Հովհաննես Թումանյանի տուն թանգարան չայցելել հնարավոր չէ։ Թանգարանում պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ։ Թանգարանը երկհարկանի է, բաղկացած վեց սենյակից, էքսկուրասվարները հաճույքով ձեզ հետ կշրջեն թանգարանում և կպատմեն այնպիսի պատմություններ, որոնց մասին միգուցե առաջին անգամ կլսեք։ Նման պատմություններից էլ սա է։
54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։ Դիահերձումը իրականացվել է Մոսկվայում, որտեղ նրա որդի Արեգը խնդրել է իրեն տրամադրել հոր սիրտը ու տարել այն հայրենի գյուղը։
«Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա։ Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ։ Գողացա։ Գուցե մեղադրում ես։ Ոչինչ։ Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը։ Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»
Թումանյանը թաղվել է Խոջիվանքի գերեզմանոցում։ Տարիներ շարունակ սիրտը պահվել է Թումանյանի առանձնասենյակում։ Մի օր նրանց է այցելել Ավետիք Իսահակյանը, ով համոզում է բարեկամներին սիրտը տեղափոխել Երևանի բժշկական ինստիտուտի Անատոմիկումի թանգարան։ 1994 թվականին սիրտը նորից տեղափոխվում է ու թաղվում հայրենի տան բակում։