Արցախի, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում եմ, որտեղից էլ սկսվում է ճանապարհորդություն դեպի Կաչաղակաբերդ: Ի դեպ, լեռան գագաթը, որի վրա կանգնեցված է բերդը, ճանաչելի է տասնյակ կիլոմետրերից: Տեղի բնության մասին միայն ասել գեղեցիկ, կնշանակի ոչինչ չասել: Բարձր անտառապատ բլրի վրա անհնար է չնկատել կտրուկ վեր խոյացող մի լեռան գագաթ: Փարթամ բնությունը ձեզ կտեղափոխի հրաշագործների աշխարհ, կսկսեք մտածել, անտառում բնակվող բարի օդային ոգիների գոյության մասին: Դուք բացում եք դուռը, անցնում շեմը և հայտնվում հիանալի կախարդական աշխարհում, վայր որտեղ կենդանի բույսեր են, թռչուններ, իսկ յուրաքանչյուր անկյուն կարող է մի ակնթարթում վերածվել հեքիաթի: