Խորհրդային տարիներին մանկական լեռնային տուրիզմը բավականին լիարժեք սպորտ էր։ Գործում էին մանկական զբոսաշրջային ակումբներ, ամեն ամառ հատուկ պատրաստված հրահանգիչներով երեխաները մեկնում էին արշավի։
Այժմ մանկական լեռնային զբոսաշրջությունը հիմնված է հիմնականում արշավային ակումբների և ծնողների ոգևորության վրա։ Նման մի հիանալի գաղափար էլ իրականություն դարձավ 2020 թվականին։ Երբ «ԱՐԻ» արշավային ակումբի արշավներից մեկին միացել էին երկու մայր իրենց երեխաների հետ։
Աստղիկը չէր էլ կարող երևակայել, որ «ԱՐԻ խոխա» նախագիծը մեծ և պահանջված կդառնա։ Առաջին արշավին երեխաները Պարզ լճից դեպի Գոշավանք են քայլել, ճանապարհին այցելելով «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»։ Այս տարիների ընթացքում ակումբը հասցրել է իրականացնել 88 արշավ 6-ից 14 տարեկանների համար, շուրջ 30-ը՝ 3-6 տարեկանների համար։ Ավելի քան 120 արշավ 2000-ից ավել երեխաների համար։
-Ցանկանում եմ երեխաներին փոխանցել աշխարհը ճանաչելու միանգամայն զարմանալի ձև՝ դժվարությունները հաղթահարելու միջոցով՝ ուսապարկն էլ ուսերին,- պատմում է «ԱՐԻ» արշավային ակումբի հիմնադիր Աստղիկ Հարությունյանը:
Leave a Reply