
Քայլարշավ Քասաղ գետի կիրճով․ Սաղմոսավանքից Հովհաննավանք
Ապրելով առօրյա կյանքով, շատ հաճախ բաց ենք թողնում ամենակարևորը՝ բնության հետ հաղորդակցությունը։ Մեզանից շատերը վաղուց մոռացել են, թե այն որքան անսպասելի, գրավիչ, եզակի և գլխապտույտ առաջացնող կարող է լինել։ Միայն մեկ օր, կտրվեք ամենօրյա լարվածություն առաջացնող աշխատանքից և ժամանակ տրամադրեք քայլարշավին, որն իր հետ կբերի ազատություն և անկախություն, ինչի պահանջը գրեթե միշտ ունենք։
Վաղուց էի որոշել, որ հաջորդ ուղղությունը, որը կընտրեմ, ավտոստոպով եմ անցնելու։ Նախ ճանապարհորդությունն է անկանխատեսելի, երկրորդ՝ ճանապարհին հանդիպած մարդիկ են տարբեր։
2 հոգով կանգնած ենք մայրուղու վրա, օտարերկրյա զբոսաշրջիկներին բնորոշ հանդերձանքով։ Ձեռքով նշան արեցինք, ավտոմեքենան կագնեց։ Երբեք հնարավոր չէ իմնալ, թե ով կհանդիպի քեզ ճանապարհին, իսկ ավտոստոպը հաջողակ խաղաքարտի է նման․ կամ կշահես, կամ՝ ոչ։ Հավատացնում եմ ձեզ, օրը բարենպաստ էր ավտոստոպի համար, 3 ավտոմեքենա, 3 տարբեր կերպարներ և պատմություններ, որոնց մասին կպատմեմ առանձին։
Սաղմոսավան գյուղը Երևանից գտնվում է 37 կմ հեռավորության վրա։ Այս անգամ քայլելու էինք գծանշված քայլարշավային ճանապարհով, ուստի սկսեցի խստորեն հետևել ճանապարհիս հանդիպող նշաններին։ Երթուղիներով հագեցած այս ճանապարհը բնավ չի պահանջում առանձնահատուկ ֆիզիկական պատրաստվածություն և ուղեկցորդի առկայություն։
Քայլելու ենք Քասաղ գետի կիրճով, որի մի եզրին Սաղմոսավանքն է, մյուս եզրին՝ Հովհաննավանքը։
Ինչ է պետք իմանալ: Սաղմոսավանքից Հովհաննավանք երթուղին 8 կմ է, ուշադիր եղեք, շոգ եղանակին ձորի կիրճում կարելի է օձերի հանդիպել, անհրաժեշտ է հագնել հարմար կոշիկներ, վերցնել երկար փայտ՝ թփերը հրելու համար, ինչպես նաև արևապաշտպան քսուք, ջուր, նախուտեստ՝ ճանապարհին հիանալի ժամանակ անցկացնելու համար:
Ինքս շարժվեցի առաջ՝ հետևելով վերևում նշված կանոնները, ողջ քայլարշավը տևեց 3 ժամ, կիրճում տեսարանը աննկարագրելի գեղեցիկ էր, բնության շերտեր, որոնք ամեն քայլի հետ նորովի էին ներկայանում։ Իրականում այս քայլարշավային երթուղու միջոցով կարելի է ծանոթանալ Հայաստանի նշանավոր ուսումնագիտական կենտրոնների հետ, որոնք կարևոր դեր են խաղացել հայոց պատմության մեջ։
Ավանդության համաձայն Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում Արագածի գագաթից նկատելով Սաղմոսավանքի վայրը՝ գալիս է այստեղ և եկեղեցի կառուցում: Այնուհետև, նույն տեղում հոգևորականներ հավաքելով, նրանց սաղմոսներ է սովորեցրել: Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է՝ հոգևոր երգը: Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական համալիրը հրաշալի ձայնային հնչեղություն ունի։
Իսկ կիրճի մյուս կողմում գտնվող Հովհաննավանքն էլ Այրարատյան աշխարհի հնագույն մշակութային կենտրոններից էր։ 16 դարի վերջերից Հովհաննավանքի դպրոցում ուսումնասիրել են նաև տոմարական արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն։ Գրչության կենտրոնից մեզ հասած շուրջ 20 ձեռագիր պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Բնություն բառը, որքա՞ն հաճախ ենք լսում և արտասանում, շատ հաճախ չենք էլ մտածում, թե ինչ է այն նշանակում: Կիրճում քայլելու ընթացքում կարելի է ըմբռնել, թե որքան ազդեցիկ և հզոր է այն, միայն պետք է աչքերը հառել դեպի վեր խոյացող ժայռերին։
Քայլարշավի երթուղին անցնում է Սաղմոսավանքի և Հովհաննավանքի միջև առեղծվածային, լքված քարանձավային համալիրի կողքով։ Ասում են 1255 թվականին Քուրդ Վաչուտյան իշխանը կառուցել է գրատուն-եկեղեցի: Այն իր հորինվածքով պատկանում է յուրօրինակ հայկական կառույցների թվին: Գրատունը Քուրդ իշխանը կառուցել է կնոջ՝ Խորիշահի մասնակցությամբ՝ իրենց վաղամեռիկ դստեր՝ Մամախաթունի հիշատակին:
Նրա արևելյան մասում գտնվում է խորանը, իսկ հարավ-արևելյան անկյունում` երկհարկանի ավանդատունը, ինչը բացառիկ երևույթ է նման նշանակության կառույցներում: Գրատնից երկու մուտք է բացվում դեպի գավիթ և 1235 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցի: Ընդ որում, այդ եկեղեցի կարելի է մտնել միայն գրատնից: 13-րդ դարում այս գրատանը 120 ձեռագիր մատյան է պահվել:
Շարունակում եմ ճանապարհիս որսալ գծանշանները, հանդիպած վահանակը հուշում է, որ քայլարշավի ավարտին բան չմնաց։
Երթուղի՝ Սաղմոսավանք-Քասաղ գետի կիրճ- Հովհաննավանք
Երկարություն՝ 8 կմ․
Տևողություն՝ 3 ժամ
Դժվարություն՝ ⅕
This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.
Leave a Reply