
Հայաստանի լեգենդները
Հայաստանն իր տեսակի մեջ եզակի է՝ լեգենդներ, առասպելներ, ավանդազրույցներ, պատմություններ, տեսարաններ, առեղծվածի զգացում: Վստահ կարելի է ասել, որ յուրաքանչյուր երկիր էլ իրեն բնորոշ մի բան ունի, սակայն հայերիս մոտ դրանք ավելի շատ են արտահայտված: Եվ Հայաստանում ճանապարհորդելիս հանդիպում ենք վայրեր, որոնք ունեն գեղեցիկ անուններ և գեղեցիկ պատմություններ: Կներկայացնեմ, վայրերից միայն մի քանիսը, սակայն իմացեք, որ Հայաստանը հարուստ է լեգենդներով և ավանդազրույցներով: Բարի գալուստ Հայաստան՝ անիրական իրականություն:
Ջերմուկի ջրվեժ կամ Ջրահարսի վարսեր
Երբ այստեղ օդի ջերմաստիճանը 30 աստիճանից բարձր է, միևնույն է, ջուրը շատ սառն է: Ջրվեժն ունի 72 մետր բարձրություն, որը թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Այն իրականում մեկ անգամ տեսնել է պետք, որպեսզի սեփական աչքերով հնարավոր լինի գնահատել գեղեցկությունը: Տեղի բնակիչները ջրվեժը համարում են Ջերմուկի հրաշքներից մեկը և նրա մասին էլ դեռ շատ վաղ ժամանակներից էլ լեգենդներ են հյուսվել: Ըստ լեգենդի շատ հնուց ջրվեժի գլխավերևում` ուղղաձիգ ժայռերի վրա, իշխանի ամրոցն էր գտնվում, ով ուներ շատ գեղեցիկ դուստր, ում ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր հատվածներից: Գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի՝ երիտասարդ որդուն: Ամեն օր` կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից աղջիկը ձորն էր նետում մի երկար պարան, որով երիտասարդը խորը կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Մի օր իշխանը աղջկա սենյակում պարան է գտնում և ամեն ինչ հասկանում: Դստերը անիծում է ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես այդ տղային, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Սակայն նրանք միմյանցով այնքան էին տարված, որ չեն լսում իշխանի անեծքը: Գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը, և երբ օգնում է, որպեսզի երիտասարդը բարձրանա այդ վայրկյանից էլ իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որը հետագայում ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:
Օձի պորտ
Լոռու մարզը հարուտ է հետաքրքիր, տեսարժան վայրերով, Օձուն գյուղից ոչ շատ հեռու գտնվում է մարզի հրաշքներից մեկը՝ «Օձի պորտը»: Սակայն պետք է նշեմ, որ այս վայրի մասին շատ քչերը գիտեն: Ասում են «Օձի պորտ»-ից հոսող ջուրը բուժիչ է ու շատ հաճախ քայլարշավի սիրահարները կանգ են առնում այս վայրում ջուր խմելու և հետները վերցնելու: Ըստ լեգենդի գյուղի ձորակի աջ կողմում կար մի դպրոց, որտեղ իր յոթ աշակերտներին կրթում էր մի իմաստուն ծերունի: Ձորակի ձախ կողմում ՝ լեռան լանջին, հայտնվում է սարսափելի վիշապը և նրա արձակած ձայներից ամեն ինչ է պապանձվում: Մի օր գյուղացի մի կին՝ սափորն ուսին, իջնում էր լեռան լանջով, և, տեսնելով հրեշին, իսկույն քարանում է: Ծերունին աշակերտներից մեկին ուղարկում է պարզելու, թե ինչ է պատահել: Աշակերտը չի վերադառնում և այդպես բոլոր յոթ աշակերտներն էլ վիշապի բաժինն են դառնում: Դպրոցից դուրս է գալիս ծերունին՝ փնտրելու իր աշակերտներին: Իմաստունը գավազանով խփում է վիշապի գլխին ու ասում. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից, հիվանդի համար դե՛ղ դառնաս»: Իմաստունի ասածն իսկույն կատարվում է: Ջուր, որտեղից օգտվում են ոչ միայն տեղացիները, այլ նաև օտարազգիները… Ասում են, որ մի ժամանակ սափորն ուսին կին-ժայռը պարզ երևում էր, բայց 1939 թվականին այն քանդվել է, իսկ այդ քարերով անասունների համար գոմեր են կառուցվել:
Սևանա լիճ
Բնության հրաշքներից մեկը՝ Սևանը, աշխարհում քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է: Սևանը նախկինում բազմաթիվ անուններ է ունեցել, և զարմանալի չէ, որ այն իր մեջ ունի մի քանի պատմություն, որոնցից միայն երկուսը կներկայացնեմ: Պատմություններից մեկը վկայում է 1800-ական թվականները, երբ Ալաշկերտից ու Մուշից թուրքերի կողմից քշված հայերը հասել են Սևանա լճի ափերը: Սևանա լճի մոտակայքում հանգստանալու կանգ առած քարավանը աղջիներին ուղարկում է խմելու ջուր բերելու։ Աղջիկները վերադառնում են դույլերի մեջ լողացող իշխաններով։ Նրանք հասկանում են, որ այդ հարստությունից հեռանալ պետք չէ և այստեղ էլ հիմնում են բնակավայրեր։ Քանի որ շատ են նմանեցնում Վանին` անունը կնքում են Վան։ Ձմռանը լիճը ամբողջովին սառչում է, տեղի ցուրտ ու դաժան ձմեռը նրանց հիշեցնում է իրենց երկրի մեղմ ու տաք կլիման և դառնորեն կանչում են «Սև Վան եկավ մեր գլխին»: Մյուս լեգենդը հետևյալն է, Սևանա լճի տեղում ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով և դաշտերով: Գյուղի կողքի, բլրի տակ, եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի ահռելի փակիչը: Մի երեկո գյուղի հարսերից մեկը ջրի է գնում, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ: Երբ այն հասնում է տներին՝ բնակիչները փախչում են, ասելով. «Քար դառնա նա, ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրն, անընդհատ բարձրանալով՝ դառնում է լիճ, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը:
Շաքիի ջրվեժ
Շաքին մի գեղեցկուհի էր, ում մասին բոլորն էին խոսում: Արաբների հարձակումից հետո, սուլթանը հրամայում է Շաքիին բերել իր մոտ: Աղջիկն իմանալով լուրը, իրեն նետում է ժայռից, իսկ նրա հագուստի փեշերը տարածվում են և առաջանում է ջրվեժ, որը հետագայում կոչվում է Շաքիի ջրվեժ: Իսկ մյուս ավանդախոսությունը վկայում է հետևյալը, որ թշնամիները 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում իրենց առաջնորդին: Երբ գերի ընկած աղջիկների խումբը հասնում է նշանակված վայրը, դիմում են իրենց առևանգիչներին. «Մենք ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր առաջնորդին»:
Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել: Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը խոչվում են Շաքեի անունով:
Անահիտի աղբյուր
Այն գտնվում է Արցախում՝ Հացի գյուղամիջում: Հուշարձանի վրա տեղադրված խաչքարերը, զարդանախշեր պարունակող քարերն ուրույն գեղեցկություն են պարգևում վայրին: Պատահական չէ, որ աղբյուրը գյուղացիների համար սրբավայր և ինքնատիպ հավաքատեղի է հանդիսանում: Հենց Հացի գյուղի աղբյուրներից մեկի մոտ ըստ լեգենդի առաջին անգամ իրար հանդիպել են Վաչագան Բարեպաշտ թագավորը և Անահիտ թագուհին: Երիատասարդի ծնողները դեմ էին զույգի միությանը, քանի որ աղջիկը ծագումով հասարակ էր: «Աշխարհիս փառքն ու վայելչությունը աչքիս չեն երևում։ Ուզում եմ հեռանալ աշխարհիցս, գնալ անապատ։ Ասում են Մեսրոպ վարդապետը կրկին եկել է Հացիկ, իր շինած վանքումը միաբանություն է հաստատել, աշակերտներ ժողովել, ուզում եմ ես էլ գնալ այնտեղ։ Մա՛յր, դու չգիտես, թե ինչքա՛ն լավ գյուղ է այդ Հացիկը։ Այնտեղի թե՛ տղերքը, և թե՛ աղջկերքը այնպես սրամիտ, այնպես գեղեցիկ են, որ եթե տեսնես՝ կմնաս հիացած», այսպես է նկարագրում գյուղը ապագա թագավոր Վաչագանը` Անահիտին հանդիպելուց հետո: Նրանց սերն այնքան ուժեղ էր, որ կարողանում են համոզել Վաչագանի ծնողներին: Այսօր էլ սիրահար շատ զույգեր աղբյուրից շարունակում են ջուր խմել, քանի որ ըստ լեգենդի տեղի ջուրը ավելի է ամրապնդում միությունը:
Զիզի քար
Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տըվեք:
Չկա մի հայ, ով չիմանա Ղազարոս Աղայանի այս բանաստեղծությունը, սակայն քչերը գիտեն, որ այդ նույն քարերը իրականություն են և դրանք կարելի է տեսնել:
«Զիզի Քարեր»-ը, որոնց մասին խոսվում է բանաստեղծության մեջ, հին հեթանոսական ժամանակներից պահպանված վայր է: Ըստ էության «Զիզի քարերը» ոչ սովորական քարեր են: Երկու քարերի վրա ջուր էին ցանում, որպեսզի անձրև գա, իսկ անձրևների ժամանակ քարերի վրա կրակ էին վառում, որպեսզի այն դադարի: Այդ վայրը մինչ օրս պահպանվում է և գտնվում է Արցախում: Այդ ծեսը նվիրված էր անձրևաբերությանը և երաշտի դեմ պայքարելուն:
This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.
Leave a Reply