Սարահարթը, որի վրա սփռված է հայկական ամենախոշոր վանական համալիրներից Հաղպատը, եզերված է անտառապատ գագաթներով ու գետակներով հարուստ կիրճերով: Հաղպատի վանքի կառուցումն, իր ճարտարապետական հուշարձաններով, սկսվել և ավարտվել է X -XIII դարերում, գրեթե նույն ժամանակահատվածում (10 տարի ուշ), երբ Սանահինի վանական համալիրն է կառուցվել (վանքերը միմյանցից գտնվում են 13 կմ հեռավորթյան վրա): Այս երկու համալիրները բախտակից են եղել պատմական բազմաթիվ դեպքերի ընթացքում: Միջնադարյան ճարտարապետության այս երկու գոհարները պետք է տեսնել միաժամանակ, որովհետև դրանք լրացնում են մեկը մյուսին և ոչ մի դեպքում չեն կրկնվում։ Հաղպատի կառուցման վերաբերյալ մի հետաքրքիր ավանդապատում կա: Վարպետը գալիս է Սանահին և սկսում աշխատել հարազատ որդու հետ: Աշխատանքի ժամանակ հոր, որդու և մի ենթավարպետի միջև վեճ է ծագում: Որդին գժտվում է՝ թողնելով շինարարությունը, հեռանում է: Մի ուրիշ իշխան հրավիրում է նրան իր համար վանք կառուցելու: Որդին ընդունում է հրավերը: Երբ նոր վանքի պատերը բարձրանում են, Սանահինից նկատում են, որ դիմացը ինչ որ կառույց է բարձրանում: Բանվորներն այդ մասին հայտնում են իրենց վարպետին: Կիրակի օրը, երբ բոլորը հանգստանում էին, վարպետ հայրը գալիս է որդու մոտ, մոտենում կիսակառույց վանքի պատերին և երկար զննում: Վերջապես հայր վարպետը` ոտքը դնելով վանքի պատերից մեկին, ասում է. «Հա՛խ պատ» (այսինքն՝ իսկական ամուր պատ է): Այս ասելով վարպետը փաթաթվում է որդուն, համբուրում է նրան և հայր ու որդի հաշտվում են: Այդ օրվանից վանքի անունը մնում է ՀԱՂՊԱՏ: Մեկ տարի տևած գործընթացից հետո` Հաղպատի վանական համալիրը 1996 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, որը 2000 թ.-ին ընդլայնվեց՝ ներառելով նաև Սանահինի վանքը:
19-րդ դարի հեղինակներից մեկը մի հետաքրքիր տեղեկություն է տալիս Սանահինի հիմնադրման ժամանակաշրջանի վերաբերյալ: Նա գրում է, որ ըստ ավանդության վանքի եկեղեցիներից մեկը հիմնադրվել է 4-րդ դարում, նույնիսկ պահպանվել են այդ կառույցի ավերակները: Սա նշանակում է, որ Սանահինը կարող է ավելի հին լինել և ունենալ ոչ թե 1100 տարվա, այլ 1700 տարվա պատմություն: Թեև սա ոչ մի գիտական հիմնավորում չունի: Վանական համալիրը Սանահին անունը ստացել է Հաղպատի վանքի կառուցումից հետո, երբ Սանահինից նայել են Հաղպատին ու ասել՝ սա նրանից ավելի հին է. Ս Ա Ն Ա Հ Ի Ն:
Leave a Reply