ՇիրակԱրփի լիճ․ Բնության արտասովոր անկյուն

Արփի լիճ․ Բնության արտասովոր անկյուն

Արփի լիճ հասնելու համար  մենք անցանք չորացած, անկենդան տարածքով։  Փոշոտ ճանապարհը, որով մենք սլանում էինք թվում էր անվերջ, միգուցե ավտոմեքենայի փչացած մագնիտաֆոնն էր պատճառը։  Գյումրիից մինչև ազգային պարկ երկու երգ հաջողվեց ունկնդրել, իսկ փոսի մեջ ընկնելիս էլ նույն երգը սկզբից էր միանում։ 

 

«Արփի լիճ» ազգային պարկը գտնվում էր  Շիրակի մարզում Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Հայաստանն ու Վրաստանը  կապող սահմանագծում։ Չնախատեսված էր այս ճանապարհորդությունը։  Ցերեկ էր, տպավորիչ ոչինչ չկար,  մտածում էի, թե ինչի՞ համար այսքան ճանապարհն անցա։ 

 

Տեղաբնակներն ասացին․ «Եթե ցանկանում ես լճի ողջ գեղեցկությունը տեսնել, ապա  պետք է սպասել երեկոյին»։ Այլևս ոչինչ չէր մնում անել, բացի սպասելուց։

 

Ժամանակը դանդաղ էր անցնում, հեռվում, լճի վրա թռչող սև կետ տեսա, ուշադրությունս  գրավեց։ -Սև արագի՞լ։ Տեղաբնակը ժպտաց և ավելացրեց- Արագիլի այս տեսակը շատ հազվադեպ է հանդիպում, դրա համար  լավ նայիր։

 

Արդեն հետաքրքիր էր։ Ինձ պատմեցին, որ  այստեղ կարող եմ տեսնել 670 տեսակների բարձրակարգ բույսեր, որոնցից 20-ը  ներառված են Հայաստանի Կարմիր գրքում։ Իսկ թռչնատեսակները 190-նն են, որոնցից 45-ն է ընդգրկված Հայաստանի Կամիր գրքում, ի դեպ լճի տարածքը  Birdlife Internatioanl միջազգային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես թռչունների կարևորագույն տարածք։ Ազգային պարկի տարածքում արբեմն հանդիպում  են նաև այծյամը և գորշ արջը։

 

Նոր հասկացա, թե ինչ նկատի ունեին «սպասիր» ասելով։ Անհնար էր անտարբեր անցնել այդպիսի գեղեցկության կողքով։ Երեկո էր։ Կյանքում առաջին անգամ ափսոսացի վայրկյաններ կորցնել լուսանկարելու վրա, տեսածս յուրաքանչյուր  ակնթարթ ցանկանում էի մտապահել մտքումս, և միակ պատճառը դա էր, չլուսանկարեցի մայրամուտը։

 

Հետո, երբ ինձ  խնդրեցին հիշել այդ օրվա ամենատպավորիչ, ազդեցիկ պահը, աչքիս առաջ հայտնվեց անհավանական տեսարանը․ ամպերը երկնքի փեշից կախված դանդաղ սահում էին, նրանց ոչինչ չէր անհանգստացնում, կարծես շտապելու տեղ էլ չունեին։

 

Հորիզոնում նշմարվեց  հրե գունդ։ Բնությունը կրկին կյանքի կոչվեց: Մեղմ քամի էր, թռչունների խոսակցությունը լսելի էր։ Հայաստանի արտասովոր այս անկյունը դյութել էր ինձ։ Հասկացա, որ մի քանի ժամը բավարար չէր բացահայտելու ազգային պարկի ողջ գեղեցկությունը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ