Բացահայտենք«Սիսիան կերամիքս»․անցյալի և ներկայի կավոտ խաչմերուկում

«Սիսիան կերամիքս»․անցյալի և ներկայի կավոտ խաչմերուկում

Հայաստանի մի շարք տարածքների պեղումների  ընթացքում գտնված  կահկարասին և նրանց վրայի զարդանախշերը արտացոլում են  հին Հայաստանի  հարուստ անցյալն ու ապրելակերպը։

Կժեր, բաժակներ, բազմատեսակ պնակներ՝ խեցեգործությունը հայ մարդու կենցաղում ունեցել է յուրահատուկ տեղ, իսկ այսօր այն կազմում է հայկական մշակույթի մի մաս։

 

Խեցեղենը շարունակում է լայնորեն կիրառվել հայկական կենցաղում նաև այսօր, ինչի մասին ձեզ հավուր պատշաճին  կպատմի Սիսիանում գտնվող արվեստանոցը։

 

«Սիսիան կերամիքս»-ն ուսումնասիրում է հայկական խեցեգործության պատմությունը, հնագույն տեխնոլոգիաները և փոխանցում երիտասարդների։ Նրանց աշխատանքները ոգեշնչված են Ուղտասարի  հնագույն ժայռապատկերներով,  որոնք բազմաբովանդակ են։ Դրանցում տեղ են գտել որսորդության,  մարդուն շրջապատող բնաշխարհի, հմայական արարողությունների և  մի շարք այլ  երևույթների  տեսարաններ։

 

Հյուսիսային սարերից բերված տեղական կավի միջոցով պատրաստվում են  հայկական ավանդական կուժեր, սափորներ և կենցաղային իրեր։

Մայրաքաղաքից 150 կմ․ հեռավորության վրա գտնվող արվեստանողը անցյալի և ներկայի խաչմերուկ է։ Այստեղ սեփական ձեռքերով հին զարդանախշերով կարող եք պատրաստել ձեր նախընտրած իրը, իսկ եթե հոգեհարազատ է կտորով աշխատանքը, ապա փորձեք  բատիկի եղանակով  շարֆերի գործը։  Խեցեգործությունը մեծ համբերություն է պահանջում,  եթե ոչ, ապա չեք հաջողի։ Ստանալով մի քանի ուղղորդող խորհուրդներ,  գոգնոցը կապեցի, թևքերս ծալեցի  և անցա գործի։

 

Մինչ կպատրաստեի ափսեն, խնդրեցի Վահագնին պատմի հայկական աղամանի պատմությունը։ Աղը Անահիտ դիցուհուց անբաժանելի էր. այդ երկուսը միասնաբար հովանավորում էին մորն ու մանկանը: Դա արտահայտվում էր նրանով, որ աղը պահվում էր Անահիտ դիցուհուն պատկերող կավե աղամանների մեջ: Ամենայն հավանականությամբ, հին  հայերը աղը համարել են Անահիտի պարգև։ Սրանով է  բացատրվում  նորածնի վրա աղ ցանելու ավանդույթը։

 

Մեկ այլ պատմությունն էլ կա կնոջ  կերպարով աղամանի մասին։ Վաղ ժամանակներում  աղը ոսկուց թանկ էր։ Հանքերից  հանում էին աղը, բեռնում  էշերին  և ուղտերին, և այդ աղը վաճառելով շարժվում Մետաքսե ճանապարհով։ Աղը, որպես թանկարժեք ապրանք, մեծ պահանջարկ էր վայելում,  և ամեն տուն պարտադիր կտորով քարաղ էր գնում։ Կանայք  հացի համար նախատեսված աղը ծեծելով մանրացնում էին և գոգնոցի փեշն առած տանում հացատուն։ Աղի մասին ուսանելի պատմության ընթացքում  ես հասցրեցի ավարտել  իմ ափսեի պատրաստումը։ Եթե խեցեգործությունը  դժվարությամբ  տրվեց, ապա բատիկե շարֆը միանգամից ստացվեց։

 

Հետաքրքիր զգացողություն էր, կարծես ինքս անցյալի և ներկայի խաչմերուկում լինեի։ Վարպետաց դասից հետո հայկական կավեգործության պատմությունը շարունակվեց թեյի սեղանի շուրջ։ Ի դեպ, սեղանին դրված սպասքը նույնպես պատրաստված էր նույն արվեստանոցում։

 

Քանի որ իմ պատրաստած  կավե պնակը պետք է  թրծվեր 48 ժամ և ավել, ես նախընտրեցի վերցնել արդեն պատրաստ բատիկե շարֆս։

Հիմա վստահ կարող եմ ասել, որ խեցեգործության ավանդույթը հասել է մեր օրերը ոչ պատահական։ Այս գեղեցիկ արվեստի արմատները գալիս են դեռևս վաղնջական ժամանակներից։ Ասել է թե Անահիտ աստվածուհու սպասքապահարանից։

Ճանաչողական այցը կազմակերպվել էր «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվումէ ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ