Գիտեմ, մինչ օրս ինքս էլ զարմացած եմ, թե ինչպես հայտնվեցի Արարատ լեռան գագաթին։
Նման վերելքը ծրագրված չէր, անսպասելի էր, վախեցնող, բայց՝ գայթակղիչ։ Եթե մարդիկ նախապատրաստվում և տրամադրվում են մի քանի ամիս՝ ես թիմին միացա վերջին 10 օրվա ընթացքում։ Հավատում եմ, ազդակ էր, որին պետք չէր անտեսել։ Ու նման արագությամբ էլ միտք ծագեց, աջակից գտնել, որոշեցի դիմել ԱրարատԲանկին։ Մինիմալիստական ոճով մշակված բանկի նոր լոգոտիպը խորհրդանշում է Արարատ լեռը։ Բարձունք, որը պետք է միայն միասին հաղթահարել։ Մտածեցի Արարատի հետ, Արարատի վրա, ինչո՞ւ ոչ, գեղեցիկ է հնչում։ Շատ արագ կապ հաստատեցի և խնդրեցի հանդիպում, չմերժեցին։ Հյուր գնացի կտրված ձայնով (Արագածում գիշերելու հետևանքներն էին)։ Խնդրեցին կիսվեմ պատկերացումով, կտրված ձայնով ու հազի նոպաներով պատմեցի։ Եզակի դեպքերից էր, մենք գաղափարապես նույն ալիքի վրա էինք, ողջ ընթացքում լուռ լսեցին, վերջում զարմացած ու շատ ջերմ հարցրեցին․ -Կկարողանա՞ս բարձրանալ։ Վստահ ասացի -Իհարկե, չէ՞ որ մենակ չեմ․․․ Հիմա եմ հասկանում, պատասխանատվությանս չափը։ Ինձ «հավատացողների» թիվը մի կառույցի չափով ևս մեծացավ, եթե մինչ այդ կասկածներ ունեի, արդյոք կկարողանամ հաղթահարել, ապա այլևս կասկած չկար, ես իրավունք չունեմ «սայթաքելու»։
Leave a Reply