Ասպատակողները յոթ անգամ ավերել են վանքը և նրա կողքի Ամարաս գյուղաքաղաքը։ Ու որպեսզի վանքն այլևս չվերականգնվի, ասպատակողների զորապետը իր զորքը շարքով կանգնեցնում էր մինչև Երասխի ափը և զինվորները վանքի քարերն իրար տալով թափում էին գետը։ Սակայն ոսոխի հեռանալուց մի քանի տարի չանցած Ամարասի վանքը նորից էր վերաշինվում և նրա կամարների տակ վերստին հնչումմ էր հայերեն խոսքը։
Արցախցի արևապաշտ նախնիները համոզված էին, թե արևը տարին մի անգամ մոտենում է Ամարասին և այստեղից Արցախի սարուձորերում այնքան ջերմություն թողնում, որ բավականացնի ամբողջ տարին և սառնամանիք չլինի։
Արեգակի՝ երկրին մերձենալու այդ տեղը արցախցիները կոչել են ամ արև աստ, այսինքն աստ՝ այստեղ, արևը երկրին մոտենում է տարին մի անգամ:
Ամ արև աստ, ամ արև աստ ասելով՝ այս վայրը կոչեցին Ամարևաստ, որ հետո հնչունափոխվեց ու դարձավ Ամարաս։
Բայց ամենածանր պայմաններում անգամ վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն: