությունը, հայ-թաթարական բախումները, առաջին աշխարամարտը, Զանգեզուրի գոյամարտը, անձնական նամակներ և իրեր։ Երկրորդ հարկում ամբոջովին հնագիտություն է։

Ներկայացնում եմ, թե ինչ բաց կթողնեք, եթե լինեք Կապանում, սակայն չայցելեք թանգարան.

Չեք իմանա կնոջ կերպարանքով ծիսական անոթի մասին, որը  թվագրվում է  Ք․ա․ 8-7րդ դարերով։ Թեղուտ-Շինարար թաղամասը կառուցելիս են պատահաբար գտել։ Իրենից ներկայացնում է գնդաձև իրանով կնոջ կերպարանքով անոթ, որը եզակի գտածո է։ Դեմքի հատվածում ակնառու երևում է կնոջ տեսքն ու նուրբ կառուցվածքը։ Գլխի հատվածում կան երկրաչափական պատկերներ և կենաց ծառի պատկերը։

Չեք իմանա ուրարտական ժամանակաշրջանի  ձիու բրոնզե ճակատակալի մասին։ Սա նույնպես բացառիկ գտածո է Սյունիքի և Կապանի պատմության մեջ, քանի որ Կապանում չկար տիպիկ ուրարտական ցուցանմուշ՝ այն էլ սեպագիր արձանագրությամբ: Միակ գտածոն, որը տիպիկ ուրարտական էր, 1954-ին Սիզնակից հայտնաբերված առյուծի բրոնզե արձանիկն էր, որ պահվում է Գորիսում: Ճակատկալի սեպագիր արձանագրությունը հետևյալն է՝ «Արգիշտի ուրիշխի», որը տարբեր կերպ է մեկնաբանվում՝ պահեստ, զինանոց, սեփականություն: Իրը արքայական պատկանելություն է ունեցել:

Չեք իմանա, որ թանգարանում կա եվրոպական բիզոնի կոտոշ։  Այն հայտանբերվել է 1970 թվականին Կապան-Քաջարան ավտոմայրուղու շինարարության ժամանակ, Բաղաբերդից մի փոքր ներքև։ Մի փոքր նմուշ ուղարկվել է Բելառուսիա` նորագույն մեթոդներով գենետիկական ուսումնասիրության (ԴՆԹ) և ռադիոածխածնային թվագրման  (14C)։Ստացված արդյունքները կքննարկվի լեհ և հայ մասնագիտական խմբի կողմից։ Սա կարող է լինել Կապանի տարածաշրջանից երբևէ հայտնաբերված ամենահին գտածոն, մոտ 30-50 հազար տարվա պատմությամբ։ 

Չեք իմանա պերճանքի առարկաների մասին, պետք է նշել, որ Կապանի տարածաշրջանը հարուստ է հանքերով և դեռևս մեզանից երեք հազար տարի առաջ  նախնիները կարողացել են մետաղից ստանալ ինչ-որ առարկաներ։ Օրինակ՝ պերճանքի առարկաներ, զենք, զինամթերք։ Թանգարանում տեղ գտած պերճանքի առարկաները տարբեր ժամանակաշրջանների են, հիմնականում ընդգրում է Ք․ա․12-7-րդ դարեր։ Այստեղ կարող եք տեսնել ինչպես հասուն աղջկա պերճանքի առականեր, այնպես էլ՝ մանկահասակի։ Բոլորը պատրաստված են բրոնզից։ 

Չեք իմանա կաուրի խխունջների մասին, որոնց որպես վճարման միջոց  օգտագործման առաջին վկայությունները թվագրվում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսեր և միայն 20-րդ դարի սկզբին դրանք դուրս են բերվել շրջանառությունից։ Կապանը հանդիսացել է առևտրական մայրուղիներից մեկը։ Դամբարաններից հայտնաբերվել են ծովախխունջներ, կաուրիների այս տեսակը բերված է Հնդկական օվկիանոսից։ Հավանաբար  այնտեղից բերվել է, որպես ապրանքափոխանակման միջոց, իսկ այստեղից տարել են անագ կամ պղինձ։ Նրանք թվագրվում են Ք․ա․10-8- րդ դարեր։

Չեք իմանա, որ այստեղ կան բազմատեսակ ու եզակի ծիսական անոթներ։ Օրինակ՝ նրանք մի քանի տիպի են բաժանվում՝ կենդանակերպ, մարդակերպ, և կոշկակերպ։ Կապանի տարածաշրջանը բարենպաստ կլիմա է ունեցել  և՛ անասնապահության, և՛  վայրի կենդանիների բազմացման համար։ Կենդանակերպ անոթները ձիու կամ եղջերվի տեսքով են եղել, այստեղ կան Ք․ա 5-րդ դարի կենդանակերպ ծիսանոթներ։ Արցախը և Սյունիքը հանդիսացել են որպես ձիաբուծության կենտրոններ և  ամեն տարի շուրջ հիսուն հազար մտրուկ ուղարկել են Պարսկաստան՝ Միհրական տոնին զոհաբերելու համար։ Անոթների մյուս տեսակը կոշկաձևն է, կարող եք տեսնել և երկճիտք և միաճիտք անոթներ, երկուսն էլ հայտնաբերվել են Տանձավեր գյուղից։ Թվագրվում են Ք․ա 12-11-րդ դարով։ Երկու վարկած կա։ Առաջինը՝ անոթները հանդիսացել են ճանապարհ դեպի անդրաշխարհ, երկրորդ՝ պարզապես առօրյա կենցաղում օգտագործելու համար են եղել։ 

Չեք իմանա Կապանի ամենահին լուսանկարի մասին, որն արվել է 1909 թվականին, լուսանկարում նաև երևում է Խուստուփ լեռը։

Չեք իմանա, որ թանգարանում կան վիշապաձև գորգեր, հայտնի են նաև նրանց գործողների անունները։

Չեք իմանա, որ թանգարանն ունի հետաքրքիր փորձառություններ։ Դուք նույնպես կարող եք  թանգարանի արհեստական պեղավայրում մասնակցել սիրողական պեղումների, ինչպես նաև սեփական ձեռքով դաշույն պատրաստել։

Դեռ մտածո՞ւմ եք․․․

Թանգարանի հասցե՝ Մուշեղ Հարությունյան փող., 3/7 շենք

Instagram
Հետևեք ինձ