Ըստ ընդունված վարկածի՝ Կոտայք անվանումը կապված է Մեծ Հայքի Արշակունի թագավոր Խոսրով Կոտակի անվան հետ։ Սակայն որոշակի այլ աղբյուրներ էլ իրենց հերթին վկայում են, որ Կոտայք երկրամասի անվանումը բոլորովին էլ կապված չէ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդի» Խոսրովի հետ և ունի էթնիկական ծագում։
Ենթադրվում է, որ Կոտայք անվանումը կապված է հինաշխարհյան նույնանուն ցեղանվան հետ։ Նույնացվում է ուրարտական սեպագիր արձանագրությունների Էտունի երկրի անվան հետ։ Ղևոնդ Ալիշանը հնարավոր է համարում, որ հույն նշանավոր աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսի հիշատակած Կոտակենե գավառը նույն Կոտայքն է։
Պատմամշակութային տեսանկյունից Կոտայքի մարզն ունի մեծ ներուժ: Մարզում են գտնվում 3208 պատմամշակութային հուշարձաններ։
Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի ամենաշատ այցելվող պատմամշակութային կառույցներից երկուսը՝ Գառնու տաճարը և Գեղարդի վանքը։ Գառնու հեթանոսական տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր տիպի կառույց է։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել հին հայկական դիցարանի արևի աստված Արեգ-Միհրին։ Տաճարը կանգնած է բարձր պատվանդանի վրա, որի գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք։ Ժամանակի ճարտարապետները մեծ ուշադրություն են դարձրել տաճարի հարդարանքին։ Քանդակազարդման արվեստի հիմքում ընկած է միասնական հորինվածքում բազմազան մոտիվների կիրառման սկզբունքը՝ բազմազանությունը միասնության մեջ։