Երբևէ ունեցե՞լ եք ագահության զգացում, հետաքրքիր զգացում է, գիտակցում ես, որ վերջին հարյուր մետրն է, ընդամենը հարյուր մետր, որից մի քանի անգամ աննկատ ու անդադար անցել ես, այստեղ հասնելու համար։ Հաղթահարելով մի շարք փորձություններ, ամենակարողն ես զգում, պատրաստ ես «կուլ տալ» քամու հետ եկած բոլոր սառցաբեկորները, բայց՝ առաջ գնալ։ Ու մի պահ, աղմուկը դադարում է, պատկերները սառում են, միայն տեսնում ես, էլ չես լսում․․․շուրթերի շարժումներից հասկանում ես, որ միմյանց հետ գոռալով են խոսում, այլ տարբերակ չկա էլ։ Մեջդ և՛ շատ լիքն է, և՛ դատարկ, ուզում ես գոռալ, -Անարդար է․․․․ Հետո, լռում ես, կոկորդդ սկսում է ցավալ՝ լացը պահելուց։ Հասկանում ես, նույնը չես լինելու երբեք, փոխվում ես ինքդ քո առջև, սկսում ես ագահաբար օդ կլանել, որովհետև հենց «ագահության» դեմ ես պայքարում, կայացրած որոշումով էլ արշավասերից վերածվում ես պատասխանատվություն կրող մարդու, ով իր հետ շատ ավելին է ներքև իջացնում, քան հարյուր մետր վերև բարձրանալը կտար։
Leave a Reply