Մի ուրիշ պատմիչ՝ Փավստոս Բուզանդը, ավելի մանրամասն է նկարագրել այդ նշանավոր արհեստական անտառի ընդարձակությունն ու դիրքը։
Խոսրովի անտառի տնկումը արքան հանձնարարել էր Վաչե զորավարին։ Սա նշանակում է, որ Հին Հայաստանում որսատեղի պատրաստելը ռազմական նշանակություն է ունեցել։ Որսն էլ, ի վերջո, յուրովի զինավարժություն է։
Երկու անտառներում էլ ամենից շատ տնկվել են կաղնի ու սոճի։ Բայց թագավորը չի բավարարվել միայն ծառեր տնկելով։ Նրա հրամանով ամեն տեսակ կենդանիներ են հավաքել ու լցրել այդ անտառները, որով դրանք դարձել են արքայի ու արքունականների որսազվարճության և զինավարժության վայրեր։ Ժամանակի ընթացքում այդ երկու անտառները, որ հնում ավելի մեծ տարածություն էին զբաղեցնում, միացան։ Եվ այն կոչվեց Խոսրովի անտառ։ Սովետական իշխանությունը պաշտպանության տակ առավ այս բնական թանգարանը և 1958 թվականին հիմնադրեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցը։ Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայք Այրարատ նահանգում: